Բաժիններ՝

Դրամի փոխարժեքի նկատմամբ խոշոր ճնշումներից հնարավոր է եղել խուսափել. Մարկ Դեյվիս. tert.am

Tert.am-ը զրուցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսի հետ:

– 2015թ. ՎԶԵԲ-ը կանխատեսեց 1,5% բացասական տնտեսական աճ, մինչդեռ Կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընթացիկ տարվա համար արված դրական աճի կանխատեսումները 2,8-3,6%-ի սահմաններում են: Ի՞նչ կարող եք ասել այս առնչությամբ:

– Նախ, թույլ տվեք նկատել, որ չնայած, որ ես կրթությամբ ու բազմամյա փորձով տնտեսագետ եմ, սակայն վերջին տարիներին, ինչպես ասում են, ապրել և շնչել եմ որպես բանկիր: Եվ որպես բանկիր մանրակրկիտ կերպով ներառված չեմ այն թվերում և վերլուծություններում, որոնք հանգեցրել են ՎԶԵԲ-ի կողմից մակրոտնտեսական կանխատեսումներին: Ասել է թե, ես հանդես եմ գալիս որպես տնտեսական և ֆինանսական զարգացումների դիտորդ: Խնդրում եմ այս առնչությամբ նկատի ունեցեք իմ մեկնաբանությունները, որոնք հուսով եմ կլինեն օգտակար:

Երկրորդ, եկեք հստակ հասկանանք, որ ցանկացած կանխատեսում վերջին հաշվով իրենից ներկայացնում է գրագետ կերպով արված գուշակություն, որի հիմքում ընկած են տնտեսության հիմնարարների վերաբերյալ տվյալ պահին առկա տեղեկությունները: Այժմ սեպտեմբեր ամիսն է, ուստի այս պահին մեր տրամադրության տակ կա մինչև 2015թ. հուլիսը ներառյալ ժամանակահատվածն ընդգրկող տվյալները: Այն մեզ շատ ավելի բան կարող է ասել ողջ տարվա կտրվածքով սպասվելիք արդյունքի մասին: Հոկտեմբերին Հայաստան կայցելեն ՎԶԵԲ տնտեսագետները՝ 2015-ի և 2016-ի կանխատեսումների վերաբերյալ թարմացված գնահատականներ կազմելու համար, սակայն միևնույն ժամանակ արդարացի է մատնանշել, որ մեզ հասանելի վերջին տվյալներում նկատվում են դրական միտումներ:

Կարդացեք նաև

Համաձայն Հայաստանի «Տնտեսական ակտիվության ինդեքսի»՝ հունվար-հուլիս ամիսների տնտեսական աճը եղել է 4.2%՝ 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Դրան մեծ չափով նպաստել է հանքարդյունաբերության ոլորտում նկատված 34.% աճը: Մասնավորապես՝ ակնկալվածից ավելի շուտ ժամկետներում շահագործման է հանձնվել նոր հանքահոր: Ուստի վերը նշված ձեռքբերումների շրջանակներում, որոշ գործոններ կարող են ունենալ մեկանգամյա ազդեցություն. այնուամենայնիվ զարգացումները խիստ դրական են: Նաև, 15.5% աճ է նկատվել գյուղատնտեսության ոլորտում, որը մասամբ արդյունք է 2014թ ցածր բազային ցուցանիշների ՝ ի հաշիվ նախորդ տարում առավելապես գարնանը նկատված վատ եղանակային պայմանների: Սակայն ոլորտում առկա է նաև կառուցվածքային դրական տեղաշարժեր՝ շնորհիվ խաղողի և գինեգործության մեջ օգտագործվող այլ մրգերի վաճառքի աճի, գյուղվերամշակման և տեղական սպառման, ինչպես նաև արտահանման համար վաճառվող ջերմոցային գյուղմթերքի աճի:

Այս ամենի հետ մեկտեղ մենք ՎԶԵԲ հայաստանյան ներկայացուցչությունում այս տարվա ընթացքում նկատել ենք առևտրային բանկերի կողմից մեր վարկային փոխառությունների նկատմամբ պահանջարկի նվազում, սակայն տեսնում ենք, որ հուլիս ամսվա ընթացքում առևտրային վարկերի իրական ծավալները (այսինքն՝ գնաճով ճշգրտված) ողջ տնտեսության կտրվածքով ունեցել են շուրջ 5% աճ: Ավելի վաղ մենք ակնկալում էինք ներդրումների որոշակի անկումը այս ժամանակաշրջանում,  և դա անակնկալ չէր կարող լիներ՝ հաշվի առնելով տարվա սկզբում արտարժույթի փոխարժեքի շուրջ ձևավորված ճնշումները, որը ստեղծեց որոշակի անորոշություն՝ հանգեցնելով ավելի բարձր տոկոսադրույքների: Բայց փաստացի վարկավորման աճը հուշում է համեմատաբար ավելի բարձր ներդրումային հնարավորությունների մասին, քան մենք ի սկզբանե ակնկալել ենք: Պետք է հետևել թե այս ճակատում դեպքերն ինչպես կզարգանան տարվա մնացած մասում:

Ռուսական արտարժույթի անկումն ազդեցություն ունեցավ տրանսֆերտների վրա, ինչը փոքր ի շատե համընկնում էր սպասումներին: Տարվա առաջին 7 ամիսների ընթացքում նրանք նվազել են շուրջ 35.4%-ով՝ ճնշում գործադրելով տեղական սպառման ծավալների վրա նվազման ուղղությամբ:

Սակայն կարծում եմ լավ նորությունն այստեղ այն է, որ սպառման ծավալները կարողացել են պահպանել իրենց հարաբերականորեն դրական ցուցանիշները՝ իրական արտահայտությամբ նվազելով ընդամենը 1.8%, մինչդեռ արտահանման ոլորտում չի նկատվել որևէ անկում: Միևնույն ժամանակ՝ ներկրման ծավալները նվազել են 27%-ով: Սա իսկապես հետաքրքիր է, քանի որ ներկրման ծավալների նման նվազման ֆոնին սպառման ցուցանիշների պահպանումը ենթադրում  է, որ  պետք է եղած լինի վերակողմնորոշում դեպի տեղական արտադրություն և վաճառք:

Սա շատ լավ նորություն է տնտեսության համար և ներկայացնում է տնտեսության դիմադրողականությունը արտաքին այնպիսի ցնցումների հանդեպ, ինչպիսիք են նավթի գնի անկումը և ողջ տարածաշրջանում նկատված ուղղակի ազդեցությունները: Հատկանշական է նաև զուտ արտահանման  ծավալներում նկատված դրական տեղաշարժերը (այսինքն՝ արտահանում հանած ներկրում), ինչը նպաստելու է ընթացիկ հաշվեկշռի պակասուրդի կրճատմանը, իսկ դա ենթադրում է հայկական դրամի նկատմամբ հարաբերականորեն ավելի բարձր պահանջ և հարաբերականորեն ավելի ցածր պահանջ ԱՄՆ դոլարի նկատմամբ:  Սա, բնականաբար, կաշխատի հօգուտ արտարժույթի փոխարժեքի և/կամ Կենտրոնական բանկի պահուստների:

– Կա՞ այս տարի դրամի կտրուկ արժեզրկման հավանականություն, ինչն ունեինք անցյալ տարվա նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին:

– Դրամի փոխարժեքի նկատմամբ խոշոր ճնշումներից հնարավոր է եղել խուսափել և դրամի արժեզրկումը շատ ավելի ցածր է եղել այլ երկրներում արձանագրված ցուցանիշների համեմատ: Իհարկե, ՎԶԵԲ-ը փոխարժեքների կանխատեսումներով չի զբաղվում: Ինչ կարող ենք ասել դա այն է, որ պատասխանատու և հարմարվողական հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները նպաստում են կայունությանը, ճիշտ այնպես ինչպես կառուցվածքային բարեփոխումներն են տնտեսությունը դարձնում ավելի արդյունավետ, բաց և ճկուն: Դա իր hերթին օգնում է ձևավորել արտարժութային ճնշումներին հակակշիռ ծառայող արտարժութային բուֆերներ (բարձիկներ): Սակայն դրա հետ մեկտեղ գոյություն ունի նաև տարածաշրջանային համատեքստը, որն այս պահին խնդրահարույց է: Ռուսաստանում նկատվում է անկում, որը լարվածություն է առաջացնում առևտրի, ներդրումների ոլորտում և Ռուսաստանի ու հարևան երկրների ֆինանսական փոխհարաբերություններում: Դժվար է հստակ տարորոշել, թե համաշխարհային տարբեր միտումներն ինչ չափով  իրենց ազդեցությունը կունենան Հայաստանի տնտեսության վրա: Սակայն ես ասացի, որ ներքին տնտեսական զարգացման քաղաքականության ձևավորումը միշտ կարող է օգտակար լինել արտաքին ցնցումները կլանելու և կայունություն պահպանելու տեսանկյունից:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս