Բաժիններ՝

Ես չէի լինի լավ կին և լավ մայր, եթե չունենայի լավ ամուսին. Եվա Սուջյանն՝ ընտանեկան կյանքի, նոր տեսահոլովակի ու ապագա ծրագրերի մասին. Life.panorama.am

Life.panorama.am-ն այսօր զրուցել է ռոք երգչուհի, Գոռ Սուջյանի քրոջ՝ Եվա Սուջյանի հետ:

-Եվա, հետաքրքիր է` ինչո՞վ եք զբաղված այս շրջանում, ի՞նչ աշխատանքներ են տարվում, որոնց մասին շատ հաճախ հեռուստադիտողը չի իմանում:

– Այս պահին ինձ մոտ բուռն ստեղծագործական շրջան է, աշխատում եմ իմ նոր հեղինակային երգերի վրա, որոնք շուտով արդեն կներկայացնեմ: Շատ եմ կարոտում իմ ունկնդիրներին, կենդանի համերգները։ Հիմա դեռ աշխատում եմ նոր երգերիս վրա եւ արդեն շուտով կսկեմ համերգային գործունեությունս:

-Եվա, գիտեմ, որ ունեք Ձեր բենդը, բայց կարծես թե Ձեր աշխատանքները հեռուստաէկրաններից այն կողմ եք իրականացնում, հետաքրքիր է ինչո՞ւ, չէ որ բոլորս գիտենք, որ հանրությունը սիրում է իրենց սիրելի կատարողին նոր տեսահոլովակներում տեսնել:

– Այո, ունեմ իմ բենդը, որտեղ հավաքված են հրաշալի եւ տաղանդավոր երաժիշտներ, փակագծերը բացեմ եւ ասեմ, որ ցանկություն ունենք շուտով տեսահոլովակ ներկայացնել:

-Գիտեմ նաեւ, որ դասավանդում եք, մի փոքր կպատմե՞ք Ձեր այդ գործունեությունից:

– Դա իմ ամենասիրելի գործերից մեկն է: Դասավանդման առաջին փորձը տեղի ունեցավ եղբորս «կոկորդի» հետ, շատ էի հուզվում, բայց նա ինձ վստահեց իր անկրկնելի ձայնը, դե իսկ ես էլ կարծես թե չհիասթափեցրի նրան:

-Բացի երաժշտական գիտելիքներից ի՞նչն եք ամենաշատը կարեւորում աշակերտներին սովորեցնելու հարցում: Ո՞րն է այն խորհուրդը, որը պարտադիր տալիս եք Ձեր սաներին:

– Առհասարակ ամենաշատը մարդու մեջ կարեւորում եմ հավատքը առ Աստված, անկեղծությունը, նվիրվածությունը, աշխատասիրությունը, եւ իհարկե, սաներիս խորհուրդ եմ տալիս լինել ուժեղ, հավատարիմ եւ ամեն բան անել անկեղծ ու նվիրական սիրով:

-Ամիսներ առաջ՝ SOAD-ի համերգից հետո մենք հասկացանք, որ ունենք ռոքասեր հասարակություն, որը կարող է անկաշկանդ արտահայտել իր զգացմունքները այդ երաժշտությունը լսելիս, միաժամանակ, չենք կարող չնկատել նաեւ, որ մեր կատարողները գուցե միշտ չէ, որ կարող է այդպես ոգեւորել հասարակությանը, այդ առումով ի՞նչ կարծիք ունեք:

– Այդ հարցի շուրջ երկար կարելի է ծավալվել, բայց կարճ կասեմ. այո, մենք ունենք ռոքասեր հասարակություն, ասեմ ավելին, ունենք նաեւ ջազ եւ բլուզ լսող հասարակություն, կարճ ասած, ճաշակով մարդիկ քիչ չեն մեր երկրում, եւ թույլ տվեք չհամաձայնել, որ մեր երաժիշտները չեն ոգեւորում հանդիսատեսին, ուղղակի մենք չենք ոգեւորվում: Մենք ավելի շատ ոգեւորվում ենք այն ամենից, ինչ դրսում կա,ցավոք, մեր ներսի եղածը մեր հանրությանը հետաքրքիր չէ, մենք անգամ չենք էլ նկատում կամ գուցե նկատում ենք, բայց բավարար ուշադիր չենք մեր տեղական որակյալ երաժշտության նկատմամբ:

-Հայկական ռոքը ի՞նչ մակարդակի վրա է գտնվում ըստ Ձեզ, ի՞նչ եք կարծում, այն միջազգային չափանիշներին հասնելու համար դեռ շատ ժամանակ պետք է անցնի:

– Նայած, թե ի՞նչ նկատի ունենք միջազգային չափանիշներ ասելով եւ ի՞նչ չափանիշի մասին ենք խոսում: Կարծում եմ, մենք ունենք շատ տաղանդավոր եւ հետաքրքիր երաժիշտներ, երգահաններ, խմբեր, բայց ցավոք չունենք համապատասխան միջոցներ հաստատվելու համար, մենք պետք է շատ ոգեւորենք մեր արվեստագետներին, որպեսզի մեր տաղանդներին վայելենք հենց մեր կողքին:

-Եվա, ունեք Ձեր ընտանիքը, հետաքրքիր է` աշխատանքային զբաղվածության մեջ հասցնո՞ւմ եք տանը կնոջը հատուկ գործերն իրականացնել ու բալիկին,ամուսնուն անհրաժեշտ ժամանակը տրամադրել:

– Ես չէի լինի լավ կին եւ լավ մայր, եթե չունենայի լավ ամուսին: Փառք Աստծո, ամուսինս ինձ շատ է աջակցում եւ հորդորում, որպեսզի հաջողեմ իմ սիրած աշխատանքում: Բացի այդ, երբ ժամանակդ ճիշտ ես բաշխում, անգամ ձանձրալի թվացող տնային գործերը անում ես սիրով, ամեն բան հնարավոր է հասցնել եւ դեռ ընտանեկան հանգստի ժամանակ էլ հաստատ կունենաս:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս