Ինչպես սպանվեցին կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի եղբայրները՝ օտարերկրյա լրտեսի շինծու մեղադրանքով
1938 թվականի ապրիլի 6-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանը Պետանվտանգության ծպտյալ գործակալների կողմից խեղդամահ արվեց Վեհարանում: Բնականաբար, Խորեն Մուրադբեկյանի մահը հանրությանը ներկայացվեց՝ որպես առողջական խնդիրների պատճառով առաջացած մահ, սակայն հանրությունը լավ հասկանում էր, թե ինչ է կատարվել և ինչ է կատարվելու կաթողիկոսի մահվանից հետո: Կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի մահվան օրը կազմվեց զեկուցագիր, որում նշվեց, որ կաթողիկոսն իբր մահացել է սրտի կաթվածից.

«Տարվույս ապրիլ ամսի 5-ի լույս 6-ի գիշերը իր մահկանացուն կնքեց Ամենայն Հայոց կաթողիկոս Տեր Խորեն Առաջինը: Հանգուցյալը, վերջին տասն օրվա ընթացքում նամանավանդ խստորեն գանգատվում էր իր սրտի անկանոն գործունեությունից, սակայն միշտ հրաժարվեց բժշկական օգնության դիմել և մեզ հանգստացնում էր, «թե ցավերն անցողական են, քանի որ այլ անգամներ էլ է պատահել»:

Բժշկական քննությունը ցույց տվեց, որ հանգուցյալի մահն առաջացել է սրտի կաթվածից: Այս բանն ապացուցեց անդամահատությունն ու դիազննությունը՝ մասնագետ բժիշկների կողմից, որոնք և կազմեցին պատշաճ արձանագրություն կաթողիկոսի մահվան այդ պատճառի մասին:
Դիազննությանը ես անձամբ ներկա եղա, իբրև Գերագույն խորհրդի անդամ:
Այս մասին զեկուցանելով Գերագույն Հոգևոր Խորհրդիդ, թողնում եմ Ատյանիդ ավանդական ձևերով՝ շրջաբերական գրություններով բոլոր թեմերին հաղորդել Ամենայն Հայոց կաթողիկոսի մահվան մասին»: (Ս. Բեհբուդյան, «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության (1921-1938 թթ.)», Երևան, 1994, Էջ 327):
Զեկուցագիրը կազմել է Արսեն արքեպիսկոպոսը՝ Էջմիածնի Գերագույն Հոգևոր Խորհրդի համար: Վստահաբար կարելի է փաստել, որ նմանատիպ զեկուցագիր կազմվել է Պետանվտանգության գործակալների ուղիղ հրահանգով: Նախքան սպանությունը կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի դեմ ճնշումներն ուժգնացնելու համար ձերբակալվում է կաթողիկոսի եղբայրը՝ Լևոն Մուրադբեկյանը: Նա ձերբակալվում է բրիտանացիների համար լրտեսություն անելու շինծու մեղադրանքով: Կաթողիկոսի եղբոր՝ Լևոն Մուրադբեկյանի շինծու մեղադրանքն ու հարցաքննության մանրամասները ներառված են Արմենակ Մանուկյանի «Հայ առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները 1930-1938 /ըստ ՊԱԿ-ի փաստաթղթերի/» գրքում:

«ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի որոշումից պարզ է դառնում, որ կաթողիկոսի եղբայրը մեղադրվում էր լրտեսական գործունեության մեջ հօգուտ անգլիական հետախուզության՝ կապի մեջ գտնվելով «Ամերկոմի» տնօրեն, ոմն առասպելական Յարոյի հետ, որտեղ նրան աշխատանքի էր տեղավորել եղբայրը՝ Խորեն Ա. Մուրադբեկյանը: Ուղղակի փաստենք, որ նման աշխատակից «Ամերկոմում» չի եղել»: (Մանուկյան Ա., «Հայ առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները 1930-1938 /ըստ ՊԱԿ-ի փաստաթղթերի/», Երևան, 1997, էջ 46):
Թերթելով և ծանոթանալով կաթողիկոսի եղբոր՝ Լևոն Մուրադբեկյանի հարցաքննությանը, հստակ է, որ այդ ժամանակաշրջանում «մեղադրյալների» պատասխանները կորզվում էին ֆիզիկական և հոգեբանական բռնաճնշումներով: Նույն ոճով էին կազմվում նաև փաստաթղթերը: Լևոն Մուրադբեկյանի հարցաքննությունից պարզ է դառնում, որ պատասխանները ճնշումներով կորզվում էին կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի դեմ օգտագործելու համար: Հարցաքննությունից պարզ է դառնում, որ կաթողիկոսը ևս մեղադրվում էր որպես «օտարերկրյա գործակալ»:

«Հարց.- Ձեզ հայտնի է ձեր եղբոր՝ Խորեն Մուրադբեկյանի լրտեսական գործունեությունը: Քննությունն առաջարկում է ցուցմունքներ տալ այդ մասով:
Պատ.- Խորեն Մուրադբեկյանի լրտեսական գործունեության մասին ինձ ոչինչ հայտնի չէ, բայց ես մտադիր չեմ թաքցնել քննությունից, որ Խորենը շատ մոտ էր և նրան այցելում էին կապիտան Յարոն, Ամերկոմի աշխատակից Քլարկը, ինչպես նաև անգլիական առաքելության աշխատակիցները: Եղբորս խոսքերից ինձ հայտնի է, որ նրան այցելել է Անգլիայից ժամանած ինչ-որ պրոֆեսոր և ուրիշներ, որոնց անունները ինձ չի հայտնում»: (Նույն տեղում, էջ 47):
ՀԽՍՀ ՆԳԺԿ 1938 թվականի մարտի 16-ի որոշմամբ կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի եղբայրը՝ Լևոն Մուրադբեկյանը, դատապարտվեց գնդակահարության: Արմենակ Մանուկյանն իր գրքում գրում է նաև կաթողիկոսի մյուս եղբոր՝ Սերգեյ Մուրադբեկյանի մասին.
«Տարածված է այն մտայնությունը, թե ձերբակալվել և գնդակահարվել է նաև Խորեն Առաջինի մյուս եղբայրը՝ Մարգարայի մաքսատան աշխատակից Սերգեյ Մուրադբեկյանը, սակայն դա հաստատող տվյալներ արխիվում նույնպես չեն գտնվել»: (Նույն տեղում, էջ 45):
Ինչպես կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի սպանությունը կեղծվեց՝ ներկայացվելով իբրև սրտի կաթված, այնպես էլ կեղծվեց Լևոն Մուրադբեկյանի մահը.
«Հանրապետության Հայկ. ԽՍՀ ՆԽ-ին կից ԶԱԳՍ-ի բյուրոյում գրանցել Լևոն Հովհաննեսի Մուրադբեկյանի մահը, որպես 1939 թ. Սեպտեմբերի 11-ին կալանավայրում գլխուղեղի ուռուցքից մահացած»: (Նույն տեղում, էջ 49):

Կեղծված փաստերն ու իրողությունները թույլ են տալիս պնդելու, որ կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի եղբայր Սերգեյ Մուրադբեկյանի գնդակահարությունը ևս փաստ է, թեև արխիվում չեն հայտնաբերվել թղթեր այդ ամենի մասին:
Խորեն Ա Մուրադբեկյանի սպանությունն ու նրա եղբայրների նկատմամբ իրականացված հաշվեհարդարը ոչ միայն մեկ հոգևորականի ճակատագրի ողբերգություն էին, այլ խորհրդային բռնապետական համակարգի՝ Հայ Առաքելական եկեղեցուն լռեցնելու և ենթարկեցնելու ծրագրի խորհրդանշական դրսևորում: Սպանությունը, կեղծված զեկուցագրերը, շինծու մեղադրանքները և փաստաթղթային մանիպուլյացիաները ցույց են տալիս, թե ինչպես էր պետությունը ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնում իր համար վտանգավոր անձանց, այլև հետմահու փորձում ջնջել ճշմարտության հետքերը:
Կաթողիկոսի սպանության պատմությունը միայն մեր անցյալի ողբերգական էջերից չէ: Այն նախազգուշացում է նաև ներկայի համար. Ժամանակները փոխվել են, սակայն թշնամիների գործելաոճը մնացել է նույնը:
Զ. Շուշեցի
