Աշոտյանը քաշվեց

Այսօր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում ներկայացվել են ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացված «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատում» հետազոտության երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածի արդյունքները: Դրանք ներկայացնելիս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ ուսումնասիրության հիմնական նպատակն է եղել այսօրվա ուսանողության իրական նկարագրի բացահայտումը:

Ա. Աշոտյանի խոսքով՝ օրինակ, բավական հետաքրքիր է, որ իբրև երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիր՝ կոռուպցիան մատնանշվել է հարցված ուսանողների ընդամենը 4,6 տոկոսի կողմից, մինչդեռ այդ մասին հրապարակավ ավելի շատ է խոսվում: Աշոտյանը կամ գլխի չի ընկել, կամ գլխի ընկնելով՝ չի ցանկացել բարձրաձայն խոստովանել, որ ուսանողների ընդամենը 4.6 տոկոսն է նշել կոռումպացվածության մասին, որովհետև ուսանողների զգալի հատվածը ՀՀԿ անդամներ են կամ ՀՀԿ-ական ուսխորհուրդների ազդեցության տակ գտնվողներ: Իհարկե, նույն ուսումնասիրության արդյունքներով՝ կուսակցական կողմնորոշում ունեցող ուսանողության թիվն ընդամենը 6,8 տոկոս է կազմում, սակայն դա իրականությանը մոտ է այնքանով, որքանով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շմայսը՝ հետբուհական կրթությանը: Ի դեպ, հարցված ուսանողների 33 տոկոսը համաձայն է, որ` «բնական է, որ հարուստներն ու իշխանություն ունեցողներն անպատիժ խախտում են օրենքները, քանի որ ով էլ հարստանա կամ գա իշխանության` այդպես կվարվի»:

Այս ցուցանիշը ևս հեռու է իրականությունից, քանի որ բոլոր բուհերում ուսխորհուրդները հանրապետականացված են և ընդգրկում են ակտիվ ուսանողության մեծ մասին: Հետևաբար՝ այս կարծիքին պետք է համաձայն լիներ ուսանողների առնվազն 60-70 տոկոսը: Եթե համաձայնվողների թիվն այդքան չէ, ուրեմն նրանք իսկական ՀՀԿ-ականներ չեն: Իսկ եթե իսկական ՀՀԿ-ականներ չեն, ուրեմն նրանց պարտադրաբար են ՀՀԿ անդամ դարձրել: Երկու դեպքում էլ Աշոտյանի համար պատկերը տխուր է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս