ԵՄ-ն ճկունացնում է Արևելյան հարևանության քաղաքականությունը
Եվրոպական միությունը փորձում է վերանայել «Արևելյան գործընկերություն» ծրագիրը`
հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները` ուկրաինական պատերազմ, ՀՀ ԵՏՄ անդամակցություն, իսլամական ահաբեկչության աճ,
ներգաղթյալների ճգնաժամ։
Օրերս ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ընդլայնման ու հարևանության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հահնը ներկայացրեցին Հարևանության վերանայված քաղաքականության ուղղությունները։ Եվրոպական հարևանության քաղաքականության նոր մոտեցումը ԵՄ անդամ երկրների, միջազգային կազմակերպությունների, սոցիալական գործընկերների և քաղաքացիական հասարակության շրջանում լայն խորհրդակցությունների արդյունք է։
«Այն ժամանակ, երբ մենք բախվում ենք մի շարք խնդիրների մեր սահմանների շրջանակում և դրանից դուրս, ԵՄ-ի համար ամուր գործընկերությունն իր գործընկերների հետ առանցքային հարց է մնում։ Փարիզյան ահաբեկչական գործողությունները, ինչպես նաև` վերջին հարձակումները Լիբիայում, Եգիպտոսում և Իրաքում, փաստում են այն մասին, որ մեր առջև գլոբալ սպառնալիքներ են կանգնած, որոնց դեմ միջազգային հանրությունը պետք է պայքարի միավորված կերպով։ Միասին պետք է կառուցենք ավելի անվտանգ միջավայր, փորձենք լուծել մեր տարածաշրջանի մի շարք ճգնաժամեր, պահպանել զարգացումն ու տնտեսական աճն աղքատ համայնքներում և փորձենք լուծել միգրացիայի պատճառները։ Սա հարևանության քաղաքականությունը վերանայելու նպատակ է, որը կնպաստի համատեղ շահերի և արժեքների ձեռքբերմանը, ինչպես նաև ներգրավել գործընկերներին ավելի մեծ համագործակցության անվտանգության հարցերում»,- ասել է Մոգերինին։
Իր հերթին` Հահնը հայտարարել է, որ ԵՄ-ի հիմնական խնդիրը հարևանության կայունացումն է։ «Հակամարտությունները, ահաբեկչությունն ու արմատականությունը սպառնում են բոլորիս։ Բայց աղքատությունը, կոռուպցիան և անարդյունավետ կառավարումը ևս անպաշտպանության աղբյուրներ են։ Հենց այս պատճառով այնտեղ, որտեղ դա մեզ անհրաժեշտ է ընդհանուր հետաքրքրությունների համար, մենք մեր գործընկերների հետ հարաբերությունները կվերահիմնենք իսկապես ընդհանուր շահերի վրա։ Դա հատկապես վերաբերում է տնտեսական զարգացմանն ու երիտասարդության զբաղվածությանը»,- ասել է Հահնը։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները փոխանցել են, որ եվրոպական հարևանության քաղաքականության քաղաքական առաջնահերթությունը լինելու է կայունացումն ու տարբերակվածությունը, որը կդիտարկի այն գիտակցումը, որ ոչ բոլոր գործընկերներն են ձգտում ԵՄ չափանիշներին ու կանոններին, ինչպես նաև` կարտացոլի յուրաքանչյուր երկրի` ԵՄ-ի հետ գործընկերության բնույթի և ինտենսիվության վերաբերյալ ցանկությունը, ելնելով ԵՄ-ի հետ գործընկերության իր բնույթից։ ԵՄ-ն, ըստ եվրոպացի պաշտոնյաների, հարևանության քաղաքականության միջոցով շարունակում է աջակցել համամարդկային արժեքների զարգացմանը, գտնելով ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության զարգացման ավելի արդյունավետ եղանակներ։
Ներկայացված առաջարկները, ըստ Մոգերինիի ու Հահնի, դեռ քննարկումների առարկա են դառնալու ԵՄ անդամ և գործընկեր երկրների հետ։
Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ, թեև ԵՄ-ում դժվար է ձևավորել ռազմավարական մտածողություն, գործընթացները դանդաղ են ընթանում, որովհետև տարաձայնությունները և շահերը բազմազան են, ԵՄ-ին հաջողվեց ամփոփել ԱլԳ Վիլնյուսյան գագաթաժողովից առաջ ԱլԳ տարածաշրջանում առաջացած խնդիրները` փորձելով դրանց առաջացման հիմքերը վերացնել Հարևանության նոր քաղաքականության նախագծում։
Թեև, լեհ փորձագետի կարծիքով, սա ժամանակավոր լուծում է, ծրագիրը շատ ավելի լուրջ վերանայման կարիք ունի։
Ըստ Զաշտովտի, նոր փաստաթուղթն արտահայտում է ներկայացված հիմնական ոլորտներում, քաղաքական, տնտեսական, անվտանգության, Եվրոպական Միության կամքը, այն է` շարունակել աշխատել Արևելյան գործընկերությունը ձևավորած երկրների հետ։ Լեհ փորձագետի խոսքով, ըստ էության, ԵՄ բոլոր առաջարկներն ուկրաինական ճգնաժամից հետո նույնն են մնացել։ Նրա կարծիքով, վերանայված տարբերակի էական և կարևոր կետն այն է, որ ԵՄ-ն առաջարկելու է ԱլԳ երկրներին այն, ինչին նրանք են ձգտում, այսինքն, նոր քաղաքականության հիմքում տարբերակվածությունն է, առանձնահատուկ մոտեցումը յուրաքանչյուր երկրի նկատմամբ։
«Սա հնարավորություն կտա երկկողմ մակարդակում խուսափել սխալներից, իսկ
ԱլԳ-ն շատ ավելի ճկուն դարձնել, քանի որ նախկինում ԵՄ-ն հաշվի չէր առնում յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունը, հավակնությունն ու ձգտումը, քանի որ բոլոր վեց երկրներին, ցանկանան նրանք թե ոչ, առաջարկվում էր մեկ փաթեթ, այնինչ նոր տարբերակը ենթադրում է, որ ԱլԳ-ի շրջանակում յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրել առաջարկվող փաթեթից այն, ինչ ցանկանում է, կամ հանդես գալ իր սեփական նախաձեռնություններով։
Սա կբացառի խնդիրները մոտ ապագայում, քանի դեռ ուկրաինական հակամարտությունը կարգավորված չէ»,- ասաց Զաշտովտը` շարունակելով, որ այս վերանայված տարբերակի ներկայացումը կարևոր է հատկապես ներկայումս, երբ Հայաստանը պետք է սկսի աշխատել Եվրոպական Միության հետ նոր փաստաթղթի մշակման ուղղությամբ։ Զաշտովտի կանխատեսմամբ, Հարևանության քաղաքականության վերանայված մոտեցումը ենթադրում է նաև ՀՀ անվտանգության խնդիրների դիտարկում և որոշակի լուծումների շուրջ բանակցություններ։
Ըստ նրա, լինելով ԵՏՄ անդամ, քանի դեռ այդ միությունում չկան չափանիշային պահանջներ, Հայաստանը կարող է բարեփոխումներ իրականացնել, սակայն, նրա կարծիքով, դա նույն արդյունքը չի տա, ինչ այն ժամանակ, եթե Հայաստանը միացած չլիներ Եվրասիական տնտեսական միությանը։ Այս դեպքում, Զաշտովտի որակմամբ` համագործակցությունը կլինի մակերեսային կամ գուցե փոքր-ինչ ավելին։
Մեզ հետ զրույցում Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ վեց հետխորհրդային երկրների եվրոպականացման և ժողովրդավարականացման համար «Արևելյան գործընկերությունը» հիանալի ծրագիր է, որն ինչ-ինչ պատճառներով, ԵՄ սխալ հաշվարկների հետևանքով` ներկայումս չունի այն տեսքը, ինչ կունենար այդ սխալների բացակայության պայմաններում։
Նրա գնահատմամբ, ներկայումս դրականն այն է, որ կա վերանայման անհրաժեշտության գիտակցումը, այսինքն` Եվրոպական միության երկրները հասկացել են, որ այն տեսքով, ինչ գործարկվեց ԱլԳ-ն, չի կարող շարունակել, քանի որ շատ են խոցելի կետերը, ինչպես անվտանգությունը, ավելորդ պայմանները ԵՄ-ի կողմից, անհրաժեշտ ֆինանսների բացակայությունը, ԵՄ դանդաղկոտությունը։
«Ըստ էության, նոր տարբերակից ակնհայտ է, որ Արևելյան գործընկերությունը փորձելու են բարեփոխել։ Կարևոր է, որ հիշատակում կա անվտանգության բաղադրիչի մասին, ինչը ես մեծ առաջընթաց կորակեի։ Ներկայումս դժվար է պատկերացնել, թե այս ծրագրի շրջանակում ինչ համագործակցություն կարող է լինել ԵՄ-ի և ԱլԳ երկրների միջև անվտանգության ոլորտում, բայց դրական է, որ այդ մասին քննարկումներ, բանակցություններ են ընթանալու։
Այսինքն` ԵՄ-ն պատուհան է թողել ԱլԳ երկրներին այս հարցի շուրջ առաջարկներով հանդես գալու համար, ինչը գուցե ընդունվի, գուցե` ոչ։ Բայց դիսկուրսը կօգնի հաղթահարել խնդիրները։ Շարունակում եմ պնդել, որ ծրագրի խնդիրը ֆինանսավորման պակասն է։ Առանցքային է ծրագրին տրամադրվող բյուջեի ծավալների մեծացումը, քանի որ բոլոր վեց երկրների առջև դրվում են պահանջներ, փոխանցվում են գումարներ, որոնք ոչ միշտ են բավարար լինում, և դրվում են որոշակի պայմաններ, որոնք այդ միջոցների առկայության պայմաններում դժվար իրագործելի են։ Ուստի լավ արդյունքի և գրավչության համար ԵՄ-ն պետք է նաև անհրաժեշտ միջոցը ներդնի` միևնույն ժամանակ պահանջելով դրա դիմաց տնային աշխատանքը»,- մեկնաբանեց վրացի փորձագետը։
Վերջինիս կարծիքով` նման փոխակերպումների դեպքում մեծանում են հույսերը, որ ԱլԳ-ն կհաղթահարի ուկրաինական պատերազմին հաջորդած ճգնաժամը։ Սակայն, ամեն դեպքում, նրա համոզմամբ, ԱլԳ-ն կսկսի արդյունավետ գործել, և ԱլԳ բոլոր երկրները կսկսեն արագ իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, եթե կարգավորվեն ՌԴ-Արևմուտք հարաբերությունները գոնե ուկրաինական հակամարտության շուրջ։