Կեղծ և իրական օրակարգեր
«Սահմանադրական բարեփոխումների գործընթացը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջ քաշված կեղծ օրակարգ է, ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի մտնելու այդ օրակարգի մեջ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներից մեկը, ըստ որի՝ գործող Սահմանադրությա՞մբ, թե՞ նոր, Սերժ Սարգսյանը կարող է վերարտադրվել:
Անկախ նրանից՝ որքանով է ճիշտ կամ հիմնավոր նման դիրքորոշումը՝ սահմանադարական փոփոխությունների օրակարգի՝ կեղծ լինելու մասին, սա Նիկոլ Փաշինյանի հիմնադրած կուսակցության սկզբունքային մոտեցումն է եղել ի սկզբանե, որն արժանի է հարգանքի: «Այն պնդումները, որ սա կարելի է վերածել իշխանության անվստահության հանրաքվեի՝ մեզ համար նույնպես անընդունելի է, որովհետև մեզ համար կարևոր է ոչ միայն՝ իշխանության, այլև՝ ընդդիմության լեգիտիմությունը»,- երեկ ասել է Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչը:
Սա շատ կարևոր արձանագրում է, որն էլ ավելի արժեքավոր կլինի, եթե դառնա հանրային-քաղաքական օրակարգում քննարկվող ամենակարևոր հարցերից մեկը: Ընդդիմության լեգիտիմություն: Այո, Հայաստանում լեգիտիմ չէ ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը, և, հասկանալիորեն, խոսքն այս դեպքում ոչ թե՝ լեգիտիմության իրավական ասպեկտի, այլ՝ բովանդակության մասին է: Ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը լեգիտիմ չէ քաղաքացիների գիտակցության մեջ, մարդկանց ընկալումներում: Իսկ դա ոչ միայն առանձին վերցրած ընդդիմադիր ուժերի ու գործիչների վարքագծի գործունեության արդյունքն է, այլև հետևանքն այն բանի, որ Հայաստանում լեգիտիմ չէ քաղաքականություն երևույթը, քաղաքականության ինստիտուտն ընդհանրապես:
Որովհետև տարիներ, տասնամյակներ շարունակ քաղաքականությամբ զբաղվողները, գիտակցված կամ ոչ, իրենց գործունեությամբ նպաստել են, որպեսզի հասարակության մեջ ատելություն, զզվանք առաջանա այն ամենի նկատմամբ, ինչը կապված է քաղաքականության հետ: Արել են այնպես, որ «քաղաքականությունն անբարոյականություն է» պրիմիտիվ ու ծանծաղ, քաղաքականության խորքի հետ որևէ կապ չունեցող կաղապարն այնքան արմատավորվի մարդկանց ուղեղներում և հոգիներում, որ նրանք դադարեն վստահել քաղաքականության հետ առնչություն ունեցող ցանկացած երևույթի ու գործչի:
Այնպես որ, այո, պետք է վերականգնել ընդդիմության լեգիտիմությունը, բայց դրանից առաջ կամ առաջին հերթին՝ պետք է վերականգնել քաղաքականություն երևույթի, գործունեության այդ տեսակի լեգիտիմությունը: Իրականում քաղաքականությունն ամենաբարոյական զբաղմունքներից մեկն է, քանի որ դրա գաղափարաբանությունը խարսխված է որոշակի ծրագրերի միջոցով իշխանության գալու և այդպիսով՝ հասարակության, մարդու կյանքն ավելի լավը դարձնելու նպատակադրման վրա: Ուստի, եթե հարցը տեղափոխում ենք բարոյականության դաշտ, ապա անբարոյական են քաղաքական գործիչները, ոչ թե քաղաքականությունը: Անբարոյական են առաջին հերթին՝ այն պատճառով, որ մարդու բարօրությանն ուղղված գործունեությունը կարողացել են հավասարեցնել պոռնկության հետ:
Քաղաքականություն երևույթի «լեգիտիմության» բացակայության պայմաններում իշխանության կամ ընդդիմության լեգիտիմությունը դառնում են ածանցյալ, երկրորդական կարևորություն ունեցող հարցեր: Երբ քաղաքացիները կվերագնահատեն իրենց վերաբերմունքը քաղաքականության նկատմամբ, իշխանական և ընդդիմադիր ոչ լեգիտիմները կդառնան լեգիտիմ, և՝ հակառակը: Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանում կեղծ են բոլոր օրակարգերը: