Ուսանողների 33%-ը համաձայն է, որ հարուստներն ու իշխանություն ունեցողները անպատիժ խախտում են օրենքները
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ներկայացվել են ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացված «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատում» հետազոտության երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածի արդյունքները: Ներկայացնելով կատարված սոցիոլոգիական ուսումնասիրության կարևորությունը՝ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հիմնական նպատակն այսօրվա ուսանողության իրական նկարագրի բացահայտումն է եղել. պարզելու նրա՝ կրթական բարեփոխումների ու քաղաքացիական ու հասարակական հարաբերությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը.
«Նախորդ անգամ ներկայացվել է ուսանողության կարծիքը բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ՝ Բոլոնիայի գործընթացի համատեքստում: Հաշվի առնելով, որ ուսանողը նաև ՀՀ քաղաքացի է՝ իր լիարժեք իրավունքներով ու ազատություններով, իրականացրել ենք նաև հետազոտություն՝ պարզելու նրանց հասարակական-քաղաքական գերակայությունները, վարքի առանձնահատկությունները և ընկալումները՝ երկրում ընթացող քաղաքական և քաղաքացիական գործընթացների վերաբերյալ»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ ստացված արդյունքները բավական ուշագրավ են: Նախարարի խոսքով՝ կատարված հետազոտությունը թույլ է տալիս հասկանալ Հայաստանի ներկա և ապագա զարգացումների ընթացքը:
Ա. Աշոտյանի խոսքով՝ օրինակ բավական հետաքրքիր է, որ իբրև երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիր՝ կոռուպցիան մատնանշվել է հարցված ուսանողների ընդամենը 4,6 տոկոսի կողմից, մինչդեռ այդ մասին հրապարակավ ավելի շատ է խոսվում:
«Կրթության որակը ևս, որը ԿԳՆ առաջնային խնդիրն է, ուսանողության կողմից քիչ է կարևորվել՝ ընդմանեը 5 տոկոսն է նշել, որ կրթության որակն իրենց համար խնդիր է: Ինձ համար հետաքրքիր և կարևոր է, որ մեզ մոտ ձևավորվում է ինքն իր վրա հույս դնող սերունդ. մեծ մասը կարծիք է հայտնել, որ ամեն մարդ ինքն է պատասխանատու իր ճակատագրի համար: Այսինքն՝ մենք դուրս ենք գալիս այն կարծրատիպերից, որտեղ ամբողջ հույսերը կապվում են միայն պետության հետ:
Հետաքրքիր է նաև ուսանողների քաղաքականացվածությանը վերաբերող տվյալը. կուսակցական կողմնորոշում ունեցող ուսանողության թիվը ընդամենը 6,8 տոկոս է կազմում, ինչը կրկնակի անգամ ավելի ցածր է հասարակության ընդհանուր կուսակցականցվածության ցուցանիշից: Փոխարենը քաղաքացիական նախաձեռնություններին անդամակցողների թիվն ավելի մեծ է, քան հասարակության միջին ցուցանիշը: Մեզ համար մարտահրավեր է, որ բավական ցածր է ուսանողության հասարակական-քաղաքագիտական գիտակցության մակարդակը, որովհետև այս դեպքում նրանք ավելի հեշտ են ենթարկվում մանիպուլյացիաների: Մենք թերևս պետք է հասարակագիտական կրթության որակի բարելավման ուղղությամբ քայլեր ձեռնարկենք, որպեսզի նպաստենք ուսանողների ֆունդամետնալ գիտելիքների կուտակմանը»,- նշել է Ա.Աշոտյանը և հավելել, որ արտաքին դրամաշնորհներով իրականցվող բազմաթիվ նախագծերը այդ խնդիրը, փաստորեն, չեն լուծել:
Ա. Աշոտյանի դիտարկմամբ՝ հետաքրքիր է նաև, որ ուսանողության մոտ 60 տոկոսը շեշտել է, որ առկա քաղաքական ուժերից որևէ մեկն այս պահին չի արտահայտում իր քաղաքական զգացողությունները:
Հետազոտական աշխատանքն իրականացրած IPSC ընկերության վերլուծաբան Ս. Մանուկյանը, ներկայացնելով հետազոտության արդյունքները, նշել է, որ «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածը ներառում է զանգվածային հետազոտության տվյալներ Հայաստանի կաևորագույն խնդիրների մասին` ՀՀ ուսանողների պատկերացումների, Հայաստանի ներկայիս հասարակարգի վերաբերյալ նրանց գիտելիքների և հասարակական ակտիվության, ինչպես նաև տնտեսական և ստատուսային անհավասարության նկատմամբ ուսանողների դիրքորոշման վերաբերյալ: Ըստ հետազոտության արդյուքների՝ ուսանողության 25.3%-ի կարծիքով Հայաստանի առջև կանգնած կարևորագույն խնդիրը գործազրկությունն է, որին հետևում են՝ աղքատությունը (20.0%), երկրի անվտանգության ապահովումը (19.8%), երկրի տնտեսական թերզարգացածությունը (19.6%), արտագաղթն ու արտագնա աշխատանքի մեկնումները (19.3%):
Ուսանողների 58.8%-ը համաձայն են այն կարծիքին, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր տնտեսական վիճակի համար, 27.7%-ը՝ կարծում են, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառը անարդարությունն է, իսկ 12.1%-ը գտնում են, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառը երկրի աղքատությունն է՝ երբ երկիրը հարստանա՝ այդ խնդիրները կլուծվեն:
Ուսանողների 33.0%-ը համաձայն է, որ` «բնական է, որ հարուստներն ու իշխանություն ունեցողները անպատիժ խախտում են օրենքները, քանի որ ով էլ հարստանա կամ գա իշխանության` այդպես կվարվի»: Այդ կարծիքի հետ համաձայն չեն ուսանողների 66.6%-ը:
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով՝ IPSC ընկերության կողմից, 2015թ.-ի մայիս-հունիս ամիսներին:
Իրականացվել է կոմպլեքսային սոցիոլոգիական հետազոտություն, այդ թվում՝ զանգվածային հետազոտություն (հետազոտության ընդհանուր համակցությունն էր՝ Երևանի պետական համալսարանների առկա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, հարցվել է 1,221 ուսանող), փորձագիտական հարցազրույցներ կրթության ոլորտի փորձագետների հետ (20 հարցազրույց), ֆոկուս խմբային հետազոտություններ ուսանողների շրջանում (6 ֆոկուս խումբ):