«Առաջին «խոշոր փրկիչը» Վազգեն Մանուկյանն էր, վերջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. ««Փրկիչ», «փրկություն» բառերը հարիր են հոգեւոր կյանքին` այս առումով բոլորս, իմ կարծիքով, պետք է ձգտենք հոգու փրկության: Հենց որ այդ եզրերը տեղափոխվում են քաղաքական դաշտ, ստեղծվում է զավեշտալի իրավիճակ:

Մարդը (կամ մարդկանց խումբը) գալիս է եւ ասում՝ «ես եկել եմ ձեզ փրկելու», կամ` «մենք այնքան լավն ենք, որ ստեղծում ենք փրկության կոմիտե»: Նման հավակնություններն, ինձ թվում է, անհեթեթ են: Փրկչի դերը ստանձնելու տրամաբանությունը հետեւյալն է:

Մարդկանց ուղեղներին տիրելու եւ նրանց նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար պետք է նախ ծայրահեղացված գնահատական տալ նրանց վիճակին՝ «դուք կործանվում եք», իսկ հետո համոզել՝ «ձեր միակ ելքն ինձ ապավինելն է»: Պետք է ասել, որ նման մոտեցումը համապատասխանում է հասարակության մի մասի սպասելիքներին՝ «մեկը լիներ, մեզ այս վիճակից հաներ»: Հանրության այս կրավորական մասն իսկապես սպասում է փրկիչների: Նման մարդիկ ապրում են սպասումների եւ հիասթափությունների մշտական զուգորդմամբ: Առաջին «խոշոր փրկիչը» Վազգեն Մանուկյանն էր, վերջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իշխանությունը ոչ մեկին թույլ չտվեց «փրկարար առաքելություն» իրականացնել: Արանքում հայտնվում են ավելի մանր տրամաչափի փրկիչներ, որոնք «ազգային փրկության կոմիտեներ» են ստեղծում, նույնիսկ «փրկության կառավարություններ» են ձեւավորում:

Նման գործելաոճը երբեմն բարեխիղճ մոլորության հետեւանք է. թվում է, թե որքան «ճռճռան» լինի միավորման անունը, եւ որքան կարծր եւ խարազանող լինեն հռչակագրերի ձեւակերպումները, այնքան գործն առաջ կգնա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս