«Պատերազմը բոլորին է վերաբերում, բայց յուրաքանչյուրը յուրովի է ապրում այն». Ասում է «Վերջին բնակիչը» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր`«Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանման աշխատանքները վաղուց ավարտվել են։ Ինչպես «168 Ժամի» հետ զրույցում նշեց ռեժիսորը, ֆիլմը գտնվում է հետարտադրական փուլում և հանրության դատին կհանձնվի 2016 թվականին։ Հայկական գյուղի տեղահանությունից հետո ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին պատմող այս ֆիլմը դեռ էկրաններ չբարձրացած՝ արդեն իսկ մեծ հետաքրքրություն է վայելում՝ հատկապես համացանցի տիրույթում: «Վերջին բնակիչը»՝ «THE LAST INHABITANT» ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջն ունի շուրջ 12.430 հետևորդ: Մեծ ոգևորության թեմա է դարձել նաև այն հանգամանքը, որ ֆիլմի կոմպոզիտորն է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:
– Ջիվան, Ղարաբաղյան պատերազմի թեման Ձեր արյան մեջ է: Թվում է, թե Դուք պատրաստ եք անվերջ խոսելու այդ սարսափելի պատերազմի մասին: Ասելիքը շատ է, թեման՝ անսպառ… Ի՞նչ եք կարծում՝ կգա՞ մի ժամանակ, երբ Դուք կզգաք, որ այս թեմայով այլևս ասելիք չունեք:
– Ինչպես նշեցիք, թեման անսպառ է, և կարծում եմ՝ դեռ բազմաթիվ ֆիլմեր են ստեղծվելու մեզ համար բախտորոշ այդ ժամանակաշրջանի մասին, երբ մեր ժողովուրդը պայքարի դուրս եկավ իր կենսական շահերի պաշտպանության համար: Պատերազմի մասին խոսելիս՝ ես պատմում եմ այն մասին, ինչ տեսել եմ, ինչ ապրել եմ, ինչն ինձ հուզում է: Դժվարանում եմ ասել, թե հետագայում ինչ թեմաներով ֆիլմեր կստեղծեմ, կարևորը ճաշակով, բարձրարժեք արվեստի գործ ստեղծելն է:
– Ո՞րն է այս ֆիլմի գլխավոր ասելիքը:
– «Վերջին բնակիչ» ֆիլմը կոնֆլիկտի մասին է: Կոնֆլիկտ, որը համակում է միլիոնավոր մարդկանց և տարբեր պետությունների: Յուրաքանչյուր օր ականատես ենք զինված ընդհարումների, բախումների, աներևակայելի վայրագությունների: Կարծում եմ՝ խոշորամասշտաբ, հաճախ կործանարար իրադարձություններում յուրաքանչյուր մարդ, անհատ ընտրություն պետք է կատարի. պետք է որոշի` ինչպե՞ս լինել, ի՞նչ անել…
Ֆիլմն ընկերության, սիրո և նրանից ծնվող ինքնազոհողության մասին է: Դա հույս է տալիս, որ հակամարտություններից բզկտվող աշխարհում կյանքը կշարունակվի:
– Որքա՞ն ժամանակում նկարահանեցիք ֆիլմը, և ի՞նչ նպատակով ընտրվեցին այլազգի դերասաններ ևս:
– Ինչպես նշեցի՝ ֆիլմի թեման կոնֆլիկտն է, իսկ ասելիքը համամարդկային է: Բացի այդ, կարծում եմ՝ չափազանց արդիական թեմա է: Մտածեցի, որ նման թեման և նման պատմությունն ավելի հավաստի, սցենարին ավելի հոգեհարազատ կներկայացվի, եթե այն ստեղծվի միջազգային համագործակցության արդյունքում: Ցանկությունս էր արցախյան թեմատիկայով այս ֆիլմում անպայման ընդգրկել օտարազգի պրոֆեսիոնալ դերասանների ևս: Այս իմաստով աշխարհագրությունը բավական ընդարձակ է: Ֆիլմում մեզ հայտնի հայ դերասաններից բացի՝ նկարահանվել են դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից,ԱՄՆ-ից, Ռուսաստանից:
Իրանցի աշխարհահռչակ դերասան Հոմայուն Էրշադին (Աբբաս Քիառոսթամիի` Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին արժանացած «Բալի համը» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսի կերպարը) խաղում է ադրբեջանցի Իբրահիմի դերը, hույն հանրաճանաչ դերասանուհի Դիմիտրա Խատուբին կերտել է Իբրահիմի կնոջ` Ասլիի կերպարը, ազգությամբ հայ, բայց ամերիկյան հանրահայտ ֆիլմերից մեծ ճանաչում ունեցող դերասանուհի Անի Բեդիանը` Իբրահիմի աղջկա` Ռեբեկայի կերպարը: Ազգությամբ հայ, բայց հանրությանը նաև հնդկական և ռուսական արտադրության ֆիլմերից հայտնի` սիրված դերասան Արմեն Գրիգորյանը (Գրեյգ) ֆիլմում խաղում է Ռեբեկայի ամուսնու` Կոմենդանտի դերը: Ֆիլմի նկարահանումներն իրականացրել ենք Արցախում, իմ ծննդավայրում`Խաչմաչում: Անսահման շնորհակալ եմ Խաչմաչի գյուղապետ Մխիթար Ղահրիյանին, դպրոցի տնօրեն Սերոբ Մնացականյանին, իմ համագյուղացիներին` ջերմ, մարդկային վերաբերմունքի, ընկերական մթնոլորտի, ամենօրյա հետաքրքրության համար: Նկարահանումները տևել են 22 օր`օգոստոսի 8-30-ը: Ֆիլմը լիամետրաժ է`83 րոպե տևողությամբ: Ֆիլմի երաժշտությունը գրում է աշխարհահռչակ Սերժ Թանկյանը:
– Ճի՞շտ է, որ ֆիլմի սցենարի հիմք է հանդիսացել իրական մի պատմություն:
– Ֆիլմի սցենարը գրվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն իրական պատմություն է, հայկական գյուղի տեղահանությունից հետո իր ծննդավայրում`թշնամական շրջապատում միայնակ մնացած հայի մասին:
– Ֆիլմում կան նաև ադրբեջանցի կերպարներ: Ինչպիսի՞ն են նրանք Ձեր ֆիլմում: Ի՞նչ ճակատագրեր ունեն նրանք ֆիլմում, ովքե՞ր են: Արդյո՞ք հնարավոր է հակառակորդին ներկայացնել՝ զերծ մնալով սուբյեկտիվ տեսանկյունից… Հատկապես Ձեր դեպքում, երբ պատերազմի սարսափն անձամբ եք զգացել:
– Պատերազմը բոլորին է վերաբերում, բայց յուրաքանչյուրը յուրովի է ապրում այն: Մեկի համար դա իշխանության հասնելու, հարստություն դիզելու միջոց է, մյուսի համար՝ իր մութ բնազդներին հագուրդ տալու հնարավորություն, երրորդն ապրում է իր մարդկային հոգսերով: Գլխավոր հերոսներից Իբրահիմի հոգսն իր աղջիկն է, որ երեխաներ չի ունենում: Ավելի ճիշտ՝ ունենում է, բայց կարճ ժամանակ անց նրանք մահանում են: Համաշխարհային նշանակության իրադարձությունների արձագանքներն իհա՛րկե հասնում են գյուղ, բայց նրա հոգսը, նրա մտահոգությունն իր աղջկա ողբերգական վիճակն է: Ադրբեջանցիների կերպարները շատ տարբեր են… ժողովուրդ են: Յուրաքանչյուր ժողովրդի մեջ էլ կա և՛լավը, և՛վատը:
– Որպես ռեժիսոր՝ ամենաշատը ֆիլմի ո՞ր կերպարն է Ձեզ հարազատ և ինչո՞ւ:
– Անշուշտ, Աբգարի` գյուղում մնացած վերջին հայի կերպարն է ինձ հոգեհարազատ: Ես սիրում եմ Աբգարի` վճռական մենակի կերպարը: Թշնամական միջավայրում նրա սպասումը կարող է կյանք արժենալ, բայց նա չի հեռանում գյուղից, սպասում է իր աղջկան:
– Ֆիլմի մասին պատմող կարճ տեսանյութից հայտնի է, որ հատկապես դերասան Սոս Ջանիբեկյանի կերպարը՝ իր իսկ մեկնաբանությամբ, «աննկարագրելի տականք է»: Ինչպիսի՞ դեր է խաղում այդ տեսակ «տականքը» Ձեր ֆիլմի հերոսների կյանքում:
– Այո, Սոսի կերտած կերպարն այս ֆիլմում նման չէ իր կերտած նախորդ՝ բարի, գեղեցիկ, սիրող, ռոմանտիկ և հայրենասեր կերպարներին: Նա կյանքը բանտերում անցկացրած կրկնահանցագործի է մարմնավորում: Ֆիլմի պատմության մեջ ենթադրվում է, որ մասնակցություն է ունեցել Սումգայիթյան վայրագություններին: «Աննկարագրելի տականք» կերտելն էլ Սոսի մոտ բավականին հաջող է ստացվել, ֆիլմը դիտելիս կհամոզվեք դրանում:
– Ձեր նախորդ՝ «Թևանիկ» ֆիլմը մեծ հավանության արժանացավ հանդիսատեսի կողմից, ինչպես նաև՝ ստացավ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը:
– «Թևանիկը» մի շարք այլ կարևոր մրցանակներ էլ է ստացել: «Թևանիկի» մրցանակներին վերջին շրջանում նորերն են ավելացել. ԱՄՆ-ում կայացած «2-nd Annual World Entertainment Awards»-ում «Թևանիկը» տարվա լավագույն հայկական ֆիլմ է ճանաչվել: Լավագույն ֆիլմ է ճանաչվել նաև Ռումինիայի «Romania International Film Festival»-ում, իսկ Լեհաստանում կայացած «VI-th International Historical And Military Film Festival»-ում արժանացել է Ռազմական գիտության ընկերակցության մրցանակին ևս:
– Կարծում եմ՝ եղել են նաև քննադատություններ: Խոսքս կառուցողական քննադատության մասին է, այլ ոչ՝ ավերիչ: Եղե՞լ են այնպիսի քննադատություններ, որոնք Դուք հաշվի եք առել «Վերջին բնակիչը» ֆիլմը նախաձեռնելիս:
– Ճիշտն ասած՝ քննադատություններ շատ քիչ են եղել: Ֆիլմը ցուցադրվել է Եվրոպայի, Ամերիկայի, Միջին Արևելքի շատ քաղաքներում, Չինաստանում և Ավստրալիայում, բայց քննադատություններ գրեթե չեն եղել: Դա նույնիսկ սկսել էր անհանգստացնել ինձ: Հայաստանում «Թևանիկը» մեկ ամսից ավելի ցուցադրվել է «Մոսկվա» կինոթատրոնում, Գյումրիում, Վանաձորում, Բերդում, սահմանամերձ գյուղերում, զորամասերում, Պետական համալսարանում, Փաստաբանների պալատում, «Գևորգյան ճեմարանում» և այլ կազմակերպություններում… Եվ պատկերացրեք՝ պատկերը նույնն է եղել` քննադատությունները շատ քիչ էին: Եղած քննադատությունները հիմնականում տեխնիկական բնույթի էին՝ վերաբերում էին ձայնին և պատկերին: «Վերջին բնակիչը» ֆիլմում այդ թերությունները, կարծում եմ, հաղթահարված են, օգտագործել ենք նկարահանման և ձայնագրման բարձրորակ տեխնիկա: Այս իմաստով՝ շատ կարևոր էր նաև աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունն աշխատանքին:
– Բացի իր մշակութային նշանակությունից, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ձեր ֆիլմը միջազգային հարթության մեջ:
– Եթե պատմությունը հուզի մարդկանց, ապա նրանք, անկասկած, կհետաքրքրվեն Արցախով, մեր ժողովրդի արդար պայքարով:
– Առհասարակ որքանո՞վ է լսելի արվեստի ձայնը «վերևներում»: Կարևորվո՞ւմ են արդյոք Արցախի վերաբերյալ ֆիլմեր ստեղծելու Ձեր ջանքերը:
– Ես շատ շնորհակալ եմ Հայաստանի Ազգային կինոկենտրոնին և ԼՂՀ կառավարությանը: Իրենց աջակցությունն անգնահատելի է: Բայց ֆիլմի նկարահանման համար հաճախ շատ ավելի միջոցներ են անհրաժեշտ, քան պետությունը կարող է տրամադրել: Ֆինանսական խնդիրն՝ ինքնին, շատ ծանր խնդիր է, բայց ամեն ինչ անիմաստ է, եթե չունես ասելիք` չունես լավ սցենար: Լավ պատմության դեպքում է, որ կկարողանաս շուրջդ համախմբել քո ուժերին վստահող մարդկանց: Շատ շնորհակալ եմ Աստծուց, որ ունեմ արվեստը սիրող և գնահատող գործընկերներ, ովքեր ջանք չեն խնայում ֆիլմին աջակցելու, նրա առաջընթացի համար: Առանց մեր պրոդյուսերների՝ Մասիս Բաղդասարյանի, Գևորգ Գևորգյանի, մեր լիտվական համաարտադրողի` Կեստուտիս Դրազդաուսկասի, անհնար կլիներ այս ամենի միջով անցնելը: Ուզում եմ նշել նաև իմ Ամերիկայում բնակվող ընկերներին` Ադրինե Միրզայանին, Րաֆֆի Եկմեկյանին, Արթուր Չալեկյանին և ֆիլմի աշխատանքներին աջակցող հանձնախմբի բոլոր անդամներին, ովքեր ինձ հետ են ֆիլմի արարման առաջին իսկ օրից: Նրանց սրտացավությունն ու ամենօրյա աջակցությունն ինձ ուժ են տվել՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները:
– Իսկ ինչպիսի՞ն են ադրբեջանցի կոլեգաների, եթե կան այդպիսիք, իհարկե, կարծիքներն այս ամենի վերաբերյալ…
– Կարծում եմ՝ «Վերջին բնակիչը» ևս, ինչպես իմ նախորդ` «Թևանիկ» ֆիլմը, բողոքի և ցասումի տեղիք կտա, որը նորմալ եմ համարում: