Պուտինի առեղծվածը

Լրատվության ոլորտում ամենահետաքրքիր թեման շարունակում է մնալ ռուս-թուրքական հարաբերությունները: Պատճառները պարզից էլ պարզ են: Միմյանց հետ հակամարտության մեջ են մեր «ոխերիմ» դաշնակիցն ու ոխերիմ հակառակորդը: Նրանց հակամարտությունը տևական ժամանակ որոշիչ դեր է խաղալու մեր տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների վրա:

Վերջին տարիներին Ռուսաստանի հանդեպ «պատմական» ջերմ վերաբերմունքը նաև տնտեսական հենք է ստացել: Ամեն տարի մենք ՌԴ-ից ենք ստանում տրանսֆերտների առյուծի բաժինը: ՌԴ-ն է մեր արտագնա աշխատուժի հիմնական շուկան: 2014թ. պաշտոնական տվյալներով` Հայաստանը 1 մլրդ 484 մլն դոլար տրանսֆերտ է ստացել: Այդ գումարից 1 մլրդ 241 մլն դոլարը (մոտ 84 տոկոսը) փոխանցվել է Ռուսաստանից: 2015-ին միջազգային պատժամիջոցների պատճառով անկում ապրող ՌԴ տնտեսության պատճառով նվազել են նաև փոխանցումները Հայաստան:

Այս տարվա առաջին 10 ամիսներին Ռուսաստանի բաժինը մեր տրանսֆերտների մեջ նվազել է՝ դառնալով 74 տոկոս: Փորձագետները չեն բացառում, որ այս տարի փոխանցումները կնվազեն 300-500 մլն դոլարի չափով, և այդ նվազումը կլինի հիմնականում ՌԴ տրանսֆերտների հաշվին: Սակայն անգամ այս պարագային ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումները մնում են մեր լրատվության հիմնական թեման: Սեփական վերլուծություններից զատ, մեր մամուլն անմիջապես թարգմանում ու վերատպում է հարևան երկրների` դիմակայությանն առնչվող ցանկացած լուր ու կարծիք: Բնականաբար, ամենամեծ ոգևորությամբ տարածվում են այն լուրերը, որտեղ խոսքը գնում է Թուրքիայի առաջ ծագող խնդիրների մասին:

Սա, հավանաբար, բնական է: Նույնքան բնական է, հավանաբար, այն, որ հանրահայտ թուրքական դիվանագիտությունը կամաց-կամաց տեղի է տալիս ռուսականի դիմաց: Իսկ դա հետաքրքրության նոր լիցք է տալիս: Ռուսական ինքնաթիռի կործանումից հետո Պուտինը հնարավոր բոլոր առիթներով ընդգծում է իր կոշտ դիրքորոշումը: Ռուսներին հաջողվեց ինքնաթիռի խոցումից անմիջապես հետո դեպքի վայրից դուրս քշել իր օդաչուին սպանած զինված ջոկատներին: Նրանք ի վերջո գտան և Ռուսաստան տեղափոխեցին ռմբակոծիչի ինքնագիր սարքը` «Սև արկղ» կոչվածը:

Այս մասին ՌԴ նախագահին զեկուցեց ՊՆ նախարար Շոյգուն: Զեկույցի մասին ՌԴ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության մասին տեքստում ասվում է` Պուտինը պնդել է, որ ինքնագրի վերծանումը չի փոխելու իր երկրի կոշտ դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ: Անկախ այն փաստից, թե ինչ կպարզի ինքնագրի տվյալների վերծանումը: Որովհետև «Ոչ ոք չէր սպասում թիկունքից հասցված դավաճանական հարվածին»: Թուրքական դիվանագիտությունը, երբեմն` կոշտ, երբեմն` փափուկ, երբեմն` արևելյան նուրբ ու «քաղցր-մեղցր» բառապաշարով` փորձում է մեղմել հակասությունը:

Ամենահետաքրքիր իրավիճակը` թերևս, այն պահն էր, երբ Թուրքիայի արտգործնախարարի բազում խնդրանքներից հետո ՌԴ արտգործնախարարը հանդիպեց նրա հետ: Հանդիպումից հետո թուրք դիվանագետն ասաց, որ իր գործընկերոջն է փոխանցել «ափսոսանքի խոսքեր» և՛ իր անունից, և՛ Թուրքիայի նախագահի ու վարչապետի: Ավելին՝ նա պնդեց, որ «ափսոսանքի» խոսքեր միջադեպից հետո բազմիցս հնչել են իր երկրի առաջին դեմքերի ելույթներում: ՌԴ արտգործնախարարի պատասխանը հակիրճ էր` ո՛չ իրենց հանդիպման ընթացքում, ո՛չ էլ դրանից առաջ իրենք նման խոսքեր չեն լսել:

Հակամարտության՝ օր օրի խորացող իրավիճակում Թուրքիան հնարավորինս փորձում է ստանալ իր գործընկերների՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների աջակցությունը: Թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ անդամ երկրների ղեկավարությունը մշտապես փորձում է պաշտպանել Թուրքիային: Բայց հնարավորինս մեղմ, ինչից ենթադրվում էր, որ Սիրիական հակամարտության քողի տակ ռուսական ինքնաթիռի խոցումը գործընկերների հետ համաձայնեցված քայլ չէր: Համենայն դեպս, նման տպավորության են փորձում հասնել Թուրքիայի ռազմական գործընկերները: Ռուս-թուրքական հարաբերություններում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարության քայլերն ինքնին հետաքրքիր էին:

Բայց դրանք ասօր հետաքրքիր են միայն դիվանագիտության ոլորտի մասնագետներին: Որովհետև ռուսական դիվանագիտությունը հախուռն քայլերի չգնաց: Բոլորի համար անսպասելի` չգնաց: Պուտինին հաջողվեց, ռուսական բառուբանով ասած` ի ցույց դնել, թե «ով է առաջին տղեն գյուղում»: Երկու օր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը որոշում ընդունեց՝ մասնակցել Իսլամական պետության դեմ պայքարին: Հավանաբար այդ առիթով եղավ Մեծ Բրիտանիայի վարչապետի հեռախոսային բանակցությունը ՌԴ նախագահի հետ: Տարածված տեղեկատվության համաձայն, Դևիդ Քեմերոնը Ռուսաստանին ցավակցություն է հայտնել ռմբակոծիչի խոցման կապակցությամբ: ՆԱՏՕ-ի անդամ երկրի վարչապետը ցավակցություն է հայտնում իր գործընկերոջ արարքի համար: (Մինչդեռ գործընկերը շարունակում է պնդել իր ճշմարտացիությունը):

Պուտինը սրանով չի բավարարվել. նա Քեմերոնին առաջարկել է մասնագետներ ուղարկել խոցված ռմբակոծչի ինքնագիր սարքի համատեղ վերծանման համար: Առաջարկը, հավանաբար, անակնկալ է եղել Քեմերոնի համար` նրա պատասխանի մասին առայժմ հայտնի չէ: Ընդունված ձևակերպմամբ ասած` ՌԴ նախագահին հաջողվեց գնդակը տեղափոխել ՆԱՏՕ-ի դաշտ: Համատեղ վերծանման առաջարկը չընդունվելու դեպքում` ՌԴ դիվանագիտությունն առիթը բաց չի թողնի բոլորին բացատրելու համար, որ իրենց գործողությունները հնարավորինս թափանցիկ են, և, որ իրենք մշտապես համագործակցության առաջարկներ են անում:

Չմերժելու դեպքում` հնարավոր է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի փորձագետները ստիպված լինեն ընդունելու, որ ռուսական ռմբակոծիչը խոցվել է սիրիական տարածքում: (Ռուսաստանը հենց սկզբից պնդում է այս վարկածը): Տարօրինակ է ու անսպասելի, որ ռուսական դիվանագիտությունը հաջողում է գործել մեթոդիկ ու, որ ամենակարևորն է՝ առայժմ հաջողում է ճնշել թուրքական դիվանագիտությանը: Պատմական հայտնի փաստ է` Ռուսաստանը հարևաններից ամենաշատը հենց Թուրքիայի դեմ է պատերազմ մղել: Բայց նույնքան հայտնի փաստ է, որ Թուրքիան դիվանագիտության շնորհիվ գրեթե միշտ հաղթած է դուրս եկել անգամ պարտված պատերազմներից: Պուտինը մեր օրերի, թերևս, ամենախարիզմատիկ լիդերն է: Ռուսամետներն ամենուրեք ոգևորված են: Մեր տարածաշրջանը կրկին գերտերությունների շահերի թիրախում է: Բայց այդ շահերի բախումը հանգեցնում է օր օրի ահագնացող պատերազմի:

Տեսանյութեր

Լրահոս