Բաժիններ՝

«Չեմ հանձնվելու, կարելի է ապրել առանց ոտքերի. Մեկ ձեռքով այնքան բան կարելի է անել»

hayzinvor.am-ը գրում է. Մեկ տարի առաջ մայոր Սարգիս Ստեփանյանը հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս զոհված ծառայակից ընկերոջ մարմինը ականապատված տարածքից հանելու ժամանակ վիրավորվում է ականի պայթյունից եւ զրկվում երեք վերջույթներից:

Կարդում եմ լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը, ու սիրտս սեղմվում է. «Մայոր Սարգիս Ստեփանյանը 32 կիլոգրամանոց կշռաքարը բարձրացրել է 5 անգամ՝ սահմանելով ռեկորդ, որը կարձանագրվի Հայոց դյուցազնագրքում, և հայտ կներկայացվի Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար»։ Ես հիշում եմ մեր վերջին զրույցը, որը ամիսներ առաջ էր։ «Չեմ հանձնվելու,- ասում էր Սարգիսը,- կարելի է ապրել առանց ոտքերի։ Մեկ ձեռքով այնքան բան կարելի է անել։ Լեռնագնացությունը չեմ թողնելու, թռչելու եմ պարաշյուտով…»։ Սա նման էր մարտահրավերի։ Սա անհավասար պայքար էր ճակատագրի դեմ։ Կյանքին կառչելու ճիգ էր։ Եվ այսօր՝ այս ռեկորդը։ Հերոս, հաղթանակ, դյուցազուն բառերը շաղվում են համակարգչի վրա։ Ես վերցնում եմ հեռախոսն ու հավաքում եմ Սարգիսի համարը։

-Ո՞նց ես,- հարցնում եմ։ Չեմ ասում՝ ես գիտեմ, թե ինչ գնով է քեզ տրվում այդ հաղթանակը… Իսկ երբ «տոնն» ավարտվում է, ու մենակ ես մնում ինքդ քեզ հետ… Մինչև ե՞րբ պիտի «հաղթելով» ապրես։

Սարգիսի կրծքային բարիտոնը խաղաղ է ու լուսավոր։ Խաղաղեցնող։

-Ձայնդ խռպոտ է,- ասում է,- հո հիվանդ չե՞ս, մաման ո՞նց է։

Ու իմ սիրտը վերադառնում է նախկին ռիթմին։

…Ես կանգնել եմ խմբագրության միջանցքում։ Սարգիսը զանգեց, ասաց, որ տեղ է հասել ու բարձրանում է աստիճաններով։ Հանկարծ ես հիշում եմ, թե նա ինչպես էր քայլում մեր առաջին հանդիպման ժամանակ ընկերոջ ուղեկցությամբ։ Ամեն քայլի հետ թվում էր՝ ուր որ է՝ կընկնի։ Ոտնաձայները մոտենում են։ Վերջին պահին ես սիրտ չեմ անում միջանցքում մնալու ու համարյա վազելով վերադառնում եմ աշխատասենյակ։ Վայրկյաններ անց դուռը բացվում է, ու Սարգիսը ներս է մտնում։

-Մենա՞կ ես,- հարցնում եմ ապշած։

-Հա, իմ մեքենայով եմ եկել։

Մեքենայի անունը լսելով՝ այնքան եմ շփոթվում, որ չեմ էլ նկատում՝ ինչպես առաջացավ, ինչպես նստեց աթոռին։ Երբ քիչ-քիչ ուշքի եմ գալիս, նկատում եմ, որ դեմքի գունատությունն անցել է, նախկին հյուծվածության հետքն էլ չկա, ու մայորի ուսադիրներով բծախնդիր արդուկված նոր համազգեստի մեջ նա հրաշալի տեսք ունի։

-Տեսքդ արտակարգ է,- ասում եմ։

Սագիսը բարձրաձայն ծիծաղում է։

-Ո՞նց ես,- հարցնում եմ։ Չգիտեմ՝ ոնց եմ հարցնում. Սարգիսը նայում է սևեռուն ու ժպտում է գլուխն օրորելով։

-Լավ եմ,- ասում է,- իսկապես լավ եմ, հունի մեջ եմ ընկել։

-Հա՞ որ… Ես վախենում էի…

-Գիտեմ՝ ինչից էիր վախենում։ Վախենում էիր, որ իրարանցումը կավարտվի, գովաբանության, սիրո, երախտագիտության խոսքերը հետզհետե կպակասեն։ Կմնանք ես ու իրականությունը՝ իր յուրաքանչյուր պահի դժվարությամբ ու անփառունակ հաղթանակներով։

-Անփառունա՞կ։

-Որովհետև ինչքան պիտի ոգևորվես այն բանից, որ կարողացել ես կանգնել երկու ոտքերի վրա կամ ինքնուրույն քայլել մինչև աշխատավայր։

-Բայց հենց դա է չէ՞ ապրեցնում։

-Չէ՛։ Դա կյանքն է, օրվա հոգսը, օրվա դժվարությունը։ Կա մի ուրիշ բան, որ ապրեցնում է։

-Ի՞նչը։

-Մարդիկ։ Հարազատներս, ընկերներս, հայրենակիցներս։ Մարդիկ, մարդիկ… Ես այս ընթացքում մի շատ կարևոր բան եմ հասկացել. աշխարհում ամենազորավորը մարդկային սերն է։ Դրանից ուժեղ բան չկա։ Կինս, երեխաներս, ծնողներս, ընկերներս, հեռու-մոտիկ, ծանոթ-անծանոթ հայրենակիցներս։ Այնքան մարդ կա կողքիս։ Ես այդ կշռաքարերը նրանց համար եմ բարձրացնում։ Այն մարդկանց համար, ովքեր ոգևորվելու են, հպարտանալու։ Տղաներիս համար եմ բարձրացնում։ Նրանց համար, ովքեր զրկված են ոտքից կամ ձեռքից։ Մեր նախարարի համար եմ բարձրացնում, որը միշտ զանգում հետաքրքրվում է իմ առողջությամբ ու հպարտանում է իմ հաջողություններով։ Ես դա անում եմ իբրև շնորհակալություն, ես շնորհակալություն եմ ասում Աստծուն ու մարդկանց։

-Պատմում են, որ այցելել ես հոսպիտալ, ու ձեր զրույցից հետո անդամահատված զինծառայողի տրամադրությունը միանգամից փոխվել է։

-Դեռ կարող եմ ինչ-որ մեկին պիտանի լինել։ Ամեն առավոտ արթնանում եմ, համազգեստս հագնում, գնում եմ ծառայության։ Միշտ ներկա եմ ընկերներիս հավաքույթներին։ Մարդիկ երբեմն մոռանում են, որ… տոպրակը ձեռքիցս չեն վերցնում կամ արագ են քայլում կողքիցս…

-Իսկ պետությունն օգնո՞ւմ է,- իմ միտքը ուրիշ տեղ է։

-Չեմ սիրում այդ հարցը ու չեմ ուզում պատասխանել։ Ոչ ոք պարտավոր չէ օգնել ինձ։ Ես ընկճվում եմ այդ հարցից։ Երբեք որևէ մեկից ոչինչ չեմ խնդրել։ Բայց, օգնում են… նախարարը, մյուսները։ Բնակարան ստացա։ Դավիթ Բաբայան անուն-ազգանունով մի անծանոթ տղամարդ իմ ծննդյան օրը որակյալ պրոթեզ ուղարկեց արտերկրից։ Անչափ շնորհակալ եմ բոլորին։ Չէի ուզենա օգնության կարիք ունենալ։

Ես լռում եմ։ Ես կուլ եմ տալիս ուղեղումս ծնվող հարցերը դառը դեղահաբի նման։ Սարգիսը շարունակում է խոսել։

-Պիտի թռչեմ պարաշյուտով։ Մասնակցելու եմ Եվրոպայի ու աշխարհի բազկամարտի առաջնությանը։ Նաև ուզում եմ ակադեմիա ընդունվել։

-Այդ ամենն ինձ քիչ է հետաքրքրում,- ասում եմ քթիս տակ։ Չգիտեմ՝ լսեց, թե չէ։

-Ես իսկապես երջանիկ եմ,- Սարգիսն ասես պատասխանում է մտքերիս։- Երջանկությունը ոտքեր ունենալու մեջ չէ։ Ու պրոթեզը չէ, որ քայլեցնում է ինձ։

Սարգիսը ոտքի է կանգնում։ Երջանկությունը ոտքեր ունենալու մեջ չէ՝ ականջներիս մեջ արձագանք է տալիս նրա ձայնը։ Իսկ նա քայլում է խմբագրության միջանցքով առանց ձեռնափայտի։ Ու գրեթե չի կաղում։ Ես վերադառնում եմ աշխատասենյակ ու դուրս եմ նայում պատուհանից։ Սարգիսի մեքենան դանդաղ շարժվում է ու ձուլվում փողոցի աղմուկին։ Ես չեմ բացում լուսամուտը։ Ես կրկնում եմ ինքս ինձ համար՝ երջանկությունը մարդկային սիրո մեջ է։ Եվ հենց դա է ապրեցնում։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս