«Չեմ կարծում, որ ՀԱԿ-ը կմոռանա Մարտի 1-ը». Արմեն Բադալյան

Ռոբերտ Քոչարյանը չի հեռացել քաղաքականությունից, ու պետք է հստակեցվի, թե ի՞նչ նկատի ունի նա՝ «վերադառնալ» ասելով: Այս կարծիքին է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, ով 168.am-ի հետ զրույցում նշեց, որ չի պատկերացնում, թե ինչպես պետք է սահմանադրական բարեփոխումների դեմ ծավալվող պայքարում համագործակցեն Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և Ռոբերտ Քոչարյանը, քանի որ, ըստ նրա՝ «նրանց միջև արյուն է հոսել»:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում չէր բացառել իր վերադարձն ակտիվ քաղաքականություն՝ ասելով. «Երբեք մի ասա՝ երբեք»:

«Բնական է, որ ՀԱԿ-ի և երկրորդ նախագահի միջև կա հակամարտություն, հայտնի է, որ երկրորդ նախագահը 2008 թվականի մարտի 1-ին արյուն է թափել, բացի դրանից՝ ՀԱԿ-ի բազմաթիվ գործընկերներ հենց երկրորդ նախագահի կողմից են ձերբակալվել, ու երրորդ նախագահն ընդամենը այդ գործողությունը շարունակել է: Այսինքն՝ նրանց միջև կա արյան գետ, որը հատելը, չեմ կարող ասել, թե հավանական է: Իհարկե, եթե երկրորդ նախագահը որոշի վերադառնալ քաղաքականություն, բնականաբար, այստեղ ՀԱԿ-ի կարծիքը որևէ նշանակություն չի ունենա երկրորդ նախագահի համար, որովհետև յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ստեղծել կուսակցություն, ղեկավարել այդ կուսակցությունը»,- նկատեց Ա. Բադալյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումների դեմ «ոչ»-ի շարժում, ու, ինչպես հայտնի է, Ռ. Քոչարյանը ևս դեմ է սահմանադրական բարեփոխումներին: Երկրորդ նախագահի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալով՝ ենթադրվում է, որ նա էլ իր պայքարը կսկսի սահմանադրական բարեփոխումների դեմ: Արդյոք այդ երկու պրոցեսները միմյանց չե՞ն խանգարի:

Պատասխանելով մեր այս հարցին՝ Ա. Բադալյանն ասաց.

«Այն, որ ՀԱԿ-ը ձեռնարկել է քաղաքական գործընթաց, դա չի նշանակում, որ, եթե այսօր գերեզմանից Թալեաթը դուրս գա և ասի, որ մենք նույնպես դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին, ապա ՀԱԿ-ը պետք է գրկախառնվի Թալեաթի հետ ու նրա հետ միասին պայքարի սահմանադրական փոփոխությունների դեմ: Ես չեմ կարծում, որ իրենց միջև որոշակի դաշինք կկնքվի, որովհետև նրանց միջև արյուն է թափվել, իսկ արյունը չի մոռացվում»:

Խոսելով այն մասին, թե արդյոք ժողովուրդը նորից չի՞ պառակտվի՝ նույն հարցի համար երկու տարբեր ուժերի շուրջ հավաքվելով, քանի որ այդ երկուսը չեն ուզում միասին պայքարել, Ա. Բադալյանն ասաց՝ չի կարծում, որ երկրորդ նախագահն ունի այնքան մեծ հեղինակություն, որպեսզի կարողանա մոբիլիզացնել ժողովրդին.

«Այստեղ մի կարևոր խնդիր կա՝ ով կանգնեց երկրորդ նախագահի կողքին, ինքն իր վրա է վերցնում երկրորդ նախագահի արյունը: Բացի այդ, որպեսզի մոբիլիզացնի «ոչ»-ի կողմնակիցներին, ինքը որևէ կառույց պետք է ունենա, որպեսզի կարողանա որևէ գործընթաց սկսել, իսկ երկրորդ նախագահը դա չունի»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը նույնպես գտնում է, որ երկրորդ նախագահը երբեք չի էլ հեռացել քաղաքականությունից, քանի որ Ռ. Քոչարյանն իր լրատվամիջոցների միջոցով միշտ իր կարծիքը հայտնել է ՀՀ-ում տեղի ունեցող «կարևորագույն» իրադարձությունների վերաբերյալ: Այլ հարց է, թե նա ակտիվ քաղաքականություն վերադառնալու ինչ ծրագրեր ունի:

Խոսելով սահմանադրական բարեփոխումների դեմ ՀԱԿ-ի նախաձեռնած «ոչ»-ի շարժման և Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի դեպքում՝ նրանց համագործակցության ոչ հավանական լինելու մասին, քաղաքագետն ասաց.

«ՀԱԿ ասելով՝ մենք հասկանում ենք մի կուսակցություն, որը շատ դեպքերում մի կարծիք չունի, և ՀԱԿ-ի ուժը պետք չէ այդպես գերագնահատել: Այդ «դեմ»-ի շարժման մեջ բավական մեծ քանակությամբ այլ ուժեր և քաղաքացիական ակտիվիստներ կան, որոնք, ես գտնում եմ, որ ավելի մեծ ուժ և ներգործություն ունեն հասարակության մեջ, քան նույն ՀԱԿ-ը: Այստեղ խնդիրն այն է, որ Քոչարյանի վերադարձը և իր «ոչ»-ը կարող են խնդիրներ առաջացնել նույն ՀՀԿ-ի համար»:

Մեր ճշտող հարցին՝ նկատի ունեք՝ իշխանությունների համար ավելի վտանգավոր է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը և «ոչ»-ը, քան ՀԱԿ-ի շարժո՞ւմը, Գ. Համբարյանն այսպես պատասխանեց.

«Ես ընդհանրապես գտնում եմ, որ իշխանությունների համար ավելի վտանգավոր է ճանաչված քաղաքական գործիչների և ակտիվիստների «ոչ»-ը, քան որևիցե կուսակցության «ոչ»-ի քարոզը, որովհետև այդ կուսակցություններն իրենց սպառել են Հայաստանում»:

Ըստ Գ. Համբարյանի՝ Ռ. Քոչարյանի օրոք էր, որ Հայաստանում քիչ թե շատ տնտեսական վիճակը բարելավվեց: Թե ի՞նչ պայմաններում և ի՞նչ մեթոդներով է դա եղել, ըստ քաղաքագետի՝ արդեն երրորդական հարց է.

«Թող գործող իշխանություններն էլ նույն պայմանները և մեթոդները կիրառեն, կարողանան գոնե սփյուռքից մեկ բարերարի բերել (Քըրք Քըրքորյանի նման) և նրա գումարներով վերականգնեն այն ավերված տնտեսությունը և այն ավերված ենթակառուցվածքները, որը հիմա կա: Սակայն Քոչարյանն ունի շատ մեծ բիծ կենսագրության վրա՝ դա Մարտի 1-ի դեպքերն են: Շատ դեպքերում ժողովուրդը դա հիշելով՝ ընդդիմանում է ու դեմ է Քոչարյանի վերադարձին: Բայց քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է, ժողովուրդը շատ շուտ մոռացավ մութ, ցուրտ և սոված տարիները, որն ինքն անցկացրել էր Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, և դա այլ ինտերպրետացիայի ներքո մատուցվեց հասարակությանը, ու ժողովուրդը կերավ այդ ինտերպրետացիան, և քաղաքականություն վերադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Այնպես որ, հնարավոր է՝ որոշ ժամանակ անց այլ ինտերպրետացիայի ներքո Մարտի 1-ն էլ ներկայացվի, ու Ռոբերտ Քոչարյանն էլ շատ հանգիստ հետ վերադառնա քաղաքականություն»:

Տեսանյութեր

Լրահոս