Նախատատիկս՝ փաթաթված գորգի մեջ, կանգնած էր պատի տակ և լսում էր, թե ինչպես են սպանում իր ընտանիքին
Ստորև ներկայացնում ենք լրագրող, «Russia Today» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նախատատիկների պատմությունը, ովքեր փրկվել են Հայոց ցեղասպանությունից:
Ինձ համար հայերի ցեղասպանությունը շատ անձնական պատմություն է: Իմ երկու նախատատերը հրաշքով փրկվել են այդ դժբախտությունից, և եթե նրանք չլինեին, չէր լինի մեր ընտանիքը:
Առաջին նախատատիկիս անունը Նարտուի Նարցիսյան էր, ով ինձ խնամել է մինչև ութ տարեկան, ուստի ես նրա հետ շատ երկար ժամանակ եմ անցկացրել:
Նրա ողջ ընտանիքին ոչնչացրել են իր աչքերի առաջ. նրա ծնողներին, մեծ եղբայրներին և քույրերին գլխատել են: Կենդանի էին մնացել Նարտուին և նրա փոքր քույրը՝ Ալիսը, որի պատվին անվանակոչել են իմ փոքր քրոջը:
Նրանց երկուսին էլ վերցրել են թուրք ընտանիքներ. այդպես հաճախ էին վարվում գեղեցիկ աղջիկների հետ: Միգուցե՝ որպեսզի խառնեն թուրքական արյունը: Այնտեղ էլ նրանք մեծացել են, իսկ հետո նախատատին գտել են նրա բարեկամները և օգնել են փախչել Ղրիմ: Իհարկե, մարդկային անողոք պատմությունը հասել է նրան նաև այնտեղ: Քանի որ Ստալինի օրոք Ղրիմից աքսորում էին ոչ միայն թաթարներին, այլ նաև գերմանացիներին, հույներին և հայերին: Եվ Նարտուին հայտնվեց նրանց շարքերում, ում աքսորեցին:
Նա շատ ծանր ճակատագիր է ունեցել, մինչև կյանքի վերջ մնացել է անգրագետ, բայց և եղել է շատ իմաստուն: Երբեմն ասում էր այնպիսի արտահայտություններ, որ մեր ընտանիքն առ այսօր դրանք ցիտում է:
Իմ երկրորդ նախատատիկը ցեղասպանության ժամանակ եղել է հինգ տարեկան: Մինչ թուրքերի՝ տուն ներխուժելը, ծնողները նրան փաթաթել են գորգի մեջ և հենել պատին: Նա կանգնած էր պատի տակ և լսում էր, թե ինչպես են սպանում իր հարազատներին: Իսկ ընտանիքներն այն ժամանակ բազմանդամ էին, ուստի և նա շատ երկար այդպես կանգնած է մնացել: Նրան այդպես էլ չեն նկատել: Հետո, երբ բոլորը գնացել են, նա դեռ մի քանի օր շարունակ այդպես կանգնած է մնացել՝ փաթաթված գորգի մեջ: Երբ տուն են վերադարձել նրանք, ում հաջողվել էր ժամանակին փախչել, գտել և փրկել են աղջկան: Այդպես էլ պահպանվել է մեր տունը:
Հիմա որոշ երկրներ փորձում են պնդել, որ ցեղասպանություն չի եղել՝ բերելով տարբեր ապացույցներ: Բայց ինձ ոչ մի ապացույց պետք չէ. ինձ բավական է այն, ինչ եղել է իմ ընտանիքի և այն մարդկանց հետ, որոնց ես ճանաչել և հասկացել եմ:
Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը