Ռիգայում Ղարաբաղին առնչվող ձևակերպումների բարձրացրած սկանդալը լուծել է Դոնալդ Տուսկը` զանգահարելով Իլհամ Ալիևին

«Ադրբեջանն ու Բելառուսը միացել են ԱլԳ Ռիգայի գագաթնաժողովի ամփոփիչ ընդհանուր հռչակագրին»,- այս մասին այսօր «Արևելյան գործընկերություն» ծրագրի Ռիգայում ընթացող չորրորդ գագաթնաժողովի հռչակագրի տեքստի համաձայնեցումից հետո, պատասխանելով «Wall street journal»-ի լրագրողի հարցին ասաց Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվում էր ստորագրել Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի հայտարարությունը, որի հետևանքով համաժողովի աշխատանքները դադարեցվել էին և եվրոպացի դիվանագետները փորձել էին քննարկման վերադարձնել նիստերի դատլիճից հեռացած Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովին։

Սակայն խնդիրը կարգավորվել է, երբ Դոնալդ Տուսկը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նմանատիպ խնդիր է առաջացել նաև հռչակագրում Ղրիմի բռնակցման մասին ձևակերպումներ մտցնելիս, որին դեմ է եղել հատկապես Բելառուսը:

Դոնալդ Տուսկն ասաց, որ Ադրբեջանի և Բելառուսի դիրքորոշումներն օրինակ են, թե ինչ տարբերակված ձևաչափեր պետք է ունենան ԵՄ-ի  հարաբերություններն իր գործընկերների հետ:  Նրա պարզաբանմամբ, Ադրբեջանի հետ խնդիր առաջացավ, քանի որ քննարկումների թեման հենց այդ  առանձհատուկ մոտեցումն էր: «Մեզ` ԵՄ-ին և ԱլԳ-ին, նոր գործիքներ են անհրաժեշտ: Դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկման առաջին թեման էր:

Դա տեղի ունեցավ մեր նիստից հետո: Մենք չքննարկեցինք հռչակագիրը, քանի որ ունենք ընդհանուր հռչակագիր, Բելառուսն ու Ադրբեջանն աջակցել են: Ադրբեջանի նախագահի հետ խոսել ենք միայն նոր մոտեցումների և գործիքների մասին, որոնք արտացոլելու են այդ տարբերակվածությունը: Ադրբեջանը ցանկանում է  շարունակել իր հարաբերությունները Եվրոպական միության հետ, Ադրբեջանի նախագահը հասկացնել տվեց դա հստակ: Ադրբեջանցի պահանջվում է ԵՄ-ի հետ լավ հարաբերություններ, կասկածներ չունեմ այս հարցում, ինչ վերաբերում է էմոցիաներին, դա բնական է, իրավիճակը մեր շուրջ պարզ չէ:

Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո շատ փոփոխություններ են տեղի ունեցել, այնինչ մեր մտադրությունները չեն փոխվել, այս գագաթնաժողովի արդյունքներից գոհ եմ` չնայած դժվարություններին: Ամենակարևորը շարունակականությունն է»,- պարզաբանեց Դոնալդ Տուսկը:

Տեսանյութեր

Լրահոս