Հայ մշակույթը քաղաքակրթական համակեցության հիանալի օրինակ է. Դավիթ Մուրադյան. Tert.am
Հայաստանը և՛ իր աշխարհագրական դիրքով, և՛ պատմությամբ, և՛ մեր մշակույթի կազմաբանությամբ քաղաքակրթական հավասարակշռության երկիր է, Tert.am-ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել հայ գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ում բնորոշմամբ հայ մշակույթն ազատորեն խոսում է և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի հետ:
«Հայ մշակույթը հասկանում է և՛ արևելյան, և՛ արևմտյան քաղաքակրթության նշանային համակարգը: Այդ իմաստով մենք հիանալի օրինակ ենք քաղաքակրթական համակեցության»,- ասել է նա:
«Ավետիք Իսահակյանի Աբու Լալա Մահարին հայոց լեզվով խոսում է ամբողջ Արևելքի ու աշխարհի հետ, Կոստան Զարյանի գրականությունը հայոց լեզվով խոսում է Արևմուտքի հետ, Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը մի կախարդական գորգ է, որն իր մեջ ներառում է և՛ քրիստոնեական հոգեգիտակցությունը, և՛ ամբողջ արևելյան աշխարհը, և այդ ֆիլմը որպես սեփական ֆիլմ նայում է և՛ արաբը, և՛ լեհը: Սա Հայաստանի բնույթն է, և Հայաստանն այս իմաստով և՛ տալիս է, և՛ վերցնում»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է տալ հայկական մշակույթը համաշխարհային մշակութային ժառանգությանը և ինչ վերցնել:
Դավիթ Մուրադյանի խոսքով՝ բոլորովին վերջերս հայ հանրությունն ականատես եղավ մի շատ հետաքրքիր երևույթի, երբ պեղել և գտել էին հայկական թեմաներով օպերաներ:
«Երբ դեռևս 17, 18, 19-րդ դարերում խոշորագույն եվրոպական կոմպոզիտորներ օպերաներ են գրել և այդ կոմպոզիտորների ցանկում կարելի է տալ այնպիսի համաշխարհային թեմաներ, ինչպիսին Հենդելը, Վիվալդին, Դոնիցեպտին, Սկառլատին, պատկերացնո՞ւմ եք սա ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը մշտապես մշակութային ներկայություն ունի, նույնիսկ այն ժամանակներում, երբ վաղուց արդեն պետություն չէր և պատկերացրեք աշխարհով մեկ կազմակերպում եք մի համերգ, որտեղ այսօր համաշխարհային աստղերը և հայ աստղերը կատարում են այդ օպերաներից հատվածներ: Այսինքն՝ սրանք են մեր երկիրը դարձնում աշխարհի բնակիչ»,-ասել է նա:
Նա համակարծիք է, որ կա միտում, որ աշխարհի մշակույթները փորձ էր արվում միաձուլել և հետո միայն հասկանալով դրանց առանձնահատկությունը, սկսեցին գնահատել արժեքը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: