«Համոզված եմ, որ եթե որոշ պատգամավորներ կարդալ իմանային և կարդային նոր Սահմանադրությունը, ապա իսկապես դեմ կլինեին». Ռուբեն Բաբայան
Հայտնի է, որ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը կողմ է քվեարկել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը, իսկ հոկտեմբերի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դեկտեմբերի 6-ը հաստատվել է՝ որպես հանրաքվեի օր: Այսօր «Հայելի» ակումբի հյուրեր, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը և գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն անդրադարձան Սահմանադրական բարեփոխումների նախագծի թեմային: Ասուլիսի ընթացքում բանախոս Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց, որ թեմայի վերաբերյալ ի սկզբանե ունենալով որոշակի տագնապներ, այնուհետև փարատելով դրանք, հիմա արդեն հստակ կողմնորոշվել է, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հաստատապես կողմ է քվեարկելու: Բանախոսի համոզմամբ՝ աշխարհում լավ ու վատ սահմանադրություններ չկան: Սահմանադրությունը լավն է միայն մի պարագայում, եթե գործում է: Խնդիրը, ըստ նրա, հետևյալն է.
«Այդ Սահմանադրությունը պետք է աշխատի: Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է տեր կանգնի իր երկրին, իր ժողովրդին, և հիմա այն փոփոխելու հարցում՝ հետաձգելու կամ տատանվելու խնդիր չեմ տեսնում: Բնական եմ համարում, որ մարդկանց մի զանգված կարող է «Այո» կամ «Ոչ» ասել այս իրողությանը, և գտնում եմ, որ որևէ դեպքերում պետք չէ զարմանալ կամ նեղանալ նրանցից՝ իրենց դիրքորոշման համար: Ես լսել եմ բավական պատվական մարդկանց՝ իրավաբանների կարծիքներ, որոնց մի մասը կողմ էր «Այո»-ին, իսկ մի մասը՝ «Ոչ»-ին: Ի վերջո, եկել եմ այն եզրակացության, որ, եթե մեր նոր Սահմանադրությունն ուժեղացնում է երկիրը, հստակեցնում է իշխանությունների տարանջատումը Հայաստանի համար, որը շատ բան կփոխի մեր կյանքում, նմանապես, եթե այս Սահմանադրությունը կկարողանա իր մեջ կենտրոնացած ուժ գտնել, և, այն վիճակում, որ գտնվում է այս պահին մեր Հանրապետությունը, այն է ՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, և, եթե այն կկարողանա հավասարապես պահել երկրի և´ ներքին, և´ արտաքին կայունությունը, ապա ես դեմ չեմ լինի: Իմ մոտ տագնապներ կային, և այդ տագնապներն ինքս իմ մեջ հաղթահարեցի Սահմանադրության տեքստը կարդալուց հետո, և ես անձնապես Սահմանադրությանն ասելու եմ՝ «Այո»»:
«Այո»-ների թևին լսելիս՝ ուզում եմ ասել՝ ո´չ, «Ոչ»-երին լսելիս՝ այո´». Ռուբեն Բաբայան
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը սահմանադրական փոփոխությունների հարցում այս պահին դեռ որևէ կողմնորոշման չի եկել: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա անկեղծացավ՝ ասելով, որ այսօրվա հանդիպումն է եղել այն առիթը, որ ինքը մի կողմ դնի իր համար շատ կարևոր գրականություն և կարդա նոր Սահմանադրությունը:
«Վերջին օրերի «Այո»-ների և «Ոչ»-երի հակադրություններին հետևելով՝ գալիս եմ հետևյալ եզրակացությանը՝ «Այո»-ների թևին լսելիս՝ ուզում եմ ասել՝ ո´չ, «Ոչ»-երին լսելիս՝ այո´: Ինձ մոտ տպավորություն է, որ խոսքն իրականում գնում է ոչ այնքան Սահմանադրության, որքան, ավելի շուտ՝ ընտրության մասին: Ցավոք սրտի, Սահմանադրության հանրաքվեն կամաց-կամաց վերափոխվում է ընտրության համակարգի՝ եթե ընդդիմության կողմնակցն ես, ապա՝ ո´չ, իսկ եթե իշխանության կողմն ես, ապա՝ այո´: Սահմանադրության քննարկումն իրավունք չուներ այդ հունով գնալու: Ես համոզված եմ, որ, եթե որոշակի պատգամավորներ կարդալ իմանային և կարդային նոր Սահմանադրությունը, ապա իսկապես դեմ կլինեին»,- ասաց նա:
Ռուբեն Բաբայանն անդրադարձավ նոր սահմանադրական կարգում իր համար առանցքային նշանակություն ունեցող, բայց, չգիտես ինչու, լռության մատնված մի քանի հիմնադրույթների քննարկմանը.
«Միայն մարդու իրավունքներին վերաբերող մի քանի դրույթներ արդեն իսկ առիթ են հանդիսանում, որ շատ-շատերը դեմ լինեին դրանց, բայց այդ դրույթները, չգիտես ինչու՝ չի քննարկվում: Ինչ վերաբերում է երկրի կառավարման համակարգի փոփոխությանը՝ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական, ապա դրանից առաջ ուզում եմ անդրադառնալ այն կարևոր կետերին, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, մարդու պաշտպանությանը, ազատ կամքի արտահայտմանը, և այլն: Եթե այս բոլոր կետերը պահպանվեն, հավատացե´ք, մեծ նշանակություն չի ունենա՝ սա խորհրդարանակա՞ն երկիր է, թե՞ նախագահական: Այստեղից է պետք սկսել՝ պատրա՞ստ է արդյոք իշխանությունը կամ ընդդիմությունը սևեռվել այս կետերի վրա, կամ պատրա՞ստ է արդյոք հանրությունը պահանջել առաջին հերթին՝ հենց այս կետերի կատարմանը, այդ ժամանակ մենք կունենանք նորմալ երկիր»:
Բանախոս Ռուբեն Բաբայանը գնտնում է, որ Սահմանադրությունն ամբողջությամբ սեղանին դնելու գաղափարը սխալ էր, այն պետք է քննարկվեր գլուխ առ գլուխ: Նրա համոզմամբ՝ դա կստիպեր յուրաքանչյուրին խորությամբ ուսումնասիրել, թե ինչի՞ համար է այս փոփոխությունների նախաձեռնությունը:
«Խոսք է գնում, թե նոր Սահմանադրությամբ վերականգնվում է միակուսակցականության համակարգը… ես հարց եմ ուզում տալ՝ իսկ մենք ե՞րբ ենք ազատվել դրանից: Ես չեմ կարծում, թե նախկին Սահմանադրությունն էր պատճառը, որ մեզ թույլ չէր տալիս լինել ավելի ժողովրդավար, ավելի զարգացած երկիր, և այլն: Ո´չ, այնպես չէ, բոլորովին այնպես չէր, որ մենք կատարել էինք նախկին Սահմանադրության բոլոր կետերն ու համոզվել, թե այլևս հինը կիրառելի չէ: Ես ուզում եմ, բայց չեմ կարողանում հավատալ դրան»,- նշեց Ռ. Բաբայանը:
Ասուլիսի ընթացքում Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն անհրաժեշտ համարեց անդրադառնալ նաև թեմայի հետ կապված իր մտահոգություններին:
«Նոր Սահմանադրության կետերում կա ինձ համար երկու խիստ վիճահարույց կետ՝ «կայուն մեծամասնություն» հասկացությունը, որն իրականում բերելու է շատ բարդ հետևանքների, և մի կետ, որը կարծես դուրս է մնացել քննարկումներից, բայց ես ուզում եմ հիմա այս մասին բարձրաձայնել. ինքս լինելով Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ՝ գիտեմ մի պարզ ճշմարտություն՝ չի կարելի արտակարգ իրավիճակ ստեղծել որևէ կառույցի կամ երևույթի նկատմամբ: Այս կոնտեքստում ես անընդունելի եմ համարում նույնիսկ բացարձակ արժեքներին արտակարգ կարգավիճակ տալու գաղափարը, այդ թվում՝ նաև եկեղեցու դերին, որ նոր Սահմանադրությամբ կարծես հատուկ կարգավիճակ է ենթադրվում: Ընդ որում, ես դեմ եմ արտահայտվում այս կետին՝ ելնելով Հայ Առաքելական եկեղեցու շահերից, բայց եթե մենք կրոնական պետություն ենք կամ հավակնում ենք այդպիսին լինել, կամ, եթե մենք ուզում ենք փչացնել մեր եկեղեցին, ապա դա՝ ուրիշ հարց»,- եզրափակեց իր խոսքը բանախոսը:
Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրական փոփոխությունների նոր հայեցակարգի՝ Հայաստանի Հանրապետությունը նախագահականից անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի: Հայեցակարգի համաձայն՝ հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` 7 տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից:
Վարչապետը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև: