Սոչիի և Տուապսեի երկնքում մոտ 10 պայթյուն է որոտացել․ Shot
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի և Տուապսե քաղաքների երկնքում շուրջ 10 պայթյուն է որոտացել, հայտնում է Shot Telegram-ալիքը։
Ալիքի տեղեկություններով, որը հղում է անում տեղի բնակիչներին, ՀՕՊ համակարգը ծովի վրա ոչնչացրել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը։
Տեղի բնակիչները Shot-ին պատմել են, որ Տուապսեի շրջանում պայթյունները սկսվել են տեղական ժամանակով գիշերը մոտ 02:20-ին։
Ընդհանուր առմամբ լսվել է առնվազն 7 հզոր ձայն և երևացել են բռնկումներ Սև ծովի կողմից։ Ականատեսների խոսքով՝ «երկնքում լսվում էր բզզոց, որը կարծես թեթև ինքնաթիռի ձայն լիներ»։
Մոտավորապես ժամը 02:45-ին Սոչիում միացվել են տագնապի ազդանշանները: Ականատեսները պնդում են, որ առնվազն 3 պայթյուն է որոտացել Լազարևսկոե ավանի շրջանում: Սևծովյան ափին՝ Սոչիից մինչև «Սիրիուս» և Ադլեր, լսվել են տագնապի ազդանշաններ (ինչպես երևում է տեսանյութում):
Զբոսաշրջիկները նշում են, որ «Սիրիուսի» հյուրանոցներից մեկի անձնակազմը խնդրել է նրանց իջնել ավտոկայանատեղի՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Տուժածների և ավերածությունների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:
