Սիրիայում քրդերենը ճանաչվել է ազգային լեզու
Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ուրբաթ ուշ երեկոյան հրամանագիր է ստորագրել, որի նպատակն է ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ուժերի և Դամասկոսի միջև վերսկսված բախումների ֆոնին պաշտպանել Սիրիայում ապրող քրդերի իրավունքները, այդ թվում՝ էթնիկ և լեզվական խտրականությունից, հաղորդում է «Al Arabiya»-ն։
X սոցիալական ցանցի իր էջում տեղադրված տեսանյութում աշ-Շարաան ուղղակիորեն դիմել է քուրդ բնակչությանը՝ հայտարարելով, որ հրամանագիրը, «որը պետք է ամրագրվի օրենքի տեքստում», նրանց երաշխավորում է իրավահավասար քաղաքացիների իրավունքներ։ Նա նաև կոչ է արել տեղահանված սիրիացի քրդերին վերադառնալ իրենց քաղաքներն ու գյուղերը՝ նշելով, որ դրա համար որևէ նախապայման չի լինի, բացի զենքը վայր դնելուց։
Ինչպես նշում է արաբական լրատվամիջոցը, ավելի ուշ հրապարակված հրամանագրի ամբողջական տեքստը նախատեսում է, որ քրդերենը Սիրիայում կճանաչվի որպես «ազգային լեզու», իսկ Նավրուզը կհայտարարվի ազգային տոն։
Բացի այդ, հրամանագիրը նախատեսում է Սիրիայի քաղաքացիություն տրամադրել այն քրդերին, ովքեր զրկվել էին դրանից 1962 թվականի հակասական մարդահամարի արդյունքում։
Այն նաև պարտավորեցնում է պետական հիմնարկներին խթանել ներառական ազգային երկխոսությունը և աջակցել բոլոր համայնքների հավասար իրավունքներին: Այս հայտարարությունն արվել է Սիրիայի հյուսիսում պահպանվող լարվածության ֆոնին, որտեղ բախումներ են բռնկվել քրդական ուժերի և կառավարական զորքերի միջև՝ չնայած տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված միջազգային շարունակական ջանքերին:
ԱՄՆ զինված ուժերը ուրբաթ օրը հանդիպել են քուրդ գործընկերների հետ սիրիական Դեյր Հաֆերում՝ Վաշինգտոնի կողմից այդ տարածքում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի շրջանակներում, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Ինքն իր հետ խաղաղության մեջ գտնվող Սիրիան վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»,- Al Arabiya-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, կապիտան Թիմ Հոուքինսը:
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» ղեկավար Մազլում Աբդին ուրբաթ օրը հայտարարել է, որ շարժումը շաբաթ օրը՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին, դուրս կբերի իր ուժերը Հալեպի արևելքից և կվերատեղակայի դրանք Եփրատից արևելք գտնվող շրջաններում՝ վկայակոչելով բարեկամ երկրների և միջնորդների կոչերը:
