Մինչև օգոստոս ամիսը հանրապետությունում կարկտահարության հավանականությունը մեծ է

ՀՀ գյուղատնտեության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կառավարության նիստից առաջ անդրադարձավ մայիսի 15-ին, 22-ին, 23-ին, 24-ին և 28-ին տեղացած կարկուտի հետևանքով Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Արագածոտնի և Շիրակի մարզերում վնասների չափերին: Սերգո Կարապետյանն ասաց, որ ապրլից մինչև օգոստոս ամիսներին մեծ է հանրապետությունում կարկտահարության հավանականությունը՝ կապված բնակլիմայական պայմանների և աշխարհագրական դիրքի հետ:

«Ինտենսիվ կարկտահարությունները սկսվում են ապրիլի առաջին կեսից հետո մինչև հուլիս ամսվա վերջը, և այս պայմաններում մենք ամեն տարի ունենում ենք որոշակի վնասներ: Այս տարի հիմնականում վնասվել են բազմամյա տնկարանները, մոտավորապես 1400 հա-ի կարգի, այսինքն՝ մարզերում, պտղատու ծառատեսակները, դրանք հիմնականում ծիրանենին է և խաղողի այգիները՝ մոտավորապես 350-400 հա-ի սահմաններում»,- ասաց Սերգո Կարապետյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր մարզում ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնցում ընդգրկված են մասնագետներ տարբեր կառույցներից, և ճշտվում են տվյալները:

Նա նշեց, որ ամեն տարի ավելացվում են հակակարկտային կայանների տեղադրման ծավալները. անցյալ տարի լրացուցիչ տեղադրվել է 80-ը: «Ես ուղղակի ուզում եմ նշել, որ հակակարկտային կայանների արդյունավետությունը պաշտպանության առումով կազմում է մոտավորապես 60-70-75 տոկոս: Ամբողջ աշխարհում հիմա, Եվրոպայում նույնպես, մենք ուսումնասիրել ենք բոլոր երկրների փորձը, հակակարկտային կայաններն այլևս չեն օգտագործվում, հիմնականում օգտագործվում են ցանցային եղանակով կարկտահարությունից պաշտպանության միջոցներ:

Պարո´ն վարչապետ, մեր երկրում արդեն այդ գործընթացը սկսված է: Մի քանի տարածքներում, հատկապես Արարատյան դաշտավայրի ինտենսիվ այգիներում, որտեղ պտղաբուծությունն է զարգացած, խաղողի այգիներում և պտղատու այգիներում, կան մի քանի հա-ի վրա այդ եղանակով պաշտպանության տեխնոլոգիաներ»,- ասաց Սերգո Կարապետյանը՝ նշելով, որ դրանց արդյունավետությունը գնահատվում է 100 տոկոս:

«Այնպես որ այդ նոր տեխնոլոգիաների ներդրումը մեր երկրում առաջնահերթ խնդիր է, և այդ ուղղությամբ արդեն լուրջ աշխատանքներ են տարվում»,- հավելեց նա:

Սերգո Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ այս տարվա վերջում կամ հաջորդ տարվա սկզբին հանրապետությունում կունենանք այդպիսի ցանցերի արտադրություն:

 

Տեսանյութեր

Լրահոս