«Սոցիալական պետության էությունը միայն սոցիալական քաղաքականությունը չէ». Գևորգ Դանիելյան

«Ես համամիտ չեմ ընդհանրապես, երբ միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ նաև ճանաչված, ընդունելի նորմերն արտացոլվում են Սահմանադրության մեջ ամբողջությամբ»,- այս մասին այսօր «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» թեմայով քննարկման ընթացքում ասաց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով խնդրին, թե ինչ չափով Սահմանադրությունը պետք է ամրագրեր մարդու իրավունքները և ազատությունները:

«Բնականաբար, դուք այստեղ տեսնում եք ծավալուն հոդվածներ, ծավալուն խմբագրություններ, և ինչ-որ տեղ հասկանալի են ինձ համար այն բոլոր դիտարկումները, որոնք վերաբերում են և այս ծավալին, և, ընդհակառակը՝ այն նորմերին, որոնք մի փոքր ավելի հակիրճ են ներկայացրել մարդու իրավունքները և այնքան ընդհանրացված, որ կարող են տեղիք տալ, ընդունենք, ընթացիկ օրենսդրությունն ընդունելիս՝ նաև չարաշահումների: Այս առումով երկու մոտեցում կա: Ես համամիտ չեմ ընդհանրապես, երբ միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ նաև ճանաչված, ընդունելի նորմերն արտացոլվում են Սահմանադրության մեջ ամբողջությամբ:

Մի շատ կարևոր վերապահում պետք է նկատի ունենանք, որ միջազգային պայմանագրերը միշտ չէ, որ կարգավորում են մարդ-պետություն փոխհարաբերությունները»,- ասաց նա: Գևորգ Դանիելյանի խոսքով՝ միջազգային պայմանագրերի հիմնադրույթներն ընդամենը նվազագույն նորմեր են, որոնք հետագայում կարող են զարգացվել Սահմանադրությունում, դրանք հնարավորություն են տալիս նաև օրենսդրությունը զարգացնել, հետևաբար՝ որոշ դեպքերում դրանք նույնությամբ ամրագրելու անհրաժեշտություն իրենք չեն տեսել:

Գևորգ Դանիելյանը նշեց, որ երկու երաշխիք կա, որ կարող են հաջողությամբ լուծել այս խնդիրը, առաջինը, ըստ նրա, այն է, որ վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումներից ավելի սահմանափակումներ չեն կարող նախատեսվել:

«Այդ սահմանն արդեն դրված է: Ինչպիսի օրենսդրություն էլ մենք ունենանք, ինչպիսի նկատառումներ կամ չգիտեմ ինչպիսի ձգտումներ ունենա իշխանությունը, պետք է մի բան պարզ գիտակցի, որ սահմանն արդեն դրված է 81-րդ հոդվածով»,- ասաց նա՝ նշելով, որ, եթե անգամ վավերացված միջազգային պայմանագրերի հիմնադրույթները տարաբնույթ մեկբանությունների տեղիք են տալիս, ապա դրանց մեկնաբանության ընթացքում պետք է հաշվի առնենք միջազգային պայմանագրերը կիրառող մարմինների դիրքորոշումը, պրակտիկան:

Գևորգ Դանիելյանն ասաց, թե հասկանում է, որ Մարդու իրավունքների պաշտպանին առնչվող գլխի վերաբերյալ տարաձայնություններ կան, իրենք այն քննարկել են բավականին թեժ մթնոլորտում՝ առավել շատ կանգ առնելով այն հարցի վրա՝ արդյո՞ք մարդու իրավունքների պաշտպանը, բացի հանրային իշխանության մարմինների հետ փոխհարաբերվելուց, փոխհարաբերվել է նաև այլ կազմակերպությունների հետ. «Այսինքն՝ կարո՞ղ է արդյոք մարդու իրավունքների պաշտպանն այսուհետ պաշտպանել մարդկանց իրավունքները նաև կազմակերպություններից: Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ մենք ունենք հանրային նշանակության կազմակերպություններ, որոնք, ըստ էության, կա՛մ մենաշնորհ, կա՛մ գերիշխող դիրք ունեն, և այս կազմակերպություններում պակաս ձևավորված բյուրոկրատիզմ չկա: Դրանք գրեթե ավելի բյուրոկրատական ընթացակարգերով են իրենց գործունեությունը կազմակերպում, քան, ընդունենք, նույնիսկ հանրային իշխանության մարմինները, այդ թվում նաև՝ տեղական ինքնակառավարման մարմինները, և առ այսօր մեր դիրքորոշումն այն է եղել, որ սրանք ընդամենն իրավունքի մասնավոր սուբյեկտներ են, և մարդու իրավունքների պաշտպանն այստեղ անելիք չունի»: Գևորգ Դանիելյանի խոսքով՝ հանձնաժողովում այս առաջարկը ևս խնդրահարույց էր, քննարկման արդյունքում եկել են այն եզրահանգման, որ սա համարձակ առաջարկ է, բայց նաև ընդունելի: Նրա խոսքով՝ սրանով մի փոքր բարդացնում են մարդու իրավունքների պաշտպանի կյանքը, բայց դրանում անհրաժեշտություն են տեսնում:

«Պետությունը, ըստ Սահմանադրության՝ որակվում էր՝ որպես և՛ իրավական, և՛ սոցիալական: Միաժամանակ տեղյակ եք, որ հազիվ թե հանդիպեք սահմանադրությունների, որտեղ պետությունը միաժամանակ որակվում է այդպիսին: Որպես կանոն, այս երկու որակները համատեղելի չեն: Մենք ընկալում էինք, մեզ համար դա դարձել է գրեթե սովորական, որ պետությունը, այո, պետք է իրավական լինի, իրավունքի գերակայությունը պետք է անպայման լինի և՛ Սահմանադրությունում, և՛ իրավակիրառ պրակտիկայում, և միաժամանակ պետությունը պետք է սոցիալական լինի: Եթե մենք մեր իրավական գիտակցությամբ, իրավական մշակույթի մեջ այս երկու եզրույթները համարժեք չենք կիրառում, ապա խնդիր չկա: Եթե մենք «սոցիալական» ասելով՝ հասկանում ենք ընդամենը սոցիալական քաղաքականություն, իսկ «իրավական պետություն» ասելով՝ հասկանում ենք իրավունքի գերակայություն, ապա որևէ խնդիր չկա, բայց բոլորս էլ շատ լավ պետք է գիտակցենք, որ սոցիալական պետության էությունը միայն սոցիալական քաղաքականությունը չէ, որ սոցիալական պետությունը ենթադրում է նաև իրավահավասարության դասական պատկերացումների արդեն որոշ շեղումներ, շեղումներ՝ դրական իմաստով, եթե դրանք, իհարկե, տեղավորվում են սոցիալական պետության էության գաղափարի մեջ:

Եվ պետք է ասեմ, որ գոնե իմ դիտարկումները բերում են այն համոզման, որ այնուամենայնիվ, մենք այս երկու եզրույթները համարժեք չենք ընկալում: Օրինակ, դեռ ժամանակին խնդիր դրվեց հաշմանդամների համար տնտեսական գործունեության ոլորտում ինչ-ինչ արտոնություններ սահմանել, որպեսզի նրանք կարողանային լիցենզիաներ ստանալ և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որի համար չէին պահանջվելու այն պայմանները, որոնք, որպես կանոն, դրվում են այլ ձեռնարկատերերի առջև, բայց սա դիտարկվեց՝ որպես իրավահավասարության խախտում, որպես տնտեսական մրցակցության սկզբունքի խախտում, և այլն, և այլն:

Վերջին զարգացումները ևս դրա մասին են խոսում: Երբ պատգամավորներից մեկն առաջարկեց, որ տուգանքի տարբեր չափեր սահմանվեն՝ հաշվի առնելով նրանց գույքային դրությունը (իհարկե, կարելի էր վիճարկել, որ գույքային դրության հետ կապված միգուցե իր փաստարկները խիստ խոցելի էին, որովհետև, բնականաբար, միայն թանկարժեք կամ ոչ թանկարժեք մեքենա ունենալը չէ, որ կանխորոշում են ֆինանսական դրությունը, բայց ինչևէ, գաղափարը հասկանալի էր), դարձյալ արձագանքը եղավ այն, որ մենք խախտում ենք իրավահավասարության սկզբունքը: բայց մյուս կողմից տեսեք զարգացումները ինչպիսն են այլ երկրներում, որոնք ևս իրենց հռչակում են սոցիալական պետություն, անգամ սոցիալական պետության մասին խոսք չկա: Զարգացումները վկայում են այն մասին, որ կան տարբերակված մոտեցումներ նաև տուգանքի չափերի հետ կապված: Այսինքն՝ միևնույն խախտման համար, այո, մարդիկ կարող են վճարել տուգանքի տարբեր չափեր՝ կախված իրենց գույքային դրությունից: Եվ դա բացարձակապես չի ընկալվում՝ որպես իրավահավասարության խախտում: Գնալո՞ւ ենք մենք այդ ճանապարհով: Կարծում եմ, որ նախագծի՝ իմ կողմից գոնե շատ ընդունելի դրույթներից մեկն այն է, որ, այո, Սահմանադրությունը տալիս է այդպիսի հնարավորություն: Նկատենք, որ օրենսդրությունը ևս ինչ-որ տեղ թողել է, որ մեր ընկալումները հենց այդ ուղղությամբ էլ զարգանան: Քրեական օրենսդրությունը ևս նախատեսում է նորմեր, որ մարդկանց նկատմամբ գույքային սանկցիաներ կիրառելիս պետք է նրանց գույքային դրությունը հաշվի առնվի: Եթե մենք սա ամրագրում ենք՝ բնականաբար, միջազգային փորձը հաշվի առնելով, բայց ոչ երբեմն համարժեք ընկալելով, պետք է հասկանանք, որ հաջորդ քայլը պետք է կատարենք»,- ասաց Գևորգ Դանիելյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս