«Կրթության համակարգն ունի ոչ այնքան՝ բարեգործության, որքան՝ երկարաժամկետ ու գիտակցված ներդրումների կարիք». Արմեն Աշոտյան
«Կրթության զարգացման պետական առաջին ծրագիրն ընդունվել էր 2001թ., աշխատեց մինչև 2005թ., իսկ երկրորդ ծրագիրն ընդունվեց դրանից 5 տարի անց միայն, այսինքն՝ 2005-2010թ. չենք ունեցել Կրթության զարգացման պետական ծրագիր: Ընթացիկ ծրագիրն ընդունվեց 2011-2015թթ. համար, այն ավարտին է մոտենում, ու կարիքը կա՝ ունենալ զարգացման հերթական ծրագիր: Հերթական ծրագիրը բանաձևեցինք տասնամյա, որովհետև կրթության ոլորտում 5 տարին էլ է քիչ, որպեսզի հասնենք մեր ուրվագծած նպատակներին»,- այսօր «ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական ծրագրի» քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նոր ծրագիրն իր մեջ ընդգրկում է երկու կարևոր բան. «Այն հավակնոտ է, որովհետև մենք չենք ուզում ամրագրել այն, ինչ ունենք, մենք ավելի լավն ենք ուզում, և այն իրատեսական է, այսինքն՝ այնքանն ենք ուզում, ինչին կարող ենք հասնել, եթե լարենք մեր կազմակերպական, մասնագիտական, ֆինանսական ներուժը»:
Ըստ նախարարի՝ ծրագիրն իր մեջ պարփակում է մինչ այդ ընդունված ռազմավարական փաստաթղթերը, այն համադրելի է եվրոպական միջազգային կրթական գերակայությունների հետ, բայց նրա կարծիքով՝ մասնագիտական ու հանրային քննարկումներ պետք է արվեն մինչև ծրագրի վերջնական տարբերակն ԱԺ ներկայացնելը. «Նախագիծն իր վերջնական տեսքը կստանա միայն ԱԺ-ում, բայց հաշվելի ցուցանիշներն ու ընթացիկ տարվա ամփոփումը դեռ ներառված չեն նախագծում: Մինչև 2016թ. մայիս ամիսը երևի կունենաք ամբողջական ծրագիրը, որովհետև աշխատանքը ոչ միայն ծավալուն է, այլ նաև պետք է համադրվի ԱԺ օրակարգի հետ»:
168.am-ի հարցին, թե ծրագրի ֆինանսավորումը միայն պետբյուջեի՞ց է արվելու, նախարարը պատասխանեց. «Մեր այսօրվա կրթական համակարգի կարևորագույն պրոբլեմներից, մեր աճը զսպող գործոններից մեկը հենց դա է, որ կրթությունը ճնշող մեծամասնությամբ ֆինանսավորվում է միայն պետության կողմից: Երբ ասում եմ՝ միայն պետության կողմից, ուզում եմ ընդգծել, որ, ի տարբերություն շատ ու շատ եվրոպական երկրների՝ մենք մասնավոր հատվածից կրթության բնագավառում ներդրումներ շատ քիչ ունենք: Մենք ունենք պետական գումար, որն ապահովում է կայունություն ու որոշակի զարգացման ծրագրեր, ունենք ծնողական համաֆինանսավորում՝ ուսման վարձի տեսքով, ունենք միջազգային փող, բայց ամենակարևոր բլոկը՝ մասնավոր ներդրումը, որը նաև հանրային ընկալումն է բացահայտում, չունենք: Խոսքը բարեգործության մասին չէ, որովհետև կրթության համակարգն ունի ոչ այնքան՝ բարեգործության, որքան՝ երկարաժամկետ ու գիտակցված ներդրումների կարիք: Այս ծրագրի ռազմավարությունը նախատեսում է նաև պայմանների ընդլայնում մասնավոր հատվածի հետ համագործակցության համար, իհարկե, ոչ այնքան դպրոցական բաղադրիչում, որքան մասնագիտական և բարձրագույն կրթության բնագավառներում»: