Ինչով է պայմանավորված խոշոր հարկատուների հարկերի աճը
ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը` այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար։
Եվ այսպես, Հանրապետության 1000 խոշոր հարկատուները` միասին, տարվա առաջին 9 ամիսներին պետբյուջե են վճարել 515.4 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 504,2 մլրդ-ի դիմաց։ Այսինքն, 1000 խոշորները հարկերն ավելացրել են 11.2 մլրդ դրամով կամ 2.2%-ով։ Ընդհանուր հարկային մուտքերը (բոլոր հարկատուների) այս ընթացքում աճել են 1,3-1,4%-ով։ Այսինքն` խոշոր հարկատուներն իրենց վրա են վերցրել հարկերի ավելացման բեռի զգալի մասը։
Այդպե՞ս է դա արդյոք։
Մինչև առաջ անցնելը մի պարզ համեմատություն անենք։ Այս տարվա ցանկի առաջին 10 տեղերը զբաղեցրած ընկերությունները միասին պետբյուջե են վճարել 144,14 մլրդ դրամ։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին առաջին 10 հարկատուները վճարել էին 130,9 մլրդ դրամ։ Այսինքն` 10 խոշորագույնների կտրվածքով` հարկային մուտքերն ավելացել են ավելի քան 13 միլիարդ դրամով։ Իսկ մնացած 990 ընկերությունների դեպքում ընդհանուր հարկային մուտքերը պակասել են 2 միլիարդ դրամով։
Ստացվում է` խոշորների հարկերն ավելացել են առաջին 10-յակի շնորհիվ։ Սակայն շատ ավելի հետաքրքիր է դառնում, երբ փորձում ենք հասկանալ` կոնկրետ ո՞ր ընկերություններն են հարկերն ավելացրել։
Նախ` նշենք, որ առաջին տասնյակում տեղ գտած ընկերություններից 4-ը նախորդ տարվա համեմատ նվազեցրել են հարկերը։ Ամենից շատ հարկերի նվազում գրանցել է «Ղ-Տելեկոմը»` 8.4 մլրդ դրամով։ «Ալեքս Գրիգի» վճարած հարկերը նվազել են 2.8 մլրդ դրամով, «ԱրմենՏելինը»` 1.055 միլիարդով, CPS-ինը` 290,9 միլիոնով։
Իսկ ո՞վ է ավելի շատ վճարել։ Ընդ որում, այնքան շատ, որ ոչ միայն փոխհատուցել է այս նվազումները, այլ դեռ մի բան էլ զգալի աճ ապահովել հարկատուների առաջին տասնյակի համար։
Խոշորագույն հարկատուն` «Գազպրոմ-Արմենիան», հարկերն ավելացրել է 840 միլիոն դրամով (հասցնելով 31 միլիարդի)։ Հարկերը 2.861 միլիարդով ավելացրել է նաև «Գրանդ-Տոբակոն»։ Ավելի էական աճ է ցույց տվել նաև «Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերությունը։ Չնայած մետաղների գների անկմանը` հարկերը 6.2 միլիարդ դրամով ավելացրել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Որոշ չափով` 264 միլիոն դրամով էլ «Ֆլեշն» է ավելացրել հարկային վճարումները։ Սակայն այս ամենը բավարար չէր` աճ ապահովելու համար։ Եթե չլիներ Որոտանի հիդրոկայանների համալիրը։
Ընկերությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե է վճարել 16.7 մլրդ դրամ։ Դա ավելի քան 7 անգամ շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Աճը պատկերացնելու համար նշենք, որ Որոտանի համալիրը 2014 թվականի ողջ տարվա համար պետբյուջե է վճարել 2 մլրդ 880 միլիոն դրամ, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին (տարին չլրացած)` արդեն 16,7 մլրդ դրամ, և զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկի 3-րդ հորիզոնականը։ Ընդ որում, այդ գումարի մեծ մասը, 14,8 միլիարդ դրամը, վճարվել է այս տարվա երրորդ եռամսյակում` հուլիս-օգոստոս ժամանակահատվածում (հունվար-հունիսի արդյունքներով Որոտանը վճարել էր 1,8 մլրդ դրամ)։
Թե որտեղից է գոյացել այս հարկը, դժվար չէ գուշակել, եթե հաշվի առնենք, որ այն ամբողջությամբ ավելացված արժեքի հարկ է։ Այս գումարը «Որոտանի հիդրոկայանների» համալիրն ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» ընկերությանն օտարելու արդյունքն է։ Այսինքն` գործարքի արժեքի ԱԱՀ-ն։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց նաև «Քոնթուր Գլոբալի» հայաստանյան ներկայացուցիչ Արա Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Որոտանի ՀԷԿ-ի առքուվաճառքի պայմանագրին 2013թ. նոյեմբերին։ Իսկ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի ու ՀՀ կառավարության միջև պայմանագիրը ստորագրվեց 2014թ. հունվարին։
Որոտանի ՀԷԿ-ը «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառվել է 180 մլն ԱՄՆ դոլարով։ Պայմանագրի համաձայն` գնի կեսը` 90 մլն դոլարը, գնորդը վճարել է գործարքի ավարտի օրը` հուլիսի 30-ին։ Իսկ մյուս կեսը պետք է վճարվեր գործարքի ավարտման օրվանից մեկ տարի անց։
Որոշ թվեր չեն համընկնում, սակայն էականը դա չէ (Որոտանի համալիրն առանձին թեմա է)։ Էականն այն է, որ հարկերի աճն ապահովվել է ոչ թե` 1000 խոշոր հարկատուների, ոչ թե` 100 կամ 10 խոշորագույնների, այլ` մի քանի ընկերությունների հաշվին։ Ու առաջին հերթին` «Որոտանի հիդրոկայանների» վաճառքի։ Այսինքն, եթե այս համալիրը վաճառված չլիներ, 1000 խոշորագույն հարկատուների վճարած հարկերը նվազած կլինեին։
Սա հերթական ապացույցն է այն բանի, որ չնայած հայտարարվող տնտեսական աճին` պետբյուջեի եկամուտների հավաքագրման հետ կապված լուրջ դժվարություններ կան։
Ավելացնենք նաև, որ խոշոր հարկատուների վճարած հարկերի մեջ ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ) կազմում են 173 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկային մուտքերի 33,5%-ը։ Բյուջեի հիմնական աղբյուրը շարունակում են մնալ անուղղակի հարկերը` ԱԱՀ-ն ու ակցիզային հարկը, որոնց տեսակարար կշիռն ընդհանուր հարկերի մեջ 54.7% է (282 մլրդ դրամ)։