Ի՞նչ ծրագրեր ունի «Իսլամական պետություն» խմբավորումը՝ Հայաստանի հետ կապված. Պարզաբանում է արաբագետը
«Իսլամական պետություն» կառույցն արդեն մեկ տարեկան է: Որոշ փորձագետների կարծիքով՝ նրանց աքսիոմատիկ ճշմարտություններից մեկն այն է, որ Հայաստանը թուրքալեզու իսլամի միասնականացման գլխավոր խոչընդոտներից մեկն է, և այն պետք է արմատախիլ արվի: Բայց արդյո՞ք այդքան հեշտ է ԻՊ զինյալների առաջխաղացումը դեպի Կովկաս, որքա՞ն է հավանականությունը, որ գոնե առաջիկա մի քանի տարում նրանք կկարողանան հասնել Հայաստան: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:
– Ինչպե՞ս և ի՞նչ ուղղությամբ է իրականացվում «Իսլամական պետություն» խմբավորման գործունեությունը, որքանո՞վ է հավանական նրա առաջխաղացումը դեպի հյուսիս:
– Ներկայում ու կարճաժամկետ հեռանկարում իսլամականների ուղղակի գործողությունները սահմանափակվելու են Իրաքի և Սիրիայի տարածքներում, իսկ անուղղակիորեն՝ կառույցը կփորձի հնարավորինս ընդլայնել սեփական ցանցն այլ մահմեդական երկրներում: Անցյալ մեկ տարվա գործունեության ընթացքում ԻՊ-ը չի կարողացել դուրս գալ նշածս երկրների սահմաններից, մասնավորապես՝ շարժվել դեպի հյուսիս, որովհետև քրդերը կայուն պատնեշ են հանդիսացել իսլամականների առաջխաղացման համար. Իրաքից և Սիրիայից դեպի հյուսիս, ենթադրաբար՝ մեր տարածաշրջան բարձրանալու համար, նրանք պետք է հաղթահարեն նախ՝ այդ պատնեշը: Նրանց առաջխաղացմանը խանգարում են նաև թուրքական, ադրբեջանական, իրանական իշխանությունները: Այս փուլում ԻՊ-ն առավելապես որդեգրել է «մերձավոր թշնամու» դեմ պայքարը (մուսուլմանական պետությունների «անհավատ» վարչակարգեր, իրենց գաղափարները չկիսող այլ ծայրահեղական խմբավորումներ): Իսկ ոչ մահմեդական երկրների դեմ ուղղակի պայքարը դեռևս զուտ քարոզչական, հոգեբանական հարթության մեջ է:
– Ադրբեջանում մեծ թիվ են կազմում ծայրահեղական գաղափարներ կրող մարդիկ: Արդյո՞ք մոտ ապագայում դրանց թիվն ավելի չի մեծանա, ու Ադրբեջանն ԻՊ-ի համար գործունեության վայր չի՞ դառնա:
– Ադրբեջանում առկա են ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեբանական լուրջ հիմքեր, որոնք նպաստում են իսլամական ծայրահեղ արմատական միտումների աճին, բայց ինքնակազմակերպման և ուղղակի գործողությունների համար արդեն պոտենցիալ ծայրահեղականների համար համապատասխան միջավայր է անհրաժեշտ, առաջին հերթին՝ քաոսային իրավիճակ Ադրբեջանում: Եթե որևէ պատճառով այնտեղ սրվի ներքաղաքական իրավիճակը, ապա, կասկածից վեր է՝ իսլամականները գլուխ կբարձրացնեն, և հաստատ ինչ-որ գործընթացներ կսկսվեն: Բայց նման իրադրություն ներկայում չկա Ադրբեջանում: Ցանկացած երկրում ուղղակիորեն գործելու համար «Իսլամական պետության» համար կարևոր պայման է թույլ իշխանությունների պարագան, երկրում որոշակի անկայունության, քաոսային իրավիճակի առկայությունը:
– Իսկ Թուրքիայի պարագայո՞ւմ:
– Թուրքիան սահմանակից է «Իսլամական պետության» ուղղակի գործունեության արեալին՝ Իրաքին ու Սիրիային: Այսինքն՝ սահմանակից է ռազմական գործողությունների թատերաբեմին, Թուրքիայի սահմանը տարանցիկ գոտի է ԻՊ-ի զինյալների համար: Այսինքն՝ բացի այն, որ Թուրքիայի ներսում ևս քիչ չի իսլամական ծայրահեղ գաղափարներ կրողների թիվը, աշխարհի մոտ 100 երկրներից մարդիկ գալիս են Թուրքիա, այնտեղից անցնում՝ Սիրիա, ապա՝ Իրաք: Նույն ճանապարհով էլ սովորաբար նրանք վերադառնում են: Եվ թեպետ բոլոր հիմնական ուղիները, որոնցով անցնում են իսլամականները, հիմնականում թուրքական հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո են, բայց չի բացառվում, որ Ադրբեջանի օրինակով նշածս իրավիճակների առկայության պարագայում այդ համակարգն էլ փլուզվի: Այս պարագայում, ակնհայտ է, որ Թուրքիան ավելի թիրախային վիճակում է գտնվում:
– Այսինքն՝ «Իսլամական պետության» առաջխաղացումը դեպի Կովկաս այդքա՞ն էլ ռեալ չէ:
– Ուղղակի առաջխաղացումը դեպի Կովկաս ռեալ չէ: Բայց կա մեկ այլ գործոն, որի մասին արդեն նշեցի. նրանք ստեղծում են ցանց: Այսօր ԻՊ-ը ճյուղավորումներ ունի աշխարհի երեք տասնյակից ավելի երկրներում, այսինքն՝ այդ երկրներում գործող որոշ իսլամական ծայրահեղ արմատական կառույցներ իրենց հավատարմության երդումն են տվել ԻՊ-ի «խալիֆ» Աբու Բաքր ալ Բաղդադիին, ով հիմնականում ընդունել է դրանք: Կառույցի ամենավերջին ճյուղավորումը ստեղծվել է Ռուսաստանի տարածքում, Հյուսիսային Կովկասում՝ Կովկասի վիլայեթը, ինչի մասին հայտարարել էր ԻՊ-ի քարոզչական պատասխանատու Աբու Մուհամմադ ալ Ադնանին հունիսի 23-ին տարածված աուդիոուղերձում: Բայց որքան արդյունավետ կգործի այդ ճյուղավորումը, դժվար է ասել:
Իմ կարծիքով՝ այդ ճյուղավորման ստեղծումն առավելապես քարոզչական նշանակություն ունի, ինչը կրկնակի նպատակ է հետապնդում: Նախ՝ մահմեդական աշխարհին ցույց տալ, որ կառույցը շարունակում է ընդլայնվել՝ հասնելով այնպիսի ազդեցիկ պետության տարածք, ինչպիսին Ռուսաստանն է, ապա նաև՝ նույն Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդների համար՝ ցույց տալով նրանց, որ կառույցի գոյությունը, այնուամենայնիվ, ձեռնտու է նաև Արևմուտքին: Այսուհանդերձ, ես Կովկասում ԻՊ-ի ակտիվ գործողություններ չեմ կանխատեսում, գոնե այնպիսիք, ինչպիսիք իրականացնում են, ասենք, Եգիպտոսում գործող «Անսար Բեյթ ալ Մակդիս» («Իսլամական պետության» ճյուղավորումը Եգիպտոսում, որը հայտնի է նաև «Սինայի վիլայեթ» անվանումով) խմբավորումը, որն օրերս լուրջ ահաբեկչական հարձակումներ է իրականացրել Սինայի թերակղզում, կամ՝ Նիգերիայում գործող «Բոկո Հարամը», Լիբիայում, Եմենում գործող ճյուղավորումները, և այլն:
Ինչ վերաբերում է Կովկասում ԻՊ-ի հնարավոր գործունեության հեռանկարին, ապա այն հազիվ թե դուրս գա քարոզչական, հավաքագրման գործընթացի առավել ակտիվացման շրջանակից: Իսկ ինչ վերաբերում է «ջիհադական պայքարին», ապա այս դեպքում առավելագույնը, ինչ կարող է իրականացնել կառույցը, լոկալ ահաբեկչական հարձակումների գործելաոճին դիմելն է: Մյուս կողմից՝ չի կարելի հաշվի չառնել այն իրողությունը, որ Ռուսաստանի անվտանգության ծառայությունները բավականաչափ աչալուրջ են գործում այդ շրջանում:
– Տարբեր տվյալներ կան ԻՊ շարքերում ներգրավված զինյալների քանակի մասին: Այդ շարքերում նույնիսկ կանայք կան (սեքս ջիհադիներ): Մոտավորապես քանի՞ մարդ կա ԻՊ-ի կազմում, և ո՞ր աղբյուրի ներկայացրած թիվն է ավելի արժանահավատ:
– Ինչ խոսք, շրջանառվող տվյալները, իրոք, շատ տարբեր են: Օրինակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մայիսի վերջին հայտարարեց 25.000 թվի մասին, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով՝ 30.000, Իրաքի իշխանություններն ընդհանրապես ուռճացված թիվ են նշում՝ մոտ 200.000, ռուսական իշխանությունները հայտարարում են մինչև 50.000 թվաքանակի մասին, և այլն: Նման պարագայում՝ բավականաչափ բարդ է հավաստի թիվ նշելը: Ամենաարժանահավատը, թերևս, 30.000-ի շրջանակն է:
– Ի վերջո, ի՞նչ ծրագրեր ունի «Իսլամական պետություն» խմբավորումը՝ Հայաստանի հետ կապված: Որոշ փորձագետներ ասում են՝ «Իսլամական պետության» աքսիոմատիկ ճշմարտություններից մեկն այն է, որ Հայաստանը թուրքալեզու իսլամի միասնականացման գլխավոր խոչընդոտներից մեկն է, և այն պետք է արմատախիլ արվի:
– Որպես գաղափար, որպես հայեցակարգ, անշուշտ, կա նման տեսակետ, բայց այսօր դրա առարկայացման հնարավորության միտումներ չկան: Դրա համար նախ և առաջ պետք է փաստել այն իրողությունը, որ ԻՊ-ն իր բնույթով վերազգային կառույց է, ու այս պարագայում նրա գործունեության առանցքում գերակա է կրոնական գործոնը: Եվ, իհարկե, ինչպես արդեն նշեցի, որպեսզի կառույցը հասնի Հայաստան, այն պետք է այնքան հզորանա, որ տապալի Հայաստանի հարևան՝ նշածս մահմեդական երկրների վարչակարգերը, ինչի հնարավորությունը ժամանակակից աշխարհում ավելի շատ ֆանտաստիկայի ժանրից է: Եվ, բացի այդ, նույն գաղափարական տեսանկյունից ցանկացած իսլամական ծայրահեղ արմատական շարժման ամենահանգուցային թիրախներից մեկն Իսրայելն է, որի սահմաններին բավականաչափ մոտ է գտնվում այսօր ԻՊ-ը: Հետևաբար, ահա ևս մեկ օբյեկտիվ և լրջագույն խոչընդոտ՝ կառույցի հետագա ընդարձակման համար: