Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունը

Թուրքական Anadolu լրատվական գործակալությա փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ կապված Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վատիկանում երեկ մատուցած պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի արած հայտարարության հետ:

Հայտարարությունում նշված է, որ Ֆրանցիսկոսը Հռոմի պապ դառնալուց սկսած՝ շարունակ պաշտպանել է աշխարհի տարբեր խմբերի միջև խաղաղության ու բարեկամության հաստատումը, մինչդեռ դրա հետ մեկտեղ «խտրական դիրքորոշում» է ցուցաբերում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրք և մուսուլման ժողովուրդների ապրած ցավերի նկատմամբ, «չնկատելու է տալիս» դրանք՝ հայտարարելով, որ միայն քրիստոնյաները և մասնավորապես հայերն են ցավեր վերապրել:

Թուրքիայի ԱԳՆ-ը Հռոմի պապին հիշեցրել է, որ միջազգային կարկառուն դատարանները ցեղասպանություն են ճանաչել Բոսնիայի ու Ռուանդայի դեպքերը և չնայած դրան՝ Հռոմի պապն այդ դեպքերի վերաբերյալ օգտագործել է «ջարդեր» բառը: Թուրքիայի ԱԳՆ-ը Հռոմի պապին հիշեցրել է նաև, որ միջազգային որևէ դատարան 1915 թվականների դեպքերը չի ճանաչել որպես ցեղասպանություն:

Թուրքիաի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Վատիկանի պատարագի ժամանակ Հռոմի պապի հնչեցրած խոսքերը «չեն համընկնում» 2014 թվականի նոյեմբերի 28-30-ին Թուրքիա կատարած այցի ժամանակ արած հայտարարությունից, երբ նա հայտարարել էր, որ ժողովուրդներին հաշտեցման ու նրանց օգնելու համար անհրաժեշտ է աղոթել:

Իր հայտարարությունում Թուրքիայի ԱԳՆ-ը հիշատակել է նաև 2014 թվականի ապրիլի 23-ին Էրդողանի հղած «ցավակցական ուղերձը»:

Տեսանյութեր

Լրահոս