21 տարի անց. Ինչո՞ւ չհաջողվեց ապահովել կայուն հրադադար

Մեր զրուցակիցն է 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ԼՂ-ի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

– Պարոն Կազիմիրով, այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև անժամկետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման 21-ամյակը։ Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում Դուք նախապատրաստեցիք համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, իսկ մայիսի 10-ին Երևանում` պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, մայիսի 11-ին էլ` ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը։ Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին։ Սակայն հակամարտող երկրների հասարակություններն այս տարիներն անցկացրին «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում։ Ինչպե՞ս եք գնահատում այդ համաձայնագրի ազդեցությունը, ի վերջո, ինչո՞ւ չհաջողվեց ձևավորել կայուն հրադադար։

– Համաձայնագրի ազդեցության մասին ավելի լավ կարող են խոսել հենց այն երիտասարդները, որոնք արդեն 20 տարուց ավելի մեծացել են ոչ ակտիվ ռազմական գործողությունների պայմաններում, քանի որ ԼՂ հակամարտության գոտում հրադադարի կնքումից առաջ առկա իրավիճակը շատ ավելի սարսափելի էր. մարդիկ, երիտասարդներն ընկնում էին պատերազմի դաշտում, վիրավորվում, խեղվում, այնինչ վերջին 20 տարիների ընթացքում հիմնականում երիտասարդությունը` և՛ հայաստանյան, և՛ ադրբեջանական, և՛ ղարաբաղյան, մեծանում է անհամեմատ խաղաղ պայմաններում։

Այո, իհարկե, ոչ բոլոր կողմերից և ոչ միշտ են պահպանվում այն պահանջները, որոնք ընդգրկված էին համաձայնագրում, այսինքն` համաձայնագիրը ենթադրում էր ամբողջական, մշտական, ամենօրյա հրադադար, ինչը չի պահպանվում։ Կարող եմ շատ պատճառների մասին խոսել, թե ինչու չհաջողվեց ամուր հրադադար ձևավորել։ Բայց կան երկու գլխավոր պատճառներ։ Առաջին պատճառը քաղաքական է` ինչ-որ մի կողմին պետք է այդ լարվածությունը շփման գծում։ Երկրորդ պատճառն այն է, որ կողմերից մեկը չի իրականացրել իր ստանձնած պարտավորություններն այն մասին, որ պետք է առաջնագծից հեռացվեն ծանր ուժերը։

Շատ լավ հետևում եք իրավիճակին Ուկրաինայում։ Այնտեղ ամենակարևոր հարցերից մեկը հետևյալն է` հրադադարի և համաձայնության ամրապնդման համար պետք է հեռացնեն զորքերը, ծանր սպառազինությունը շփման առաջնագծից։ Եթե դա հաջողվեր իրականացնել ԼՂ հակամարտության գոտում, ապա միջադեպերի բռնկումը կկրեր միայն էպիզոդիկ բնույթ։ Այսինքն` կլիներ հեռավորություն, որը թույլ չէր տա կրակ բացել հակառակորդի ուղղությամբ, դրա համար պարզապես հեռավորությունը շատ մեծ կլիներ։ Սա պարզապես մի պարզ առաջարկ է։

Հիշեցնեմ, որ 1994թ. փետրվարի 18-ին Մոսկվայում պաշտպանության նախարարների խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ ԼՂ ԶՈՒ պատասխանատուները, համաձայնություն ձեռք բերվեց և այդ խորհրդակցության արձանագրության մեջ ամրագրվեց, որ երբ հաջողվի հասնել հրադադարի ռեժիմի հաստատման, ապա հակամարտող կողմերը զինված ուժերը, ծանր սպառազինությունը ետ կտանեն շփման գծից։

Այսինքն` հենց այդ արձանագրության մեջ ամրագրված համաձայնությունը մնաց չիրականացված, խախտված։ Իմ համոզմամբ` սա է գլխավոր պատճառը, որ փոխհրաձգությունը շարունակվում է, զինծառայողների և խաղաղ բնակչության մահերն են շարունակվում շփման գծում։ Այբուբենային ճշմարտություն է սա։ Ծիծաղելի է հղում կատարել, թե ինչ-որ պատճառներ կային, որպեսզի չիրականացվեին այն պարտավորությունները, որոնք ստորագրել էին փետրվարի 18-ին խորհրդակցությանը ներկա բոլոր կողմերը։ Սա թեև տեղի ունեցավ մայիսի 12-ից երկու ամիս առաջ, մնաց այդպես էլ չիրականացված։

– Այսօր, երբ շարունակվում է Արևմուտք-Ռուսաստան առճակատումը, իսկ Մինսկի խումբը միջազգային ձևաչափ է և իր վրա կրում է առճակատման վնասները, ի՞նչ է կախված միջնորդ երկրներից, այսինքն` ի՞նչ խնդիր նրանք պետք է դնեն իրենց առջև, որը կարող է բեկում առաջացնել ԼՂ հակամարտության գոտում, կամ դա հնարավո՞ր է աշխարհաքաղաքական խնդիրների այս պայմաններում։

– Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է վերադառնալ փետրվարի տասնութի արձանագրությանը։ Այսինքն ` պետք է սկսել քննարկումներ ծանր սպառազինությունը շփման գծից հեռացնելու ուղղությամբ։ Ինձ թվում է, որ սա զգաստացնող գործոն կդառնար այն կողմերի համար, որոնք այն ժամանակ հրաժարվեցին հեռացնել սեփական ռազմական ուժերն առաջնագծից։ Սա կարող է բեկումնային լինել, քանի որ տեխնիկապես հնարավոր չէ նման հեռավորությունից ծանր տեխնիկա օգտագործել։

– Պարոն Կազիմիրով, հեռացած լինելով կարգավորման գործընթացից` Դուք շարունակում եք հանդիպումներ ունենալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Վստահ եմ նաև, որ տեղյակ եք` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս տարբեր առիթներով անդրադարձել է Ադրբեջանին զենք վաճառելու` Ռուսաստանի քաղաքականությանը, ասելով, որ հայկական կողմն անհանգստացած է, դա խնդիր է հայկական կողմի համար և պետք է լուծում ստանա։ Որոշ փորձագետների պնդմամբ էլ, սա ռուսական կողմի միտումնավոր քաղաքականությունն է` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի շարունակական լարվածությանը, թեև հրադադարը հենց Մոսկվայի հաջողությունն էր, ինչպես Դուք պնդել էիք Ձեր հարցազրույցներից մեկում։ Ի՞նչ եք կարծում հակամարտության կողմերին զենք վաճառելու ռուսական քաղաքականության մասին։

– Իմ կարծիքով` դա գոնե պետք է պայմանավորված լինի մի շարք պահանջներով։ Ես չգիտեմ` ինչպես է դա իրականում տեղի ունենում, ինչ պահանջներ են դրվում կամ չեն դրվում, բայց ինձ թվում է, որ այն զինամթերքը, որը վաճառվում է, չպետք է վաճառվի այդ հակամարտության գոտում կիրառվելու նպատակով։ Դրանք կարող են նախատեսված լինել ընդհանուր պաշտպանության համար։ Պաշտպանական սպառազինությունը մեկ բան է, իսկ հարձակողականը` այլ։ Այսինքն` այս հարցերում պետք է հստակություն մտցնել։ Ես ենթադրում եմ, որ վաճառքի հարցերի դիտարկման ժամանակ այս հարցերը ևս պետք է քննարկման առարկա դառնան։

– Այսինքն` ռուսական կողմը կարող է պահանջներ դնել ադրբեջանական կողմի առջև։

– Կարծում եմ` այո։ Սա իմ անձնական տպավորությունն է։ Ես պաշտոնական դեմք չեմ, ես իմ անձնական կարծիքն եմ Ձեզ ներկայացնում ու իմ համոզմամբ` սպառազինության վաճառքը հակամարտության երկու կողմերին, իսկ այդ կողմերը նույնիսկ երեքն են, պետք է պայմանավորել որոշ պահանջներով։

Տեսանյութեր

Լրահոս