Հայաստանը մտադիր է միանալ ԵՄ Հորիզոն 2020 ծրագրին
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել է 2016 թվականի պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրով բյուջետային հայտի առաջարկը: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, քննարկմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, շահագրգիռ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Ներկայացնելով առաջարկը, գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը տեղեկացրել է, որ հիմնականում պահպանվել են նախորդ տարվա գիտական ծրագրերի գերակայությունները:
Ընդհանուր առմամբ, գալիք տարվա բյուջեի նախագծով առաջարկվում է ոլորտին հատկացնել 14 մլրդ 400 մլն դրամ գումար: Քննարկման ընթացքում ներկայացվել են մտահոգություններ ու առաջարկություններ՝ ֆինանսավորման ծավալների առնչությամբ:
2016 թվականի Գիտության ոլորտի հատկացումների աճը հիմնականում ուղղվելու է Եվրոպական Միության Հորիզոն 2020 գիտական ծրագրի անդամակցության վճարի կատարմանը՝ ակնկալիքով, որ հետագայում Հորիզոն 2020-ի շրջանակում ՀՀ գիտական համակարգը կընդգրկվի դրամաշնորհային տարբեր ծրագրերում՝ ապահովելով ֆինանսական հոսքեր գիտության ոլորտում :
Միջգերատեսչական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բյուջետային հայտին, որը սահմանված կարգով կներկայացվի կառավարություն, որտեղ կընթանան հիմնական քննարկումները և հայտը, ստանալով վերջնական տեսք կներկայցվի ԱԺ քննարկմանը: