Թուրքիայում 31 մարդու կյանք խլած ահաբեկչության հեղինակը 18-ամյա կին մահապարտ ահաբեկիչ է
Սիրիայի Քոբանի քաղաքին սահմանակից թուրքական Սուրուչ քաղաքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի:
Կին մահապարտ ահաբեկիչը գործի էր դրել պայթուցիկ սարքը «Ամարա» մշակութային կենտրոնի այգում այն ժամանակ, երբ այդտեղ էին հավաքվել երիտասարդական ասոցիացիաների հարյուրավոր պատվիրակներ, հիմնականում՝ քրդեր:
Reuters-ն ընդգծում է, որ վերջիններս պլանավորում էին քննարկել տեղի մամուլի համար արվելիք հայտարարությունը մինչ Քոբանի ուղևորվելը, որտեղ քրդերը պայքարում են ԴԱԻՇ-ի զինյալների դեմ: Հենց այդ պատճառով էլ Թուրքիայի իշխանությունները որպես հիմնական վարկած են դիտարկում ԴԱԻՇ-ի առնչությունը ահաբեկչությանը: «Մեր փորձը ցույց է տալիս, որ դա եղել է ԴԱԻՇ-ի ահաբեկչական հարձակումը»,-հայտնել է պարբերականին թուրքական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչը:
Hurriyet-ի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով զոհվել է 31 մարդ, ավելի քան 100 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: «Տեղի կլինիկաներում բժիշկների հսկողության տակ է գտնվում պայթյունի մոտ 100 վիրավոր: Քաղաք են ուղարկվել անվտանգության հավելյալ ուժեր»,-ասվում է Թուրքիայի ՆԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Դեպքի վայր են մեկնել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, երկրի ՆԳՆ նախարար Սեբահադդին Օզթյուրքն ու աշխատանքի ու հասարակական անվտանգության նախարար Ֆարուկ Չելիքը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին:
Թուրքիայի ահաբեկչությունը դատապարտել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Նշենք, որ Ստամբուլի կենտրոնում բողոքի զանգվածային ակցիա է տեղի ունեցել ընդդեմ Սուրուչի ահաբեկչության: