«Ժամանակ չունեմ հոգնելու համար, ինչպես որ թողեցի ծխելը, որովհետև ժամանակ չունեմ ծխելու». Սերժ Ավեդիքյան

Պատրիկ Շենեն, Արսինե Խանջյանն ու Նարեկ Դուրյանը Սերժ Ավեդիքյանի նոր կատակերգության հերոսներն են. «Տարօրինակ ճամփորդություն Կովկազիայում»

Ֆրանսիայում ապրող հայազգի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Սերժ Ավեդիքյանը կրկին Հայաստանում է: Թեև նրա հերթական այցը խիստ կարճատև էր, այնուամենայնիվ, ինչպես միշտ, օրակարգը գերհագեցած է, ստեղծագործական պլանները՝ շատ: Կարճատև այցի ընթացքում մեզ հաջողվեց հանդիպել և զրուցել նրա հետ հայաստանյան սահմանամերձ Խաչիկ գյուղում ամռանը նկարահանված ֆիլմի մանրամասների մասին, ինչպես նաև պարզել, թե ինչո՞վ են պայմանավորված արդեն երկար տարիներ պլանավորված, բայց չիրականացված «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմի աշխատանքները:

– Ի՞նչ այցով եք այս անգամ Հայատանում:

– Այս անգամ շատ կարճ ժամանակով եմ եկել, նախ և առաջ` մասնակցելու «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակներում նախատեսված իմ «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմի արտադրական ընթացքի քննարկմանը, որը, իմիջիայլոց, արդեն բավական հին պրոյեկտ է: Մինչ այդ ես արդեն հասցրել եմ նկարահանել երկու տարբեր ֆիլմեր, թեև, կարծես «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիայի իրականացումն ընթացքի մեջ է մտել: Հուսով եմ՝ արդեն իսկ նկարահանված ֆիլմի մոնտաժից հետո, որն այս պահին անում ենք Ֆրանսիայում, կանդրադառնամ այս ֆիլմին:

Serj Avetiqyan (5)

– Ո՞ր ֆիլմի մասին է խոսքը:

– Խոսքն այս տարի ամռանը սահմանամերձ Խաչիկ գյուղում նկարահանված խաղարկային լիամետրաժ ֆիլմի մասին է՝ Պատրիկ Շենեյի և հայկական դերասանական խմբի մասնակցությամբ: Զուգահեռաբար այստեղ եմ նաև այդ ֆիլմում նկարահանված դերասանների կադրից դուրս որոշ ձայներ ձայնագրելու նպատակով: Պետք է ասել, որ սա նուրբ կատակերգություն է, և «նուրբ» բառն անպայման պետք է պահպանել, որովհետև գռեհիկ կամ ուղղակի արված կոմեդիա չէ, այլ ֆաբուլայատիպ, բայց ռեալիզմի վրա հիմնված իրական պատում է: Սա պատմություն է մի ֆրանսիացու մասին, ով հայտնվել է հայկական սահմանամերձ գյուղում, ում այնտեղ բոլորովին այլ մարդու տեղ են ընդունում, ու ինքը ստիպված է դա ևս ընդունել, որովհետև չի տիրապետում լեզվին, վախ ունի կորչելու, ու դա միակ տարբերակն է՝ իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գալու համար:

– Ինչո՞վ է ավարտվում այս իրավիճակը:

–  Պատմությունն ավարտվում է նրանով, որ ինքը հրապուրվում է իր նոր կյանքի պայմաններով ու նոր դերով: Ընթացքում բացահայտվում է նաև, որ ինքը կյանքում հիանալի դերասան է և լավագույս խաղում է ուրիշ մեկի դերը: Ֆիլմն ավարտվում է նրանով, որ նա դառնում է հենց այն մարդը, ում տեղն իրեն ընդունել էին գյուղում: Սա ֆիլմի հիմնական սյուժետային գիծն է, բայց կան էլի շերտեր, օրինակ՝ թե ինչպե՞ս ես դու կառուցում քո հարաբերությունները, երբ չես տիրապետում լեզվին, կամ, երբ հայտնվում ես քեզ բոլորովին օտար մի իրավիճակում: Սա ինքդ քեզ՝ երկրորդ մարդու հայացքով կողքից նայելու հնարավորություն է, ուրիշ մեկի աչքերով տեսնելու ու բացահայտելու , թե ո՞վ ես դու իրականում: Այստեղ նաև դերասանական պարադոքսի խնդիր կա, թե մինչև ո՞ւր կարող է գնալ դերասանը՝ մտնելով ուրիշ մեկի կերպարի մեջ: Մի խոսքով՝ սա շարմ ունեցող մի ֆիլմ է, հագեցած ոչ մտացածին, կենդանի կերպարներով:

Serj Avetiqyan (3)

– Դո՞ւք եք ֆիլմի ռեժիսորը:

– Ես և´ ռեժիսորն եմ, և´ սցենարի համահեղինակը: Հաջորդ հեղինակը Ֆրանսիայում հայտնի կատակերգակ դերասան Ժան Ֆրանսուա Դերեքն է: Ես հատուկ այդպիսի ընտրություն կատարեցի, որպեսզի երկրորդ հեղինակը հենց կատակերգու լիներ:

– Իսկ ովքե՞ր են խաղում գլխավոր դերերում:

– Գլխավոր դերում նկարահանվել է Ֆրանսիայում հայտնի դերասան Պատրիկ Շենեն: Ֆիլմում նկարահանվել է նաև կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, ով մարմնավորել է ֆրանսերեն լեզվի ուսուցչուհու կերպարը: Նա ուղեկցում է ոստիկաններին, ովքեր եկել են գյուղ՝ կորած ֆրանսիացու հետքերով, և թարգմանում է նրանց ու ֆրանսիացի հերոսի խոսքը: Պարզվում է, սակայն, որ թարգմանչուհու դերից նա ուղղակի անցում է կատարելու ֆրանսիացու հետ բարեկամական, մարդկային, խորը հարաբերություններին: Ֆիլմում նկարահանվել է նաև դերասան Նարեկ Դուրյանը, ով մարմնավորել է «ACBA-CREDIT AGRICOLE BANK»-ի կառավարչի դերն ու առաջին կերպարն է, ով ֆրանսիացի հերոսի հետ խոսում է ֆրանսերեն լեզվով, ու հենց Նարեկի միջոցով էլ մեր կորած հերոսը սկսում է հասկանալ, թե ո՞ւր է հայտնվել ինքը, ի՞նչ է կատարվում իր շուրջը, և որտե՞ղ է ընդհանրապես Հայաստանը:

Serj Avetiqyan (2)

– Ի՞նչ փուլում են այս պահին ֆիլմի հետարտադրական աշխատանքները:

– Հիմա արդեն պատկերի մոնտաժի վերջին փուլում ենք, մնացել են ձայնադրման աշխատանքները, որ երևի կտևեն մեկ ամիս:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս ֆիլմից:

– Դեռ վաղ է խոսել ակնկալիքների մասին կամ վստահ ասել, որ ֆիլմը լիովին ստացված է, հետո այս մասին ես չէ, որ պետք է խոսեմ, այլ դուք՝ որպես հանդիսատես և քննադատ:

– Ե՞րբ է նախատեսվում ֆիլմի պրեմիերան:

– Հայաստանյան պրեմիերան նախատեսվում է եկող տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: Դրանից առաջ, հույս ունեմ, որ ֆիլմը կմասնակցի մի քանի մեծ փառատոնի, կարծում եմ՝ Բեռլինի կինոփառատոնին: Համենայնդեպս, մենք պատրաստ կլինենք այդ փառատոնում ներկայանալու համար: Տեսնենք՝ ինչպե՞ս կստացվի: Ես շատ կուզենամ նաև Խաչիկ գյուղում բացօթյա պրեմիերա կազմակերպել և կարծում եմ՝ այդպես էլ կանեմ:

– Ինչպե՞ս ընտրվեց այդ սահմանամերձ, հեռավոր գյուղը:

– Գյուղի ընտրությունը պայմանավորված էր մեծ տղայիս՝ Հովնաթանի պատմած պատմություններով: Նա է հայտնաբերել այդ գյուղն ինձ համար: Ինքն իր ֆրանսիացի ընկերների հետ եղել է Խաչիկ գյուղում, կարծեմ որոշ հարցերում շատ են օգնել այդ գյուղին, ու ինքը շատ տպավորված էր խոսում այդ գյուղի և այնտեղ բնակվող մարդկանց մասին: Այսպես, մի օր ես էլ գնացի այնտեղ, ու պարզվեց, որ իր պատմածները ճիշտ էին… Սահմանամերձ այդ գյուղում ապրող մարդիկ իրականում մի քիչ ուրիշ են, էլի՝ իրենց նիստ ու կացով, դիմադրողականությամբ: Ես լիովին համոզվեցի՝ արժանի էր, որ ֆիլմը հենց այդ գյուղում նկարվեր:

Serj Avetiqyan (4)

Մյուս կողմից՝ տեղանքի այդօրինակ ընտրությունը, նկատի ունեմ՝ սահմանամերձ կարգավիճակը, ֆիլմում ի հայտ էր բերում այլ շերտեր՝ հիմնվելով այդ փաստի վրա, սակայն՝ առանց դա ուղղակի ձևով մատուցելու: Իհարկե, ողջ ֆիլմի ընթացքում զգացվում է, որ այստեղ ինչ-որ «սահման» կա, որտեղ կոնֆլիկտային իրավիճակ է՝ կրակոցներ են լսվում: Ի սկզբանե ֆիլմում նշվում է այն հանգամանքը, որ այդ սահմանը վտանգավոր մի բան է, իսկ հետո, ֆիլմի ընթացքում բացահայտվում է նաև, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ վտանգը:

– Կարո՞ղ ենք ասել, որ սա հայ- ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմ է:

– Այո: Ֆիլմի սցենարը գրվել է Ֆրանսիայում, ֆրանսիական արտադրական մասն ավելի մեծ է, քան հայաստանյանը, բայց հույս ունեմ, որ Հայաստանի մասնակցություն դեռ սպասվում է: Այս տարի ֆիլմի նկարահանումների համար Հայաստանի «Կինոկենտրոնը» շատ չնչին գումար հատկացրեց, բայց կա համաձայնություն, ըստ որի՝ այս համատեղ աշխատանքն ավելի հեռու գնալու հեռանկար ունի: Մենք Ֆրանսիայից բերեցինք այն ամենը, ինչ պետք էր տեղում նկարահանումների ընթացքում հայաստանյան ծախսերը հոգալու համար: Մենք հուսով ենք, որ այդ ծախսերի մի մասը կփակի նաև Հայաստանը: Կարծում եմ՝ նախագիծն ու արված աշխատանքներն արժանի են, որ սա դառնա երկու երկրների համատեղ արտադրության ֆիլմ, և սա միայն գումարի հարց չէ, այլ ավելի շատ, կասեի՝ մարդկային գործոն, որովհետև, ի վերջո, մենք աշխատեցինք հայկական խմբի հետ: Ֆրանսիայից այստեղ աշխատեցին միայն օպերատորը, ձայնային օպերատորը և ասիստենտը, մնացած ողջ կազմը Հայաստանից էր, այդ թվում՝ նաև ֆիլմի նկարահանման համար օգտագործված ողջ տեխնիկան:

– Ֆիլմն արդեն վերնագիր ունի՞:

– Դեռ ունենք միայն աշխատանքային վերնագիր՝ «Տարօրինակ ճամփորդություն Կովկազիայում»: Վերնագրի վերջնական տարբերակները դեռ քննարկման փուլում են:

Serj Avetiqyan (1)

– Կմանրամասնե՞ք՝ ինչո՞ւ կանգնեց «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմի արտադրական ընթացքը:

– Գիտե՞ս, կան պրոյեկտներ, որ, այսպես ասած, դիմադրում են իրենք իրենց, չեն կարողանում ստեղծագործական վերջնական ելք գտնել «ծնվելու» համար: Ի վերջո, ամեն գաղափար կարիք ունի մինչև վերջ խմորվելու, հասունանալու: Իրենք կա՛մ ժամանակից հետ ընկած են, կա՛մ առաջ են, կ՛´մ շեղված են: Այս կամերը կան ու դրանք պետք է հասկանալ: Մի տարբերակ ևս՝ հնարավոր է՝ ռեժիսորն ինքը դեռ չի հասկացել, թե ինչ է ուզում:

– Ռեժիսորը Դուք եք, չէ՞:

– Այո (Ժպտում է.- Ն.Մ.): Հիմա ես փորձում եմ հասկանալ, թե ես ինքս ի՞նչ եմ ուզում: Կարծես միտքը հասունացել է, ֆիլմի ոճային հարաբերությունները նույնպես հասունացել են, սցենարը կատարելագործված է, փորձնական բոլոր աշխատանքները կատարված են: Մնում է հայթայթել վերջնական գումարներն ու սկսել ֆիլմի վերջնական էտապը, որն արդեն չի լինելու միայն անիմացիայի ժանրում, նախատեսվում է իրականացնել նաև նկարահանումներ: Սա մի քանի ժանրերի խառնուրդ է, բայց ամեն ինչ մնում է անիմացիոն ֆիլմի ստիրիլիզացված տարածքում: Նկարահանումները նախատեսվում է իրականացնել ստուդիային պայմաններում, իրական դերասանների մասնակցությամբ, այլ ոչ՝ նկարված պատկերների:

– Ե՞րբ եք նախատեսում սկսել նկարահանման աշխատանքները:

– Հույս ունեմ 2016-ի ամռանը սկսել:

– Ձեր հայաստանյան այցերը կարծես միշտ գործնական բնույթ ունեն, թե՞ սխալվում եմ:

– Երբ 15 տարեկանում հեռացա այստեղից, ինքս ինձ երդում տվեցի, որ երբեք այստեղ որպես զբոսաշրջիկ չեմ գալու: Հետևաբար՝ այո՛, Դուք իրավացի եք, ես Հայաստան եմ գալիս միայն աշխատելու համար: Թեև սա չի նշանակում, որ ես «стакановист» եմ և միայն աշխատել եմ սիրում: Ես սիրում եմ նաև վայելել, ապրել, բայց Հայաստան գալուս նպատակն այստեղ հետս ինչ-որ բան բերելն է:

– Որքան Ձեզ հիշում եմ, Դուք աշխատանքային գերհագեցած գրաֆիկների մեջ եք: Զարմանում եմ, չե՞ք հոգնում:

– Հոգնում եմ միայն, երբ նստվածքը շատ է… իսկ առհասարակ չեմ հոգնում, որովհետև շատ զբաղված եմ ու ժամանակ չունեմ հոգնելու համար, ինչպես որ թողեցի ծխելը, որովհետև ժամանակ չունեմ ծխելու:

 

Տեսանյութեր

Լրահոս