Բաժիններ՝

Ռուսաստանի հաջորդ թիրախը. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականում հրապարակվել է «Ռուսաստանի հաջորդ թիրախը» խորագրով հոդվածը, որում նշված է. «Հինգշաբթի Ռուսաստանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Մոլդովայի հարևանությամբ (Ուկրաինայի ու Ռումինիայի միջև ընկած ոչ մեծ պետություն), որին Կրեմլը ձգտում է ահաբեկել:

Ռուսական լրատվական գործակալությունների տվյալներով` Մոլդովայի անջատողական տարածաշրջան հանդիսացող Մերձդնեստրի զորավարժություններին, որը բնակեցված է էթնիկ ռուսներով, մասնակցում է 400 ռուս զինծառայող: Նրանք իրականացրել են 100.000 կրակոց:

Բռնակցելով Ղրիմն ու ձեռք գցելով Ուկրաինայի արևելքի արևմտյան կոնցեսիոն ձեռնարկությունները` Վլադիմիր Պուտինի տեսադաշտում այժմ էլ հայտնվել է Բալթիկ և Սև ծովերի միջև ընկած տարածքները, որոնց Մոսկվան համարում է իր կայսրության օրինական տարածք:

Բացի այդ, Մոսկվան Մոլդովային հղում է նախազգուշական ազդանշաններ` պահանջելով, որ նա հրաժարվի Արևմուտքի հետ ինտեգրվելու պլաններից: Կարմիր Բանակի (տեքստում այդպես է նշված) վերջին զորավարժությունների անցկացման վայրի ընտրությունն ունի մեծ նշանակություն:

Մերձդնեստրը Դնեստր գետի արևելյան ափին ընկած նեղ տարածք է, որը հանդիսանում է Մոլդովայի ինքնիշխան տարածք, իր էթնիկ կազմով այն գերազանցապես ռուսական է: Մերձդնեստրն առանձնացել է այն բանից քիչ անց, ինչ 1990 թվականին Խորհրդային Միության փլուզման արդյունքում Մոլդովան հայտարարեց իր ինքնիշխանության մասին:

Մերձդնեստրում իշխող վարչակարգը չի ճանաչվել ՄԱԿ-ի անդամ որևէ երկրի կողմից: Երկու տարի անց Մոլդովան անհաջող փորձ է ձեռնարկել այդ տարածքն ուժով վերադարձնելու համար, պատերազմի ընթացքում զոհվել է 1500 մարդ: Դրանից հետո Մերձդնեստրում մշտական հենքով գտնվում է մոտ 1000 ռուս զինծառայող` չնայած նրան, որ Մոսկվան խոստացել է այդ կոնտինգենտը դուրս բերել 2002 թվականին:

Կոռումպացված քաղաքական գործիչների գերակայության ու խճճված խորհրդարանական կառուցվածքի հետ կապված խնդիրների պատճառով Մոլդովան նախկինի նման Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկն է: Եվ չնայած դրան` մոլդովացի ընտրողների մեծամասնությունը վերջին երեք ընտրական կամպանիաների արդյունքներով իր քվեն տվել է լիբերալ, արևմտամետ կառավարության օգտին:

Գործող վարչապետ Կիրիլի Գաբուրիչը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է փետրվարին, արևմտամետ գործարար է, ով ձգտում է ամրապնդել ԵՄ-ի հետ կապերը: Մոսկվան արդեն իսկ պատժել է Մոլդովային` Արևմուտքի հետ առավել սերտ կապեր հաստատելու ձգտման համար և 2013 թվականին արգելել է մոլդովական գինու, իսկ 2014 թվականին` պտուղների ներկրումը:

Եվ ամեն անգամ դա իրականացվել է հնարովի ձևով` կապված «սանիտարական նորմերի խախտման» հետ, և յուրաքանչյուր անգամ դա տեղի է ունեցել Մոլդովայի ու ԵՄ-ի առաջնորդների հանդիպման ու համաձայնագրերի ստորագրման նախօրեին:

Հինգշաբթի անցկացված զորավարժությունները որոշակի նպատակ են հետապնդում` ստեղծելով այնպիսի տպավորություն, որ Պուտինը կարող է ձեռնարկել նաև ավելի վճռական գործողություններ` իրեն ենթարկեցնելու համար այդ անհնազանդ երկիրը:

Ցանկալի կլիներ հուսալ, որ Արևմուտքն այդ գործողություններին կարձագանքի ավելի կոշտ ձևով` համեմատած նրա հետ, որ նա ցայժմ արձագանքել է Ուկրաինայի իրադարձություններին: Թեև մենք հույսեր չենք կապում դրա հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս