«Խոստանում եմ մի օր մի լավ «քոթակել» Լևոն Զուրաբյանին». Թևան Պողոսյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղուց արդեն չեմ զարմանում, երբ Լևոն Զուրաբյանը որևէ մեկին պիտակավորում է կամ վիրավորում. մասնագետները պնդում են, որ նման սովորույթը, որպես կանոն, որևէ թաքնված արատի տեսանելի արտահայտումն է: Ինձ իրականում այլ բան զարմացրեց: Ինձ ստախոս անվանելով` Լևոն Զուրաբյանը իսկապես բավականին զարմացրեց ինձ. որքան պրպտեցի հիշողությունս, այդպես էլ չկարողացա մտաբերել, թե ե՞րբ եմ հրապարակավ պնդել, որ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հաձնաժողովին, կամ ե՞րբ եմ հրապարակավ հավաստիացրել բոլորին, որ ադրբեջանցի պատգամավորը ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի ելույթին չի ծափահարել: Նմանօրինակ բազմաթիվ այլ` հանրայնորեն քաջ հայտնի «տուֆտա» ստերն էլ չհիշեցի, երբ եմ դուրս տվել:

Իսկ թե ինչեր է ինքն ասել կամ չասել տիկին Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ, լավագույնս կարելի է տեղեկանալ այդ հանդիպման ձայնագրությունից, որը, հուսամ, կարելի է վերցնել ԱԺ լրատվականից, կամ առնվազն կարելի է հարցնել հանդիպման բոլոր մասնակիցներին և համամատել, թե ով ինչ է ասել, ինչպես է ասել և գնահատել` որտեղ է ծվարած ստախոսը:

Չեմ վիճի, որ Հայստանի եվրոպական մոդելով զարգացման հանրային աջակցությունն ավելի նվազ է, բայց այն, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են դա անել հետևողականորեն և սկզբունքային դիրքերից, իրականում համարում եմ Հայաստանի իրական շահերը պաշպանողներ: Իսկ թե ինչպես օգնեց Զուրաբյանը հենց հանրապետականներին` պարզելու Ռուսաստանի դիրքորոշումը Սահմանադրական բարեփոխումնեի վերաբերյալ, ըստ իս, լավագույն ապացույցն է, թե ով է օգնում իշխող կուսակցությանը և պատվեր կատարում նրանց համար:

Իսկ ինձ հանրապետական անվանելու համար խոստանում եմ մի օր մի լավ «քոթակել», բայց, իհարկե, քաղաքական դաշտից այն կողմ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս