Իսրայելը Լիբանանի հարավի 16 բնակավայրերի բնակիչներին տարհանման հրահանգ է տվել
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հանձնարարել է տարհանել Լիբանանի հարավի 16 բնակավայրերի բնակիչներին՝ «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքների ուղղությամբ ավիահարվածների նախաշեմին: Այս մասին հաղորդում է The Times of Israel հրատարակությունը։
«Քանի որ «Հեզբոլլահ»-ը խախտել է հրադադարի շուրջ համաձայնագիրը, ԻՊԲ-ն ստիպված է ուժով գործել նրա դեմ», – թերթը մեջբերում է իսրայելական բանակի մամուլի քարտուղար Ավիխայ Ադրայիի հայտարարությունը։
Զգուշացումը վերաբերում է Լիտանի գետից դեպի հարավ ընկած շրջանին, որտեղ արդեն գործում է տարհանման մասին ընդհանուր նախազգուշացումը։
Քաղաքացիական բնակչությանը հրահանգվել է տեղափոխվել Լիտանի գետից դեպի հյուսիս գտնվող ափամերձ Սիդոնի շրջան։
«Ցանկացած մեկը, ով գտնվում է «Հեզբոլլահ»-ի օբյեկտների մերձակայքում, վտանգի է ենթարկում իր կյանքը», – հավելել է Ադրային։




