«Բավական է, ժամանակն է խաղաղության». Ջեյմս Ուորլիք

«Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները պետք է ուղերձ հղեն իրենց ղեկավարներին այն մասին, որ հոգնել են բռնությունից»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Սակայն նախ՝ պարզաբանելով իր տված հարցազրույցն այն մասին, որ ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչումը կարող է հանգեցնել վտանգավոր ռազմական պատասխանի Ադրբեջանի կողմից, ասաց, որ Բաքվում ճանաչումը կդիտարկվի՝ որպես սադրիչ քայլ:

«Ես չեմ կանխատեսում, որ պատերազմ կսկսվի, ես ասում եմ, որ սա կարող է դիտարկվել՝ որպես սադրանք, և կարող է հանգեցնել լարվածության աճի մի ժամանակահատվածում, երբ լարվածություններն ու բռնությունները շատ են: Մեր խնդիրներն ու նպատակները, որ այս այցի ընթացքում ունենք, այն է, որ կրճատենք լարվածությունը, որպեսզի չլինեն քաղաքացիական անձանց զոհեր, և կողմերից ոչ մեկը չպետք է սրի իրավիճակն ու սադրիչ գործողությունների դիմի: Մենք ցանկանում ենք, որ լինեն այնպիսի բանակցություններ, որոնք կհանգեցնեն տևական կարգավորման»,- ասաց Ուորլիքը:

Ամերիկացի դիվանագետը նաև նախանշեց Ալիև-Սարգսյան հանդիպման ժամկետները: Նա ընդգծեց, որ հանդիպման հստակ ամսաթվեր դեռ չկան, և համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի ընթացքում քննարկվելու է նաև այս հարցը: «Գիտեմ, որ դեկտեմբերի սկզբին ՀՀ-ում հանրաքվե է սպասվում, երևի նախագահների մակարդակով հանդիպումը տեղի կունենա հանրաքվեից հետո, շատ կարճ պատուհան է մնում, պետք է նայենք նախագահների գրաֆիկին:

Հաշվի առնելով բռնությունների աճը` ժամանակն է, որ ևս մեկ հանդիպում կայանա: Մեկ տարուց ավելի է, որ եղել է հանդիպում նախագահների միջև, այժմ շփման գծում և սահմանին բռնությունների մակարդակն աճել է, ինչը շատ է մեզ անհանգստացնում, մեզ անհանգստացնում է նաև նռնականետերի ու ծանր սպառազինության օգտագործումը: Երկու տարի առաջ, երբ եկա Երևան և հանդիպում ունեցա ձեզ հետ, հիմնական խնդիրը կողմերի միջև դիպուկահարներն էին, դիպուկահարները շատ կյանքեր էին խլում: Այժմ իրավիճակն ավելի վտանգավոր է, երբ օգտագործում են նռնականետեր, որոնք կործանարար ազդեցություն ունեն: Քաղաքացիական անձինք, անմեղ կանայք, տղամարդիկ ու երեխաներ են զոհվում, այն, ինչ պետք է անեն կողմերը, դա կասեցնելն է:

Ես կուզեի, որ կողմերը ստանձնեին հանձնառություն՝ նման զինամթերք չօգտագործելու վերաբերյալ, քանի որ կա լարվածության աճի ռիսկ, երբ օգտագործվում են այս զինատեսակները:

Մենք տեսել ենք դիպուկահարների, որոնք այժմ օգտագործում են 81 մմ-նոց, 120 մմ-անոց և նաև հրետանային զենք, սա զգալի լարվածության աճ է: Չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկը ցանկանում է տեսնել հակամարտության ընդլայնում, բայց այս զենքերի օգտագործման վտանգն այն է, որ դրան կարող է բերել:

Մենք ցանկանում ենք խոսել նախագահների հետ այս ծանր զինատեսակների օգտագործման մասին, և ցանկացած գործողության, որը մյուս կողմը կարող է դիտարկել սադրիչ, որի հետևանքով լարվածություն կառաջանա: Բանակցային լուծման հետ կապված`երբ բռնությունը սրվում է շփման գծում և սահմանին, մենք պետք է հարգենք հրադադարի ռեժիմը, որպեսզի բանակցությունները հաջողություն ունենան»,- ասաց Ջեյմս Ուորլիքը:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը նաև ուղերձ հղեց ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի բնակիչներին:

«Այս մարդիկ հոգնել են բռնություններից և անհարկի զոհերից, որոնք գրանցվում են, բավական է, ժամանակն է խաղաղության, կարգավորման: Ավելի հեշտ չի լինի: Անհանգստացած եմ, որ կարող է ավելի վատ լինել: Ժամանակն է, որ Ձեր ղեկավարներին ուղերձ հասցնեք, որ խաղաղությունից և բանակցային կարգավորումից կշահեն ժողովուրդները, և մենք՝ որպես համանախագահներ, այդ ուղղությամբ ենք ցանկանում աշխատել»,- ասաց ամերիկացի դիվանագետը:

Տեսանյութեր

Լրահոս