ԻՊ-ի դեմ պայքարի մեջ Ռուսաստանը գուցե փորձի ներքաշել Հայաստանին, բայց Հայաստանը չպետք է ներքաշվի ինչ-որ խոշոր հակամարտությունների մեջ. փորձագետ
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ Ադրբեջանի դեմ ընդունված Եվրախորհրդարանի բանաձևն արդարացված է, որովհետև ըստ նրա՝ Ադրբեջանը վերածվել է մի մեծ բանտի, որտեղ չկա ազատ խոսք, ազատ մամուլ, կան ընդամենը մի քանի անկախ լրատվամիջոցներ, որոնք իրենց տեսակետը դեռ շարունակում են արտահայտել, բայց նրանց լսարանը խիստ սահմանափակ է:
Փորձագետը նշեց, որ քաղաքացիական հասարակության զարգացածության աստիճանն Ադրբեջանում բավականին ցածր է.
«Գործ ունենք տոտալիտար ռեժիմի հետ, որն իր դիրքերն ամուր պահելու համար ստեղծել է արտաքին թշնամու կերպար՝ հանձին հայերի, և պարզապես ֆաշիստական բնույթի պորպագանդայի միջոցով փորձում է կառավարելի պահել սեփական հասարակությունը:
Բնական է, որ Եվրախորհրդարանը սա անուշադրության չէր մատնի, իսկ Ալիևի ռեժիմն էլ այս բանաձևի փաստն օգտագործեց որպես պատրվակ՝ Եվրախորհրդի հետ իր բոլոր կապերը խզելու համար: Ադրբեջանի այս քայլը նաև նշանակում է Մոսկվայի հետ մերձեցման ցուցադրում, որն իր մեջ պարունակում է շանտաժ նաև Միացյալ Նահանգներին: Բաքվի ավանդական խաղը՝ «Նավթ՝ Արևմուտքին, կյանք՝ ռուսական ձևով», ավարտվում է»:
Փորձագետը նկատեց՝ Թուրքիայում այսօր քաոս է, որովհետև պարոն Էրդողանը որոշել է միանձնյա իշխանություն հաստատել այնտեղ: Այս ֆոնին տեսնում ենք այլատյացության մի շատ վտանգավոր շարժում Թուրքիայում: Այս ամենը լարում է ամբողջ տարածաշրջանը: Սա մարտահրավեր է նաև Հայաստանի համար, որը պետք է հաղթահարել: Պետք է գնահատենք այն, ինչ կատարվում է, և իմանանք՝ ինչ պետք է անել դրա հետ»:
Ռ. Մեհրաբյանի կարծիքով՝ սահմանային լարվածության ալիքներն ունեն միայն մի շահառու, դա Ռուսաստանն է. «Եթե չլինեն այդ լարվածության ալիքները, ապա Ռուսաստանը կզրկվի Հայաստանին պատերազմով շանտաժ անելու լծակից, և երկրորդ՝ Ադրբեջանին զենք վաճառելը կդառնա ավելի խնդրահարույց, քան հիմա: Դա թույլ է տալիս Ռուսաստանին՝ հսկողության տակ պահել տարածաշրջանը՝ այն դարձնելով վտանգավոր Արևմուտքի ներկայության համար: Սահմանային լարվածությունը դատապարտող հայտարարություններ ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից չենք լսել ու չենք էլ լսելու»:
Վերջում անդրադառնալով ԻՊ-ի ակտիվացմանը Հյուսիսային Կովկասում, փորձագետն ասաց, որ դրա պատճառն այնտեղ տիրող տոտալ կոռուպցիան է. «Բնական է, որ եթե այնտեղ ընդդիմություն չկա, մարդիկ պետք է հակվեն ռադիկալ ինչ-որ շարժումների: ԻՊ-ն այս առումով գայթակղիչ է: Նույն վտանգը կա նաև Հարավային Կովկասում՝ Ադրբեջանում: ԻՊ-ի դեմ պայքարի մեջ Ռուսաստանը գուցե փորձի ներքաշել Հայաստանին, բայց Հայաստանը՝ իր հարցերը չլուծած, չպետք է ներքաշվի ինչ-որ խոշոր հակամարտությունների մեջ՝ դառնալով ինչ-որ կոնֆլիկտի կողմ: Խաղաղարար առաքելություններն այլ են, բայց եթե դառնում ես կոնֆլիկտի կողմ, արդեն այլ հարց է»: