Ռիգայի գագաթաժողովում կարող է նոր պայմանագիր մշակվել ԵՄ-ի ու Հայաստանի միջև. Յուրիս Պոյկանս
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ը Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ Վրաստանին, Ուկրաինային ու Մոլդովային աջակցություն կհայտնի Ասոցացման համաձայնագրերի իրագործման հարցում:
Այս մասին երեկ հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լատվիայի ԱԳՆ-ի` «Արևելյան գործընկերության» հարցերով հատուկ դեսպան Յուրիս Պոյկանսը. «Մենք ունենք 3 Ասոցացման համաձայնագիր` Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի հետ:
Ոչ վիզային ռեժիմին կտրուկ գնում են Վրաստանն ու Ուկրաիան: Ամենակարևոր ցուցիչներից մեկը, որոնք նրանք կստանան Ռիգայի գագաթաժողովում, լինելու է ԵՄ-ի կողմից այդ պայմանագրերի իրագործման հարցում աջակցություն ցուցաբերելը:
Միաժամանակ հատուկ առաջարկ է արվելու Հայաստանին, Ադրբեջանին ու Բելառուսին: Մենք ցանկանում ենք բոլոր երկրների հետ հարաբերություններ կառուցել հավասարության սկզբունքներով: Գագաթաժողովի ժամանակ կարող է նոր պայմանագիր մշակվել ԵՄ-ի ու Հայաստանի միջև»:
Պոյկանսը հայտարարել է, որ իրենք հետագա համագործակցության մասին դեռ առաջարկներ են ակնկալում Ադրբեջանից: Նա հավելել է, որ Բելառուսի հետ հարաբերություններում ձեռք է բերվել որոշակի առաջընթաց.
«Գագաթաժողովի ժամանակ մենք կարող են նախաստորագրել ԵՄ-ի ու Բելառուսի միջև վիզային ռեժիմի մեղմացման մասին պայմանագիր: Դա նշանակում է, որ Բելառուսի քաղաքացիների համար շենգենյան վիզան կարժենա ոչ թե 60, այլ` 35 եվրո»:
Պոյկանսն ընդգծել է, որ Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» առաջիկա գագաթաժողովը շատ կարևոր իրադարձություն է ինչպես ԵՄ-ի Խորհրդում նախագահող Լատվիայի, այնպես էլ` ընդհանրապես ողջ Եվրոպայի համար, քանի որ 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում տեղի ունեցած «Արևելյան գագաթաժողովի» անցկացումից հետո եվրոպական աշխարհամասում գրանցվել են էական փոփոխություններ:
Ռիգայի գագաթաժողովին մասնակցելու են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն ու ԵՄ-ի հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոաննես Հահնը: