Բաժիններ՝

Փողի խնդիր

Ինչո՞ւ չի նվազում դրամի փոխարժեքը։ Տարօրինակ հարց է թվում, որին ոմանք կարող են պատասխանել` իսկ դուք ուզում եք, որ թուլանա՞։ Սակայն այն, ինչ մենք ենք ուզում, տվյալ դեպքում երկրորդական է։ Իսկ հարցը պատահական չէ, որովհետև փոխարժեքի վրա ազդող բոլոր գործոնները ցույց են տալիս, որ դրամը պետք է արժեզրկվեր այլ արժույթների նկատմամբ։ Ոչ թե կտրուկ, այլ չափավոր տեմպով։

Նախ` արտահանումն այս տարվա հունվար-ապրիլին կրճատվել է 15.2%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) և կազմել 488.7 մլն դոլար։ Այսինքն` արտաքին առևտրի միջոցով երկիր մտնող արտարժույթի ծավալը նվազել է։ Այս փաստարկն իրականում փոքր-ինչ թույլ է, որովհետև մեզ կարող են հակադարձել, որ ներմուծման անկումն ավելի մեծ է եղել` 38%։ Այսինքն` մի կողմից, արտահանման դիմաց ավելի քիչ դոլար ու եվրո ենք ստացել, սակայն մյուս կողմից` ավելի քիչ ենք վճարել ներմուծման դիմաց։ Այդ իսկ պատճառով, այս փաստարկից անցնենք, առավելևս, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ շարունակում է նշել, որ արտաքին առևտրի տվյալներն ամբողջական չեն և ենթակա են ճշգրտման։

Սակայն մյուս գործոնի պարագայում տարընթերցումների տեղ չկա։ Խոսքը վերաբերում է տրանսֆերտներին։ ՀՀ Կենտրոնական բանկի ամենաթարմ տվյալներով` այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան կատարված փոխանցումների ծավալը կազմել է 387.5 մլն ԱՄՆ դոլար։ Նախորդ տարվա հունվար-ապրիլին փոխանցումների ծավալը 588 մլն դոլար էր։ Այսինքն` հունվար-ապրիլի կտրվածքով ունենք տրանսֆերտների նվազում` 200.5 մլն դոլարի կամ 34%-ի չափով։ Սա պետք է որ ազդեր փոխարժեքի վրա և թուլացներ դրամը։

Հաջորդը` օտարերկրյա ներդրումներն են։ Ինչպես արդեն գրել ենք, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2015թ. հունվար-մարտին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 35 մլրդ 292.4 մլն դրամ։ Նախորդ տարվա հունվար-մարտին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել էր 69.6 մլրդ դրամ։ Իսկ դա նշանակում է, որ ՕՈՒՆ-ները կրճատվել են 34.3 մլրդ դրամով կամ 49.3%-ով։ Այսինքն` օտարերկրյա ուղղակի ներդրումները կիսով չափ կրճատվել են, ինչը նույնպես լրացուցիչ ճնշում է փոխարժեքի վրա։

Կարդացեք նաև

Իսկ միգուցե զբոսաշրջիկների հո՞սքն է ավելացել` իր հետ բերելով արտարժույթի լրացուցիչ ծավալ։ Սակայն պաշտոնական վիճակագրությունն այլ բանի մասին է վկայում։ 2015թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 1 232 583 զբոսաշրջիկ, ինչը 2014թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ցածր է 4.0%-ով։

Այս ամենը նշանակում է, որ դրամը պետք է արժեզրկվեր։ Սակայն այս տարվա ընթացքում տեղի է ունեցել հակառակը։ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հունվարին 476.5 դրամ էր, այսօր` 473 դրամ։ Ինչպես պնդում են ոլորտի փորձագետները, սա կարող է երկու բացատրություն ունենալ։

Առաջինը` միջազգային վարկերի ներհոսքն է։ Կառավարությունն այս տարվա սկզբից ակտիվորեն զբաղված է տարբեր միջազգային կառույցներից վարկեր ներգրավելու գործով։ Հենց երեկ էլ ԱԺ-ում ընթանում էին վարկային համաձայնագրերի քննարկումներ։ Թե ընթացիկ տարում Հայաստանը որքան վարկ է ներգրավել և որ կառույցներից, առանձին կանդրադառնանք առաջիկա համարներում։ Սակայն, որ կառավարությունը` որպես տնտեսությունը փրկելու միջոցներից մեկը` դիտարկում է պարտքի մեծացումը, երևում է հենց իրենց իսկ նախաձեռնություններից։ Օրինակ` օրեր առաջ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր կառավարության նախաձեռնած փոփոխությունը` «Պետական պարտքի» մասին օրենքում։ Դրանով պետական պարտքի թույլատրեմի շեմից (ՀՆԱ-ի 60%-ը) դուրս էր բերվում ԿԲ-ի պարտքը։ Ու թեպետ նախաձեռնության հեղինակները պնդում էին, որ օրենքի փոփոխությունը զուտ տեխնիկական պատճառ ունի` պարզեցնել հաշվարկման գործը, ակնհայտ է, որ այս փոփոխությունը մեծացնում է ՀՀ կառավարության` պարտքեր ներգրավելու հնարավորությունը։

Դրամի «հզորության» երկրորդ պատճառը դրամի դեֆիցիտն է։ Այն սկիզբ է առել դեռ անցած տարվա դեկտեմբերից, երբ դրամի խուճապային արժեզրկմանը դիմակայելու համար ՀՀ Կենտրոնական բանկը բարձրացրեց արտարժութային վարկերի պարտադիր պահուստավորման նորմատիվը։ Այսինքն` ստիպեց ՀՀ բանկերին դրամ կուտակել, քանի որ բանկերն իրենց կողմից ներգրավված արտարժութային ավանդների 20%-ը պետք է փոխարկեն դրամի և պահուստավորեն ԿԲ-ում։ Այս պահանջը, որը մինչ օրս ուժի մեջ է, տնտեսությունից «քաշեց» դրամը։ Արդյունքում` դրամի արժեզրկման գործընթացը կանգ առավ։ Սակայն այս քայլը մյուս կողմից` սահմանափակեց ՀՀ բանկերի կողմից դրամով վարկավորում իրականացնելու հնարավորությունները։ Վարկավորման մեջ առանց այն էլ զգուշավոր մեր բանկային համակարգն ավելի ժլատ դարձավ ՀՀ դրամով վարկավորման հարցում։

Իսկ դա պետք է որ բացասաբար ազդեր տնտեսական ակտիվության վրա։ Սակայն, արի ու տես, որ այստեղ էլ տնտեսական օրենքները չեն գործում։ Ի հեճուկս բոլոր գլոբալ և տարածաշրջանային զարգացումների և հոռետեսական կանխատեսումների` ՀՀ տնտեսությունն ակտիվանում է։ Պաշտոնական վիճակագրությունն է այդ մասին փաստում։ Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2015թ. հունվար-մայիս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը, որի համաձայն` ՀՀ տնտեսությունը նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ ակտիվացել է 2.7%-ով (տե՛ս գծապատկերը)։ Ընդ որում, որքան շատ են միջազգային ու տեղական փորձագետները կասկածներ հայտնում մեր տնտեսության վերաբերյալ, այնքան տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպն արագանում է։

TAC-2015

Ասենք, 2015թ. հունվարին` 2014-ի հունվարի համեմատ, ՏԱՑ-ը 1.3% էր։ Հունվար-փետրվարին և հունվար-մարտին` բարձրացավ մինչև 2.5%։ Հունվար-ապրիլին և հունվար-մայիսին ՏԱՑ-ն արդեն 2.7% է։ Եթե այս տեմպերով շարունակվի, ապա տարեվերջին Հովիկ Աբրահամյանի կառավարությանը կհաջողվի ապահովել բյուջեով նախատեսված 4.1% տնտեսական աճի ցուցանիշը։

Ոչինչ, որ ՏՏ ոլորտն ու արդյունաբերությունը գերակա ճյուղ հռչակած մեր երկրի տնտեսական աճն ապահովվում է գյուղատնտեսության շնորհիվ (այս տարվա հունվար-մայիսին գյուղոլորտը գրանցել է ամենաբարձր աճը` 6%)։ Ու նաև ոչինչ, որ տնտեսության ակտիվության աճի ֆոնին շարունակում է նվազել ներքին առևտրաշրջանառությունը (այս տարվա հունվար-ապրիլին այն նվազել է 8.6%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։

Ու վերջապես, ոչինչ, որ հասարակ բնակիչը ոչ մի կերպ իր կենսակերպի վրա չի զգում տնտեսության «ակտիվության աճը»։ Կարևորը` աճ լինի ու գրանցվի համապատասխան թղթերում։ Տարիներ հետո, երբ մեր թոռներն ուսումնասիրեն ՀՀ տնտեսությանը վերաբերող արխիվները` բնակչի զգացողությունների մասին ոչինչ չեն կարդալու։ Փոխարենը` պաշտոնական վիճակագրությունից տեղեկանալու են, որ այսինչ կառավարության օրոք, միջազգային խժդժությունների ու ճգնաժամերի ժամանակահատվածում, Հայաստանի տնտեսությունը հերոսաբար ակտիվացել է։ Ի հեճուկս բոլորի։ ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս