Ով է բարեխոսել Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելու հարցում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երգիչ Արմեն Գոնդրաչյանին` հայտնի Արմենչիկին, Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհելու փաստը վերջին օրերին քննարկվող հիմնական թեման է դարձել: Սակայն մինչ օրս այդպես էլ անպատասխան է մնացել այն հարցը, թե, ի վերջո, Արմենչիկին ինչպես է հաջողվել այդ կոչումը ստանալ: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ երգիչ Արմենչիկը Մոսկվայում «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի միջոցով «վերաբերմունք է ցուցաբերել» ռուսական այն շրջանակներին, որոնք ի զորու էին ՀՀ նախագահի նստավայրում կազմվող ցուցակներում իր անունն ավելացնել: «Ժողովուրդ»-ն արդեն մի քանի օր է` փորձում է այս խնդրի շուրջ մեկնաբանություն ստանալ Արմենչիկից` սակայն ապարդյուն. մեր բոլոր նամակները մնացել են անպատասխան: Ի դեպ, հիշեցնենք, որ, ըստ լուրերի, Արմենչիկի կինը` Լուսինե Մանուկյանը, ով երկար տարիներ ապրել է Մոսկվայում, Արա Աբրահամյանի բարեկամուհին է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: