Ինչպես է խաղը տարել Ռուսաստանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակ
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/Erdogan-putin.jpg)
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կարծում է՝ Եվրոպան Բաքվում տեղի ունեցող օլիմպիական խաղերին առաջին դեմքերի մակարդակով հանդիպման չմասնակցեց շատ պարզ պատճառով, քանի որ Եվրոպան իր քաղաքական, քաղաքակրթական սահմաններն ընդլայնում է որոշակի սկզբունքների հիման վրա, որոնց չի համապատասխանում Բաքուն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Մանասյանը նշեց, որ իր համար անակնկալ չէր, որ Ռուսաստանի նախագահը գնաց Բաքու, որովհետև Ադրբեջան-Ռուսաստան, Այսրկովկաս-Ռուսաստան հարաբերություններում այսօր այնպիսի իրավիճակ է, որ Ռուաստանը չի ցանկանում վերջնականապես կորցնել Ադրբեջանին:
«Երկրորդ՝ կան Թուրքիայի հետ հարաբերություններ, և երրորդ՝ կա տնտեսական իրավիճակ, որի մեջ հայտնվել է Ռուսաստանը պատժամիջոցների պատճառով: Եվ ես կարծում եմ, որ այն թվերը, որ Պուտինը բերել է Բաքվում, ինքն առանց ենթատեքստի բանաձևել է այն շարժառիթը, որով այսօր հետաքրքրված է Ռուսաստանը: Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցների պատճառով գտնվում է ոչ բարենպաստ պայմաններում և այսօր երկրներ է փնտրում, որոնք կարող են մատակարար լինել առաջին հերթին գյուղատնտեսական ապրանքներով՝ դրանց մեջ Թուրիքան է, և ավելի քան վստահ եմ, որ Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ այդ հարցը շոշափվել է, և Պուտինը գոհ է, որ Ադրբեջանը և Թուրքիան այս պահին կարող են իրենց գյուղատնտեսական մթերքների արտահաման ծավալները մեծացնել դեպի Ռուսաստան, ինչը լրիվ ձեռնտու է Ռուսաստանին»,- նշեց քաղաքագետը:
Ըստ քաղաքագետի՝ երկրորդ հարցը, որի մասին այնտեղ խոսել են՝ էներգակիրների խնդիրն է: Քաղաքագետը չի կասկածում, որ Ռուսաստանը խաղը տարել է այնպես, որպեսզի Թուրիքան վերջնականապես համոզված չլինի, որ դա կստացվի. «Ինքը դեռ պետք է պոկի Թուրքիայից բաներ, որպեսզի այդ գազն այնտեղ գնա: Վստահ եմ, որ Ղարաբաղյան թեման եթե Էրդողանը և Ալիևը այս կամ այն կերպ շոշափած լինեն, Պուտինը պետք է լղոզված, շրջանցող հայտարարություններով, բացատրություններով նրանց առաջ անցներ, որովհետև այս պահին լուրեր են պտտվում, թե այնտեղ կարող են ռուսական զորքեր հայտնվել: Հնարավոր չէ դա այս պահին, ուժերի հարաբերակցության այս իրավիճակում անհնար է, որպեսզի Ռուսաստանը մի նոր գլխացավանքի աղբյուր ձեռք բերի»: