Ֆեյքերի մասին օրենքը կարող է վերադառնալ՝ հղում կատարելով Դելֆիի գործի վրա

Այսօր «Վիրավորանքն ու զրպարտությունները լրատվամիջոցների հրապարակումներում. Հայաստանյան դատական պրակտիկան և Եվրոպական դատարանի նախադեպերը» թեմայով քննարկման ժամանակ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլյա Բլեյզիուսն ասաց, որ իրենց հիմնադրամի ամենակարևոր խնդիրը տարբեր երկրներում ժողովրդավարությանը սատարելն է.

«Մենք տարբեր ասպարեզների ենք ուշադրություն դարձնում. նախ՝ խնդրո առարկա երկրի քաղաքական համակարգին, բայց նաև՝ քաղաքական մշակույթին, սոցիալական արդարությանը, կայուն տնտեսության զարգացմանը, միջազգային և տարածաշրջանային խաղաղությանը, մի խոսքով՝ այն բոլոր գործոններին, որոնք նպաստում են ժողովրդավարացմանը: Իսկ երբ անդրադառնում ենք քաղաքական համակարգին ու քաղաքական մշակույթին, այստեղ կարևոր են խոսքի ազատությունը և լրատվամիջոցների վիճակը: Խոսքի ազատությունը մի կողմից՝ մարդու իրավունք է, մյուս կողմից՝ լրատվամիջոցները՝ որպես անկախ հաստատություն, կարևոր են ժողովրդավարական վերահսկողության իմաստով:

Դժբախտաբար, Հայաստանում (և ոչ միայն), երբ անդրադառնում ենք հիշյալ թեմային, երկու խնդրի ենք բախվում. մեկն օրենսդրական դաշտն է. որքանո՞վ է այն սահմանափակում կամ տեղ տալիս լրատվամիջոցների անկախությանը: Քաղաքական և տնտեսական իրավիճակն էլ, ուզած-չուզած, անդրադառնում է լրատվամիջոցների աշխատանքի վրա»:

Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանն ասաց, որ այս տարվա ամենակարևոր գործը Դելֆիի գործով Եվրոպական դատարանի որոշումն էր, որի հիման վրա լրատվամիջոցների էթիկայի մարմնի կողմից որոշվել է հրապարակել ինքնակարգավորման փաստաթուղթ:

Կարդացեք նաև

Արա Ղազարյանը նախ՝ հիշեցրեց Դելֆիի պատմությունը.

«Դելֆի կազմակերպությունն իր տարբեր ստորաբաժանումներում ստանում էր մոտ 10.000 քոմենթներ՝ մոտ 300 հոդվածներից բխող, և այնտեղ մի քոմենթ ատելության խոսք էր մի ընկերության մասին: Ընկերությունը նկատում է այդ խոսքը, բայց չի հեռացնում, որովհետև այն պորտալը, որտեղ քոմենթն է եղել, նաև տնտեսական նշանակություն է ունեցել: Այս ամբողջը Եվրոպական դատարանում ընկերությունն ընդունեց: Ընկերությունը պաշտոնական ծանուցման էր սպասում որևէ անձի կողմից, որը կհամարվի զոհ, թե՝ խնդրում ենք հեռացնել: Այսինքն՝ լրատվամիջոցը պատասխանատու չէ այլոց խոսքի համար, մինչև իրեն չեն դիմում, որպեսզի նա հեռացնի դա:

Մեր դատարանն էլ մի գործով սա կիրառել է՝ Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, որով լրագրողին ավելի մեծ պաշտպանություն տրվեց, քան Դելֆիի գործով Եվրոպական դատարանը, ասելով, որ լրատվամիջոցը բացարձակապես չպետք է պատասխանատվություն կրի այլոց քոմենթների համար, եթե անձը մինչև դատարան դիմելն իրեն չի ծանուցել: Դա ասվել էր մեր Առաջին ատյանի դատարանի կողմից մինչև Դելֆիի գործը, բայց այն նախադեպ չդարձավ: Դրանից հետո Դելֆիի գործով որոշում կայացվեց, որը փոքր-ինչ այլ ճանապարհով գնաց՝ ասելով, որ ձևականորեն սպասել ծանուցում ստանալուն, նշանակում է՝ ֆորմալիզացնել իրավունքը, էլ ո՞ւր կորավ լրագրողական բարեխղճությունը կամ պատասխանատու լրագրությունը: Այսինքն՝ եթե լրագրողը գիտեր, որ իր կողմից վերահսկվող տարածքում կա ատելության խոսք, որը գրեթե ատելության շարժառիթով հանցագործություն է, ապա նա իմանալու պահից արդեն պատասխանատվություն է կրում: Եվրոպական դատարանը որոշեց հենց այդ փաստական հիմքով ճանաչել խախտում»:

Արա Ղազարյանը նշեց, որ մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանի հետ Դելֆիի գործի հիման վրա մշակված ուղեցույցում ուշադրության արժանի կետերից մեկը հետևյալն է. «Նկատի ունենալ, որ խմբագրություններն այլ հեղինակի մեկնաբանությունների համար պատասխանատվությունից ազատվում են միայն այն դեպքում, եթե կարող են հիմնավորել, որ տեղյակ չեն եղել և օբյեկտիվորեն չէին կարող տեղյակ լինել նման գրառումների մասին»:

Նա նկատեց՝ Դելֆիի գործում կա նաև այն միտքը, որ պետությունը պոզիտիվ պարտավորություն է կրում ապահովելու այս կառուցակարգը. «Դա նշանակում է, որ շատ հնարավոր է՝ ֆեյքերի մասին օրենքը վերադառնա: Այնտեղ առաջարկվում էր մի բան, որը մեր օրենքով թույլ է կարգավորված: Այն է՝ արդյո՞ք անձն իրավունք ունի ոչ միայն գնալ դատարան և պահանջել, որ իրենից ներողություն խնդրեն կամ՝ հերքում, փոխհատուցում՝ վիրավորանքի և զրպարտության դիմաց, այլև պահանջել, որ ինտերնետից նյութը հեռացնեն: Խոսքը միայն քոմենթի մասին չէ, այլ՝ ամբողջ հրապարակումը հեռացնելու:

Եթե ֆեյքերի մասին օրենքը վերադարձնեն, կարելի է Քաղօրենսգրքի 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ կետերը վկայակոչել և ասել՝ մենք ունենք համակարգ, դատարանը դա չի կիրառում: Լիլիթ Հովհաննիսյանն ընդդեմ Արամ Անտինյանի գործով մինչդատական վարույթում խնդրել ենք Արամ Անտինյանին, որ հեռացնի նյութը, նա էլ ասել էր՝ ցույց տվեք ինձ նորմ, որով ես պարտավոր եմ հեռացնել: Երբ մատնանշեցինք այդ դրույթը, նա ասաց, որ այնտեղ բառացիորեն գրված չէ, դատարանն էլ ասաց, թե չկա իրավական հիմք: Այսինքն՝ հիմա այնպես է իրավիճակը, որ հնարավոր է՝ ֆեյքերի մասին օրենքը վերադառնա՝ հղում կատարելով Դելֆիի գործի վրա»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս