«Ալիևին երբեք էլ չի հաջողվելու ամբողջությամբ բնակեցնել Արցախը՝ դա իրենցը չէ, չեն կարող տանտիրոջ իրավունքով հանգիստ ապրեն». Մարտին Եսայան
Օրերս Ադրբեջանի նախագահը կնոջ հետ այցելել էր օկուպացված հայկական Արցախ և Ստեփանակերտում բացել պուրակ՝ Արցախի 44-օրյա պատերազմին նվիրված, զուգահեռ՝ մի քանի ընտանիքներ էր տարել և նրանց Արցախում տան բանալիներ տվել։
Ռազմական փորձագետ, ազատամարտիկ Մարտին Եսայանը հետևում է բոլոր այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում։
«Այն, ինչ Ալիևն այսօր անում է հայկական Արցախում՝ բեմադրություն է, նույնիսկ ադրբեջանցի պատգամավորներն են տարբեր հարթակում իրենց իշխանությանը հորդորում ադրբեջանցիներ չտանեն ու չբնակեցնեն Արցախում, տարածքին ադրբեջանցիները չեն հարմարվում, տարբեր դժվարությունների են հանդիպում։ Ադրբեջանցիներին պարզապես ստիպողաբար են տանում Արցախ։ 250-ին մոտ գյուղեր ունենք Արցախում, մի քանի գյուղեր են տարել մարդկանց, շատ տեղերից նրանք նույնիսկ հեռացել են, չեն դիմացել։
Կարծում եմ՝ Ալիևին երբեք էլ չի հաջողվելու ամբողջությամբ բնակեցնել Արցախը, որովհետև դա իրենցը չէ, իրենք չեն կարող տանտիրոջ իրավունքով հանգիստ ապրել այնտեղ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարտին Եսայանը։
Մեր զրուցակիցը նաև վստահ է, որ Արցախի հարցը չեն կարող փակել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Ալիևը։
«Մենք միշտ ենք պայքարելու Արցախ վերադարձի մեր իրավունքի համար, մենք մեր սեփական տանը պետք է ապրենք։ Չնայած շատերը տեսնում են, որ Արցախի թեմի առաջնորդը գնացել ու Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմել է, մտածում են, որ մենք համակերպված ենք այս իրավիճակի հետ, բայց` ոչ։ Արցախահայերի համար Վրթանես սրբազանն այլևս չի կարող լինել Արցախի թեմի առաջնորդ, նա արցախահայերի հոգևոր առաջնորդը չէ։ Նա տեսել է, թե արցախահայերն ինչպես են պայքարել, ինչ զրկանքների են ենթարկվել, բայց այդ ամենից հետո գնացել ու մտել է Նիկոլ Փաշինյանի ստվերի տակ։ Դրա համար նա այլևս մեր առաջնորդը չէ, բոլորիս մոտ մեկ հարց կա՝ ինչո՞ւ, ի՞նչ է ստանում դրա փոխարեն։ Ամոթ է, երբ այդ մարդկանց քայլերից հետո մենք նրանց եպիսկոպոս կամ սրբազան ենք ասում, նա գոնե պետք է մեր զոհերի հիշատակը հարգեր ու այդ քայլին չգնար»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա ընդգծում է՝ որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ զարգացումներ կարող են լինել թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում, հետևաբար՝ որևէ մեկը չի կարող ասել, որ Արցախի հարցն արդեն փակված է։
«Տեղի ունեցող խմորումների ներքո որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ ճակատագիր կարող է ունենալ Արցախը, բայց որ այս հարցը փակված չէ, հստակ է, դա գիտակցում է նաև Ալիևը։
Իսկ ՀՀ իշխանությունը մտածում է, որ ամբողջ կյանքը ղեկավարելո՞ւ է՝ ո՛չ, իրենց վերջն էլ է գալու։ Մեկ բան հիշեցի՝ մի մարդ գնում է իր ընկերոջ տուն ու հաց ուտելուց տեսնում է՝ վանդակի մեջ, մի անկյունում դրված է ագռավ։ Ասում է՝ «մարդիկ թութակ են պահում, դու ինչո՞ւ ես ագռավ պահում», տանտերը պատասխանում է՝ «ասում են՝ ագռավը 100 տարի ապրում է, պահել եմ, որ տեսնեմ՝ այդքան կապրի՞»։ Այդ մարդը զարմացած ասում է՝ «այսինքն՝ դու 100 տարի ապրելո՞ւ ես, որ ագռավի ապրելը տեսնես»։ Հիմա այս իշխանություններինն է, մտածում են՝ 100 տարի իշխանություն են ունենալու, ո՛չ գնալու են, հեռացվելու են, որովհետև իրենք մեր սրբություններին են կպել՝ սկսած Արցախից, վերջացրած Առաքելական եկեղեցով։ Այդքան պիղծ են, որ գնացել Վեհին են կպել, հասկանո՞ւմ եք, թե ուր են հասել։
Չեմ կասկածում, որ հաղթողը հայրենիքն ու եկեղեցին է, որովհետև նրանք հարատև են, իսկ իշխանությունը՝ անցողիկ»,- ընդգծեց Մարտին Եսայանը։
