«Հավերժական աբիժնիկի» հոգեբանություն. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Կիրակի օրը Երեւանում մարդիկ սգում էին Փարիզում կատարված ահաբեկչության զոհերի համար: Ինձ թվում է՝ դա մարդկային նորմալ դրսեւորում է: Բայց, դատելով որոշ մեկնաբանություններից, դա ցուցամոլություն է եւ երեսպաշտություն: Որպես «սխալ սգալու» ապացույց բերվում են տարբեր փաստարկներ: Օրինակ` որ այդ ահաբեկչությունը կազմակերպել է ոչ թե «Իսլամական պետությունը», այլ Ռուսաստանը: Կամ` Միացյալ Նահանգները: Կամ` որ «Իսլամական պետությունն» իրականում ԱՄՆ ծնունդ է: Կամ՝ եթե Արեւմուտքը մի քանի տարի առաջ չսկսեր խառնել Եգիպտոսը, Սիրիան, Լիբիան եւ Իրաքը, եթե այնտեղ մնային «նորմալ» բռնապետական ռեժիմներ, ապա այդ բոլոր դեպքերը տեղի չէին ունենա:
Չգիտեմ, թե որքանով են այդ բոլոր պնդումները ճիշտ կամ սխալ, բայց լավ չեմ հասկանում, թե ինչ կապ ունեն այդ բոլոր նկատառումները անմեղ զոհերի համար վշտակցելու հետ: Եթե, ենթադրենք, Ֆրանսիան իրեն սխալ է պահել նապոլեոնական պատերազմների ժամանակ, Ալժիրի հարցում կամ նույնիսկ նույն Սիրիայի հակամարտության պարագայում, ապա արդյո՞ք դա բավարար հիմք է ֆուտբոլային հանդիպման կամ համերգի եկած մարդկանց սպանելու համար:
Ընդհանրապես ինձ համար հասկանալի չէ այդ մշտական «ռեւերսի» հոգեբանությունը: «Ինչո՞ւ եք դուք ցավում փարիզյան ահաբեկչության զոհերի համար: Իսկ երբ…», եւ դրանից հետո գնում է որեւէ այլ չարագործության նկարագրություն: Այդ թվում՝ Հայոց ցեղասպանության: Այդ տրամաբանությամբ մենք՝ հայերս, ընդհանրապես չպիտի կիսենք որեւէ մեկի ցավը՝ պատճառաբանելով, որ 100 տարի առաջ մեր ցավը ոչ մի պետություն չի կիսել: Դա «հավերժական աբիժնիկի» հոգեբանություն է: Մարդկության պատմության ողջ ընթացքում մարդիկ իրար կոտորում էին՝ հազարներով, միլիոններով: Դա խելահեղություն է, որին տարբեր ժամանակահատվածներում այս կամ այն կերպ մասնակցում էին բոլոր ազգերը, բոլոր պետությունները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: