Բաժիններ՝

Բարաք Օբաման ու նրա կինը 2014 թվականի արդյունքներով վաստակել են ավելի քան 477.000 դոլար

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու նրա կին Միշելը նախորդ տարի վաստակել են 477.383 դոլար:

Այդ մասին է վկայել ԱՄՆ-ի առաջին ամուսնական զույգի հարկային հռչակագիրը, որը հրապարակել է Սպիտակ տան մամլո ծառայությունը: Զույգը 2014 թվականի արդյունքներով վճարել է 93.362 դոլարի հարկ:

Բարաքն ու Միշելը նախորդ տարի վաստակած գումարի մոտ 14.8 տոկոսը` 70.712 դոլար, նվիրաբերել են 33 տարբեր բարեգործական կազմակերպությունների:

Խոշորագույն նվիրատվությունը` 22.012 դոլար, բաժին է ընկել Fisher House հիմնադրամին, որը զբաղվում է ամերիկյան զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին մասնագիտացած բուժօգնություն ցուցաբերելու հարցերով:

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ու նրա կին Ջիլը 2014 թվականին ստացել են 388.844 դոլար: Նրանք վճարել են 90.506 դոլարի հարկ և բարեգործական նպատակներով զոհաբերել են ավելի քան 7300 դոլար:

2013 թվականին Բարաք և Միշել Օբամաները վաստակել են մոտ 480.000 դոլար, 2012 թվականին` ավելի քան 608.000 դոլար, 2011 թվականին` մոտ 790.000 դոլար, 2010 թվականին` մոտ 1.7 միլիոն դոլար, 2009 թվականին` 5.5 միլիոն դոլար, իսկ 2008 թվականին, երբ Օբաման առաջին անգամ հաղթանակ տարավ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում` 2.7 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս