Արդարադատության նախարար(ներ) ունենք
Մոտ երկու ամիս է, ինչ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն ազատվել էր աշխատանքից, և նոր նախարար չէր նշանակվել: Լրատվամիջոցների էջերում պարբերաբար շրջանառվում էին արդարադատության նախարարի հավանական թեկնածուների անուններ, սակայն ուշադրություն չէր դարձվում մի հանգամանքի վրա, այն է՝ նախարարի բացակայության պայմաններում նախարարությունն ինքնուրույն աշխատում էր, նախարարի կարիք ոչ ոլորտը, ոչ էլ, առավել ևս, քաղաքացիները չէին զգում: Նախորդ երկու ամիսները ցույց տվեցին, որ առանց նախարարի աշխատելը ոլորտի վրա ազդեցություն, ըստ էության, չի թողնում:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա դրական երևույթ է. կառույցի ղեկավարի բացակայության պայմաններում նախարարությունն ինքնուրույն աշխատում է: Իրականում, սակայն, սա խոսում է այն մասին, որ որոշ դեպքերում այս պաշտոնը ձևական է: Կառուցվածքային առումով իր ենթակայության տակ գործող որոշ ծառայությունների նկատմամբ նախարարը չունի ազդեցության լուրջ լծակներ:
Այսպես, թեև նախարարության կազմում են նաև Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ու Քրեակատարողական վարչությունը, սակայն ակնհայտ է, որ դրանք ինքնուրույն են աշխատում: Թե՛ Քրեակատարողական վարչության պետին, թե՛ Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ նախագահը, և տրամաբանական է, որ այդ կառույցների ղեկավարները կենթարկվեն հենց նրան, և ոչ թե` Արդարադատության նախարարին:
Առավել ևս, երբ, օրինակ, ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողը լինում է Միհրան Պողոսյանը («Քեթրինի» Միհրան), ով նույնիսկ կարողանում է նախարար հեռացնել պաշտոնից: Հիշեցնենք, որ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը պաշտոնանկ էր արվել այն պատճառով, որ չէր պատժել Միհրան Պողոսյանին, երբ վերջինս հարվածել էր ԴԱՀԿ ծառայության գնդապետ Ռուբեն Միրաքյանին՝ ՀՀ Կառավարության ներկայիս աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի քեռուն: Այս պատմության արդյունքում նախարարը պաշտոնանկ արվեց, քանի որ իր կազմում եղած կառույցի ղեկավարի դեմ անզոր էր:
Այսինքն՝ ստացվում է, որ այդ երկու կարևոր մարմինների վրա ազդելու լուրջ լծակներ Արդարադատության նախարարը չունի, ինչն ակնհայտորեն թուլացնում է նրա դիրքերը:
Ի դեպ, մինչև 2004թ. Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողին Արդարադատության նախարարի առաջարկությամբ նշանակում էր ՀՀ վարչապետը: Նման դրույթ էր սահմանում «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքը, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել էր 1998թ. մայիսի 5-ին: 2004թ. փետրվարի 18-ին ընդունված «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով ամրագրվեց, որ գլխավոր հարկադիր կատարողին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ նախագահը՝ Արդարադատության նախարարի առաջարկությամբ:
Ինչ վերաբերում է Քրեակատարողական ծառայությանը, ապա այն այլ անվանումով երկար տարիներ գործել է Ներքին գործերի նախարարության կազմում. 2001թ. այն իր ենթակա ստորաբաժանումներով հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը: Նոտարական համակարգին էլ անդրադառնալով՝ կարելի է ասել, որ այն ինքնակարգավորվում է:
Իրավաբանների շրջանում նույնիսկ կարծիք կա, որ ողջ նախարարության փոխարեն կարելի է ստեղծել իրավական փորձաքննությունների գործակալություն, որը կունենա իր առանձին բաժինները և եզրակացություններ կկազմի իրավական ակտերի վերաբերյալ: Իսկ նախարարին վերապահված գործառույթները կարելի է հանձնել ստորաբաժանումների ղեկավարներին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով` հուլիսի 14-ին Հովհաննես Մանուկյանն ազատվել էր Արդարադատության նախարարի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Մինչ օրս վերջինս հրապարակային չի անդրադարձել հրաժարական տալու պատճառներին: Մամուլում այս օրերին ՀՀ Արդարադատության նախարարի հավանական տարբեր թեկնածուների անուններ շրջանառվեցին. առավել շատ քննարկվեցին ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի, ինչպես նաև ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի անունները: Նախօրեին կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվել է Արփինե Հովհաննիսյանի հարցը` նշելով, որ ՀՀԿ-ում դրական են տրամադրված ու դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը:
Այսօր արդեն Արփինե Հովհաննիսյանը, շատերի համար անսպասելի, նշանակվեց Արդարադատության նախարարի պաշտոնում: Իհարկե, այդ նշանակումից հետո շատերը մեծ հիասթափություն ապրեցին, ոմանք նույնիսկ միմյանց հարց էին ուղղում՝ արդյոք արտագաղթելու ժամանա՞կն է, թե՞ արդեն ուշացել են, ոմանք` Ա. Հովհաննիսյանի հետ մտերիմները. ուրախ էին, ոմանք քծնում էին՝ սրտաճմլիկ շնորհավորանքներով, բայց արդեն փաստ է:
Մնում է սփոփվել կամ տարակուսել, որ Հայաստանում Արդարադատության նախարարն անելիք չունի, ձևական բնույթ է կրում այդ պաշտոնը: Իսկ ներքաղաքական շրջանակներում Ա. Հովհաննիսյանի նշանակումն ընկալում են` որպես Արդարադատության նախկին նախարար, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի վերադարձ դեպի նախկին աշխատավայր: Չէ՞ որ Դ. Հարությունյանը Ա. Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությունների հիմնական խորհրդատուն է, խմբագրողը, և նրանք հաճախ են ԱԺ-ում հանդես եկել օրենսդրական փոփոխությունների և լրացումների նախաձեռնություններով: