ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը խոստովանել է, որ ինքն է սպանել Մերիլին Մոնրոյին. մամուլ
World News Daily Report պորտալի փոխանցմամբ՝ ԿՀՎ-ի 78-ամյա նախկին աշխատակից Նորման Հոջեսը, գտնվելով մահամերձ վիճակում, հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարության հրամանով սպանել է իշխանությունների ավելի քան 30 հանրահայտ հակառակորդների:
Վիրջինիա նահանգում հոսպիտալացված Հոջեսը խոստովանել է, որ ինքն է ԿՀՎ-ի հանձնարարականով սպանել հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյին և ևս 30 դերասանի, քաղաքական գործիչների, լրագրողների, գիտնականների ու հասարակական առաջնորդների, որոնք կարող էին սպառնալիք ներկայացնել երկրի անվտանգության համար:
ԿՀՎ-ի նախկին գործակալը հայտարարել է, որ չի ափսոսում Մերիլին Մոնրոյին սպանելու համար, քանի որ ունեցել է ապացույցներ, որ Մոնրոն սիրային կապի մեջ է եղել ոչ միայն ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու, այլև՝ Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ. «Նա կարող էր ռազմավարական կարևորության տեղեկատվություն փոխանցել կոմունիստներին, իսկ մենք չէինք կարող թույլ տալ նման բան»:
Հոջեսը վստահեցնում է, որ գլխավորել է այսպես կոչված «պրոֆեսիոնալների հնգյակը», որոնք արել են ամեն բան, որպեսզի իշխանությունների համար վտանգավոր մարդկանց մահվան դեպքերը թվան դժբախտ պատահարներ:
Հոջեսը խոստովանել է, որ Մերիլին Մոնրոն եղել է միակ կինը, որին նա սպանել է: Նա մանրամասնել է, որ 1962 թվականի օգոստոսի 5-ին ժամը 01.00-ի կողմերը մուտք է գործել աստղի սենյակ և մահացու նյութ է ներարկել նրան, ինչն էլ հանգեցրել է Մոնրոյի մահվանը:
Հայտնի է, որ Մերիլին Մոնրոյին մահացած վիճակում հայտնաբերվել է 1962 թվականի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը՝ հեռախոսը ձեռքին վիճակում, Լոս Անջելեսի Բրենթվուդ շրջանում գտնվող իր տանը: Նրա մահճակալի մոտ հայտնաբերվել է քնաբեր դեղորայք: Դերասանուհին մահվանից առաջ գրություն չի թողել:
Մոնրոյին Վեսթվուդի գերեզմանոցում հուղարկավորել են 1962 թվականի օգոստոսի 8-ին: Այն ժամանակ քննիչները հայտարարել էին, որ Մոնրոն, ըստ ամենայնի, ինքնասպանություն է գործել՝ վկայակոչելով քնաբերի չափաբաժնի չարաշահումը: Սակայն այն ժամանակ շատերը թերահավատորեն էին մոտեցել դրան՝ գտնելով, որ Մոնրոյին սպանել են: