«Դոնբասում զենք չի լինի, երբ սկսվի քաղաքական գործընթացը». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հայտարարությանը, թե Ռուսաստանը զինում է ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետությունների կողմնակիցներին, հայտարարել է, թե Ուկրաինայի հարավ-արևելքում զենք չի լինի, հենց սկսվի այդ կոնֆլիկտի քաղաքական կարգավորումը:
Երկխոսությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի ժամանակ, հայտնում է BBC-ն:
Ռուսաստանի նախագահը կոչ է արել Արևմուտքի երկրներին ազդել Կիևի վրա՝ լուծելու Դոնբասում ստեղծված իրավիճակը:
«Ցանկանում եմ հրավիրել մեր գործընկերների ուշադրությունը, մենք չենք կարող դա անել միակողմանի կարգով: Մենք մշտապես, ամեն օր լսում ենք նույն բանը, մանտրայի պես կրկնում են նույն բանը, որ Ռուսաստանը պետք է ազդի Ուկրաինայի հարավ-արևելքի վրա: Մենք ազդում ենք, սակայն այդ խնդիրը միայն մեր օգնությամբ լուծել հնարավոր չէ: Հարկավոր է ազդել Կիևի այսօրվա պաշտոնական իշխանությունների վրա, իսկ դա մենք անել չենք կարող: Դա այն ճանապարհն է, որով պետք է գնան մեր արևմտյան գործընկերները՝ եվրոպացիներն ու ամերիկացիները»,-ասել է Պուտինը: