Ո՞վ և որքա՞ն կվճարի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին

Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ ի թիվս Երևանում արած մի շարք հայտարարությունների, խոսել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների մասին՝ շեշտելով, որ նրանք հոգնել են պատերազմից, բռնություններից ու պետք է պահանջեն իրենց իշխանություններից գտնել խաղաղության բանաձևը: Իհարկե, Ուորլիքը դա ասել է այլ ձևակերպումներով, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում: «Այս մարդիկ հոգնել են բռնություններից և անհարկի զոհերից, որոնք գրանցվում են, բավական է, ժամանակն է խաղաղության, կարգավորման: Ավելի հեշտ չի լինի: Անհանգստացած եմ, որ կարող է ավելի վատ լինել: Ժամանակն է, որ Ձեր ղեկավարներին ուղերձ հասցնեք, որ խաղաղությունից և բանակցային կարգավորումից կշահեն ժողովուրդները, և մենք՝ որպես համանախագահներ, այդ ուղղությամբ ենք ցանկանում աշխատել»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Ասել, որ Ուորլիքի հայտարարությունը նորություն է, իր մեջ սենսացիա է պարունակում, սխալ կլինի, որովհետև համանախագահները տարբեր առիթներով հաճախ են խոսել հայ և ադրբեջանցի ժողովուրդների մասին, հանդես են եկել նմանատիպ կոչերով: Սակայն ամերիկացի համանախագահի հայտարարությունը որոշակի հետաքրքրություն է առաջացնում դրա հնչեցման ժամկետի առումով:

Նոյեմբերին Ադրբեջանում կայանալու են խորհրդարանական ընտրությունները, դեկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Ընդհանրապես, իշխանությանը ուղերձ հղելու գործիքը, մեխանիզմն ընտրական ինստիտուտն է, որը խարխլված է և՛ Հայաստանում, և՛ առավել ևս՝ Ադրբեջանում: Եթե Ուորլիքի հայտարարությունը փորձենք դիտարկել այդ համատեքստում, ապա այն, ըստ էության, նշանակում է, որ, եթե երկու երկրների ղեկավարները ցանկանում են մնալ իշխանության ղեկին, մեկը՝ սահմանադրական փոփոխություններով, մյուսը՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակով, ապա պետք է գործնական քայլեր անեն խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

Այլ կերպ ասած, ԱՄՆ-ը կամ, տվյալ դեպքում՝ Արևմուտքը, կարող է չհանդուրժել խորհրդարանական ընտրությունների կեղծումն Ադրբեջանում ու սահմանադրական փոփոխությունների անցկացումը Հայաստանում, եթե դրա դիմաց երկու երկրների նախագահները չպարտավորվեն քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթաց ապահովելու համար:

Այստեղ, իհարկե, կարևոր է, թե ում անունից են հնչում Ուորլիքի հայտարարարությունները՝ ԱՄՆ վարչակազմի՞, թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի: Կարող է լինել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ու անկախ դրանից, հասկանալի է, որ երկու ժողովուրդներին ուղղված ուղերձը՝ «սեփական իշխանություններին ուղերձ հղելու վերաբերյալ», իրականում ուղղված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին:

Ուորլիքն ասում է, որ երկու ժողովուրդները հոգնել են պատերազմից, և, որ բավական է, պետք է հասնել խաղաղության: Միանգամայն իրավացի է ամերիկացի դիվանագետը: Սակայն կա մի նրբերանգ, որի մասին Ուորլիքը գիտի, բայց հասկանալի պատճառներով՝ չի բարձրաձայնում: Իսկ հոգնե՞լ են, արդյոք, երկու երկրների նախագահներն ու ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմից: Ըստ ամենայնի՝ ոչ: Որովհետև, բացի այն, որ պատերազմական իրավիճակը հնարավորություն է տալիս, մեղմ ասած, ոչ այնքան ժողովրդավարական մեթոդներով պահպանել իշխանությունը, այլև այն նաև փողի, սարսափելի մեծ ստվերային փողի աղբյուր է: Այնպես որ, ժողովրդի ուղերձը հազիվ թե հուզի երկու երկրների իշխանություններին, մասնավորապես՝ Ադրբեջանի:

Ուղերձը, անգամ պաթետիկ ու լիրիկական, նույնիսկ մարդկային կյանքեր փրկելու նպատակ ունեցող ոչինչ է, քանի որ դրա մեջ չկա ո՛չ իշխանություն, ո՛չ փող: Իսկ դրանք և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում իշխանությանն ամենաշատը հուզող երևույթներն են: Եվ եթե միջազգային հանրությունն իսկապես ցանկանում է խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում, ապա պետք է երկու երկրների ղեկավարներին ապահովի դրանցով՝ իշխանությամբ ու փողով: Ինչպես ու ինչքան՝ արդեն տեխնիկական խնդիր է:

Տեսանյութեր

Լրահոս