«Ես պատրաստ եմ քաղաքացիական անհնազանդության». Րաֆֆի Հովհաննիսյան
«Եթե դեկտեմբերի 1-ին ժողովուրդը կորոշի մնալ Ազատության հրապարակում, ես ևս կմնամ, կլինեմ մեջտեղում` ոչ առաջինը, ոչ վերջինը »,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հարցին, թե ի՞նչն է ժողովրդին դեկտեմբերի 1-ին բերելու Ազատության հրապարակ, երբ ժողովրդի շրջանում հիասթափություն կա ընդդիմադիր շարժումների նկատմամբ, ասաց, որ նախ չի կարող կանխատեսել և ասել, թե ինչ մասնակցություն կլինի հանրահավաքին: «Ամեն ինչ կախված չէ «Նոր Հայաստան» ճակատի քաղաքական խորհրդից և գործընկեր կուսակցություններից: Մեզ անհրաժեշտ է միասնական պայքար և ժողովուրդն ինքը պետք է որոշի և դուրս գա, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ, երեսուն օրվա ընթացքում դուրս գա իր ճակատագրապաշտությունից և մասնակից դառնա կամ էլ պետք է տանը նստի, չեմ էլ մեղադրում, և անիծի խավարը: Ես կարծում եմ, որ մենք պետք է դուրս գանք և ներկայացնենք մեր պահանջները հերթական անգամ: Եթե հիշենք նախագահական ընտրությունների իմ ընտրապայքարը, առաջին քսանհինգ օրը այդ երեսուն օրերից սակավամարդ էր և լրագրողները ասում էին` հինգ հոգով, տասնհինգ , քսան հոգով ի՞նչ պետք է անեք, բայց վերջին օրը առանց մեծ ռեսուրսների ժողովուրդը տեսավ, մենք պարզապես կազմակերպական առումով պատրաստ չէինք հաղթանակի: Իսկ հիմա, կարծում եմ, մենք առավել պատրաստ ենք, այդ 50-ը կարող է դառնալ 500, նույն Գյումրիում, Վանաձորում, ապա և մայրաքաղաք Երևանում: Մենք կունենանք բոլոր` թե քանակական, թե որակական հանգամանքների համար, դիպաշարեր, սցենարներ և ամեն ինչ կանենք խորհրդակցաբար թե մեր ներսում և թե ժողովրդի հետ և մենք պատրաստ ենք ոչ միայն ընդարձակել Նոր Հայաստանի տարապատկերը, այլև անմիջական հաղորդակցական կապի մեջ ենք մեր գործընկերների հետ քաղաքացիական և քաղաքական այլ հոսանքների հետ հասկանալով,որ որևէ մեկը միայնակ դա չի կարող անել»,- մեկնաբանեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով արվելիք գործողություններին և հարցին, թե ինչ է արվելու, որը կտարբերվինախորդ շարժումներից` ասաց, որ ակնհայտ է` ստեղծագործ նորարարություն է պետք: Բայց, ըստ նրա, ժողովուրդը պետք է տեսնի, որ ինքը կապ ունի շարժման հետ և իրավատեր է, այսինքն` իրեն է պատկանում շարժումը: Նա փոխանցեց, որ «Նոր Հայաստան» ճակատի քաղաքական խորհուրդը տևական խորհրդակցությունների մեջ է ինքն իր մեջ և նաև գործընկերների հետ ճշտելու համար տարբեր դիպաշարերի համար մարտավարությունը և ավելի գլոբալ ռազմավարությունը: « Կա գիտակցում, որ պետք է նորություն և ոչ այնպիսի արհեստական նորություն, որն էապես տարբերվի նախորդներից, մենք ընդունում ենք ժառանգականությունը, մենք ընդունում ենք, որ մարդիկ կան մեզնից առաջ, որ պայքարել են Հայաստանի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության և ազգային շահի և դա ամենևին մեր մենաշնորհը չէ»,- ասաց Հովհաննիսյանը, շարունակելով, որ պետք է հանդարտ ժողովրդավարական առաջարկ անեն ժողովրդին և տանեն այդ պայքարը:
«Պայքարի ունակությունն ու կրակը պետք է գտնենք, որովհետև ավելի հեշտ է պահանջել կարճաժամկետ լուծում, «գրավեք այս շենքը», ինչպես ինձ էին ասում, գրավեք, ժողովուրդն ուրախանա: Տևական պայքար, եթե ժողովուրդը պատրաստ է տևական պայքարի, ուրեմն մենք կհասնենք հաղթանակի: Մենք պատրաստ ենք դրան, իսկ եթե ոչ, ոչ մի քաղաքական ուժ առանձին վերցրած դա չի անի»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Հարցին, թե պատրա՞ստ եք արդյոք քաղաքացիական անհնազանդության, նա պատասխանեց, եթե որոշում լինի մնալ Ազատության հրապարակում, ոչ առաջինը կլինի, ոչ վերջինը, մեջտեղում կլինի և կմնա, եթե դա է որոշումը և ժողովրդի հավանության արժանաված վճիռը առաջին մի քանի օրվա համար: «Ես համարում եմ, որ այս հանցագործ իշխանությունն ինքն է անհնազանդ մեր Սահմանադրության և մեր իրավունքների դեմ: Կարծում եմ, որ ցանկացած օրինավոր և խաղաղ քայլ սահմանադրական իշխանությունը իրացնելու համար մեր օրենքի իրավունքի նկատմամբ անհնազանդության քայլ է, բայց եթե ընդունենք ստանդարտ քաղաքական եզրերը՝ ես պատրաստ եմ»,- ասաց քաղաքական գործիչը: