Զելենսկին Թրամփի հետ հանդիպումից առաջ խոսել է եվրոպացի առաջնորդների հետ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դեկտեմբերի 28-ին նախատեսված հանդիպումից առաջ զրուցել է եվրոպացի առաջնորդների հետ։
«Քննարկել ենք մեր ներկայիս դիվանագիտական առաջընթացը։ Արդյունքում քննարկել ենք ամենակարևոր առաջնահերթությունները։ Ուկրաինան գնահատում է ողջ աջակցությունը։ Մենք կշարունակենք զրույցը վաղը՝ նախագահ Թրամփի հետ հանդիպումից հետո», -«Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Զելենսկին։
Նա ասել է, որ ուժեղ դիրքորոշում է անհրաժեշտ ինչպես ճակատում, այնպես էլ դիվանագիտության մեջ, «որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չկարողանա մանիպուլյացիաներ իրականացնել ու խուսափել պատերազմի իրական և արդարացի ավարտից»։
Զրույցին մասնակցողների թվում եղել են Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի, Դանիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների, Նորվեգիայի և Շվեդիայի առաջնորդները։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննարկման հիմնական թեմա է անվանել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ «Քննարկման բոլոր մասնակիցները համաձայնել են, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կարևորագույն նշանակություն ունեն։ Դրանք պետք է լինեն կոնկրետ և հուսալի։ Նման երաշխիքները նաև նշանակում են ավելի անվտանգ Լեհաստան», – զրույցից հետո գրել է Տուսկը։
Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի կունենա Ֆլորիդայում, և, ըստ Սպիտակ տան, այն նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին: Ուկրաինայի պատվիրակությունն արդեն ժամանել է Միացյալ Նահանգներ:
