«Էրդողանը փորձեց ևս մեկ անգամ շանս տալ սեփական ժողովրդին». թուրքագետ

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը այդպես էլ չկարողացավ կոալիցիա կազմել ընդդիմադիր ուժերի հետ, ինչը բուռն դժգոհություն առաջացրեց կուսակցության ղեկավարության մոտ և նախագահ Էրդողանը նոյեմբերի 1-ին արտահերթ ընտրությունների օր հայտարարեց: Ըստ թուրքագետի՝ հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական լարված իրավիճակը միանշանակ տեղավորվում է գերտերությունների միջև առկա պայքարի համատեքստում:

Թուրքագետը նշեց, որ մինչ հունիսի 7-ը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները և դրանից հետո այդպես էլ չհաջողվեց Թուրքիայի նախագահին հասնել Արևմուտքի երկրների հետ առաջացած լարվածության կարգավորմանը. «Այդ լավածությունն առաջացել էր այն ժամանակ, երբ 2010թ. այս կողմ Թուրքիայի ղեկավարությունը որոշել էր վարել անկախ քաղաքականություն և շատ հաճախ հաշվի չնստել Արևմուտքի, գլխավորապես՝ ԱՄՆ-ի շահերի հետ: Տվյալ համատեքստում կարող են հիշատակել Սիրիայում առաջացած խնդիրները, երբ ԱՄՆ դրդմամբ Էրդողանը փորձեց զորք մտցնել Սիրիա, ինչը կանխվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, ով սպառնաց Էրդողանին, որ եթե թուրքական զորքերը մտնեն Սիրիա, ապա գործ կունենան ռուսական ուժերի հետ:

Մյուս կողմից՝ Ֆեթուլլահ Գյուլեն-Էրդողան հակամարտությունը նույնպես բերեց նրան, որ Թուրքիայի իշխող կուսակցության մեջ տեղի ունեցան պառակտումներ: Հենց այս լարված մթնոլորտում չհաջողվեց կոալիցիայի հասնել ընդդիմության հետ, քանզի ընդդիմադիր գործիչներից շատերը, փորձելով օգտագործել թուրքական խորհրդարանում առկա լարված իրավիճակը, փորձեցին որոշակի քվոտաներ շահել և ձգտել իշխանության: Սակայն, ինչքան էլ Թուրքիայում առկա ընդդիմադիր ուժերը մշտապես քննադատում են «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, այնուհանդերձ, թուրքական ընդդիմության մեջ կան այնպիսի գործիչներ, ովքեր համարվում են կեղծ ընդդիմություն, այսինքն՝ իրականում ներկայանալով որպես ընդդիմություն, շատ հաճախ սպասարկում են Էրդողանի շահերը: Նոյեմբերի 1-ը հայտարարելով որպես արտահերթ ընտրությունների օր, Էրդողանը փորձեց ևս մեկ անգամ շանս տալ սեփական ժողովրդին, որպեսզի նրա ձայներն ստանալու հաշվին ավելի ամրապնդի իր իշխանությունը և փորձի դրանով փոքր ինչ մեղմել Թուրքիայում առկա արտաքին և ներքին քաղաքական լարված իրավիճակը»:

Թուրքագետը նկատեց՝ ինչքան էլ վերջին տարիներին Էրդողանի վարկանիշն անկում է ապրել Թուրքիայում, այդուհանդերձ նա քիչ կշիռ չունի թուրքական հասարակության մեջ և հարցումները մշտապես ցույց են տալիս, որ Էրդողանը գտնվում է առաջատար դիրքերում. «Այլ հարց է, թե կհաջողվի՞ իշխող կուսակցությանը կազմել մեծամասնություն, որով կոչնչացվեն մյուս կուսակցությունները, թե՞ ոչ»:

 

Տեսանյութեր

Լրահոս