ԱՄՆ-ի և Իրանի միջև ճգնաժամի կարգավորման մասին համաձայնությունն այս պահին ձեռք չի բերվել, կողմերը շարունակում են աշխատանքը. Կատարի ԱԳՆ
ԱՄՆ-ի և Իրանի միջև ճգնաժամի կարգավորման մասին համաձայնությունն այս պահին ձեռք չի բերվել, կողմերը շարունակում են աշխատանքը։ Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Տվյալ պահին մենք չենք կարող խոսել այն մասին, որ համաձայնությունը ձեռք է բերվել։ Մենք դեռ փորձում ենք հասնել դրան»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Դիվանագետն ընդգծել է, որ միջնորդները գործարքի կնքման համար որևէ ժամկետային շրջանակներ չեն սահմանում։
«Իրավիճակը կարող է փոխվել առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում», – հավելել է նա։
Պատասխանելով բանակցային գործընթացի վերսկսման պայմանների մասին հարցին՝ ալ-Անսարին նշել է ապաէսկալացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։
«Բանակցություններին վերադառնալու համար տեղում պետք է որոշակի բաներ տեղի ունենան։ Առաջինն ու ամենակարևորը հրադադարին վերադարձն է, նավերի վրա չհարձակվելու երաշխիքները և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը», – նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ նվազագույն պահանջը Հորմուզի նեղուցում նախկին կարգավիճակին (ստատուս քվոյին) վերադառնալն է՝ միջազգային իրավունքին համապատասխան և բոլոր ափամերձ պետությունների հետ համակարգմամբ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտնել էր, որ համաձայնել է չեղարկել Իրանին հասցվելիք նախատեսված հզոր հարվածը՝ Թեհրանի հետ գործարքի հասնելու համար։ Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են Վաշինգտոնին զերծ մնալ հարձակումից, քանի որ կողմերը համաձայնեցրել են ապագա համաձայնագրի ուրվագծերը։ Այն պետք է ներառի Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը և իրանական միջուկային սպառնալիքի վերացումը։
Իր հերթին, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղիղ բանակցությունների մասին Թրամփի խոսքերը կեղծ են։ Դիվանագետն ընդգծել է, որ Իրանը բանակցություններ է վարում միայն Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության ապահովման հարցով։ Ընդ որում, Axios պորտալի տեղեկություններով, կատարցի միջնորդները Դոհայում առանձին խորհրդակցություններ են անցկացրել Իրանի, ԱՄՆ-ի և Օմանի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում առաջընթաց է գրանցվել։

