«ԱՍՏԾՈւՆ ԽՆԴՐՈւՄ ԷԻ՝ ՄԻ ԹՈՂ ՄԵՌՆԵՄ, ԵՐԵԽԵՔՍ ՄԵՂՔ ԵՆ, ՄԻ ՏԱՐՎԱ ՄԵՋ ՀԱՅՐ Ու ՄԱՅՐ ԿՈՐՑՆԵՆ․․․». ԽԱՉԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

Նա բաց ու անկեղծ պատմում է իր կյանքի ամենածանր շրջանի մասին՝ խոսելով ընտանեկան հարաբերությունների, հոգեբանական ճնշման մասին։ Նրա պատմությունը մարդկային դիմադրության, ցավի և մայրական աղոթքի մասին է։

«Հայրս դասախոս էր, աժդահա մարդ, ու միշտ ուզում էի լսել իր դասախոսությունները։ Մի օր թաքուն գնացի իր լսարան, որ դաս լսեմ, մտավ լսարան, ասաց՝ «լակո՛տ, դուրս արի էս սենյակից», հետո միայն հասկացա, որ իմ ներկայությունից ճնշվում է։ Դա շատ ծանր գիտակցում էր»,- պատմում է Խաչանուշ Հակոբյանը։

Խոսելով կանանց հոգեբանության մասին՝ նա նշում է. «Կանայք էնպիսին են, որ նույնիսկ իրենք չեն հասկանում՝ ինչ են ուզում։ Բայց իմ բախտը բերել է…»։

Նրա խոսքով՝ հաճախ ոչ թե խոսքերն են ցավեցնում, այլ հայացքները. «Աստված մի արասցե, որ ես իրանց (նկատի ունի աշխատակիցներին։-հեղ.) էդպես նայեմ։ Իրենք դրանից շատ լարվում են։ Ինձ նույնիսկ ասել են՝ ինչ կլինի, մի հատ իմ վրա գոռացեք, բայց էդպես մի նայեք»։

Խաչանուշ Հակոբյանը հստակ դիրքորոշում ունի արժանապատվության հարցում. «Հանդուրժել, որ քո վրա գոռան, անպատվեն կամ վիրավորեն՝ ինձ համար անհասկանալի է», այս կերպ է առաջնորդվում աշխատակիցների հետ շփումներում։

Նրա պատմության ծանրագույն հատվածը կապված է ամուսնու հիվանդության և մահվան հետ։ «Ամուսնուս մտերիմ ընկերներից մեկը մի օր ասաց՝ դու արդեն չափն անցնում ես, այս մարդուն չես թողնում հանգիստ, խանգարում ես իրեն։ Բայց իրականում ես անընդհատ քաշում էի նրան մահվան ճիրաններից ու չէի թողնում հանգիստ»,- ասում է նա։

Հակոբյանը խոստովանում է, որ ամեն օր ականատես է եղել ամուսնու վիճակի վատթարացմանը. «Ես ամեն օր էի տեսնում նրա մեռնելը, ու դրանից արդեն ավելի շուտ էի հասունացել»։

Սակայն ողբերգությունը դրանով չի ավարտվում։ Ինքը՝ Խաչանուշ Հակոբյանը, ծանր է տարել Կորոնավիրուսն ու հոսպիտալացվել է. «Երբ հիվանդանոց գնացի, թոքերս արդեն 85 տոկոսով ախտահարված էին»։

Ամենածանր մտքերը կապված էին երեխաների հետ. «Մտածում էի՝ երեխաներս ինչ մեղք ունեն։ Մի տարի առաջ հայրն է մահացել, հիմա ես պետք է մահանամ, ու իրենք որբ մնան»։

Նա պատմում է, որ այդ օրերին աղոթքը դարձել էր իր միակ հենարանը. «Աստծուն խնդրում էի՝ մի թող մահանամ, որ երեխաներս որբ չմնան։ Մեղք են, մի տարվա մեջ և՛ պապա, և՛ մամա կորցնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս